Մատչելիության հղումներ

Պարետատունը չի բացառում խստացումները. քննարկվում է դրսում պարտադիր դիմակ կրելու հարցը


Երևան, 12-ը մայիսի, 2020թ.
Երևան, 12-ը մայիսի, 2020թ.

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը երեկ ավելացել է 146-ով, մինչ այսօր կորոնավիրուս է հաստատվել 3 հազար 538 անձանց մոտ։ Բուժվածների թիվն էլ ավելացել է 71-ով՝ հասնելով 1430-ի։

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ` երեկ մահվան ևս մեկ դեպք է գրանցվել.- «Պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»:

Մինչ այժմ կորոնավիրուսի հետևանքով մահացել է 47 մարդ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 հազար 42 անձ.- «Ընդհանուր առմամբ եթե ասեմ, կատարել ենք 33 հազար 313 թեստավորում»:

Բացառությամբ մայիսի 10-ին գրանցված 79 դեպքերի, վերջին մեկ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր արձանագրվել են վարակման 100-ից ավելի դեպքոր։ Ի դեպ, եթե նախորդող օրերին իրականացվել էր օրական շուրջ 1000 թեստավորում, ապա երեկ չնայած հաստատված դեպքերի թվին` իրականացվել է 752 թեստավորում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճն, ըստ համաճարակաբան Հասմիկ Ղազինյանի, կանխատեսելի էր: Մասնագետի խոսքով` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կիրառված սահմանափակումները լիարժեք չէին.- «Սահմանափակումները, որ կային, ես դրան համամիտ չեմ, դրանք սահմանափակումներ չէին, սա իմ կարծիքն եմ ասում»:

Ղազինյանի կարծիքով` կորոնավիրուսի տարածման հիմնական աղբյուրները մեծ խանութներն են: Մասնագետի խոսքով` սուպերմարկետներում անհրաժեշտ պայմաններ ապահովված չեն.- «Ես շատ ուրախ եմ, որ մեծահասակների համար գնումների ժամանակ էր ստեղծված` ժամը 10-12-ը, բայց ես երբեմն, իհարկե պաշտպանված, պահպանելով անվտանգությունը թե իմ, թե շրջապատի, մտել եմ ժամը 5-ին հանրախանութ, շատ հանգիստ այնտեղ գնումների էին եկել 60-70 տարեկաններն առանց անվտանգության պարագաների»:

Մասնագետն ընդգծեց` սահմանափակումների մեղմացումը ենթադրում է, որ պետք է ավելի զգոն լինել: Ղազինյանը հորդորեց իրավիճակին ըմբռնումով մոտենել ու վտանգի չենթարկել շրջապատին:

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ավարտին 2 օր է մնում: Այդուհանդերձ այն երկարաձգելու վերաբերյալ որոշում կառավարությունն առայժմ չունի: Պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց` այս պահին քննարկումների փուլում են.- «Երբ վերջնական որոշումն արդեն ընդունվի, համապատասխանաբար մենք այդ մասին կտեղեկացնենք»:

Կախված իրավիճակից հնարավոր է նոր սահմանափակումներ լինեն, պարետատունը մշտադիտարկում է իրականացնում.- «Եթե նման անհրաժեշտություն եղավ, ապա կարող է էլի խստացվել»:

Հանրային տրանսպորտի աշխատանքի հարցը նույնպես պարետատան ուշադրության կենտրոնում է, քննարկումներ են ընթանում, սակայն դեռ հստակություն չկա: Ի դեպ, հնարավոր է` առաջիկայում տնից դուրս գալիս դիմակ կրելը պարտադիր դառնա: Դրա հնարավորությունը ևս այժմ դիտարկվում է:

Լեռնային Ղարաբաղում երեկ կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել, «Ազատությանը» տեղեկացրեց Արցախի պարետատան մամուլի պատասխանատու Տիգրան Աբրահամյանը.- «11:00-ի դրությամբ ունենք ընդհանուր առմամբ հաստատված 14 դեպք, որից 8-ն արդեն բուժվել և դուրս են գրվել բուժհաստատություններից: Իրականացվել է 75 թեստավորում, դրանք իրականացվել են այն համայնքներում, որտեղ վերջին շրջանում դեպքեր են գրանցվել` Շահումյանի շրջանում: Այնտեղ և՛ թեստավորում է իրականացվում, և՛ հակահամաճարակային կենտրոնն ախտահանման աշխատանքներ է իրականացնում: Այնտեղ կա պարետի որոշումներով դեռևս մայիսի 7-ից հետո տեղաշարժի սահմանակափումները մտցված, և այդ համայնքները գտնվում են վերահսկողության տակ»:

Արցախում մահվան դեպք առայժմ չի գրանցվել, մեկուսացվածների թիվը 25 է, ներառյալ` այս պահին բուժում ստացող 6 անձանց.- «Առողջական վիճակը բավարար է գնահատվում, այդ 6 քաղաքացիներից միայն մեկն ունի խրոնիկ հիվանդություններ, այս պահին ծանր հիվանդներ չունենք: Արցախում մինչ այս պահը թեստավորումների ընդհանուր թիվը կազմել է 434»:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG