Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակված բժիշկը պատմում է հիվանդության ընթացքի մասին


Գերմանիայում աշխատող բժիշկ Տարոն Սարիբեկյան
Գերմանիայում աշխատող բժիշկ Տարոն Սարիբեկյան

Գերմանիայում աշխատող արյունաբան, ուռուցքաբան Տարոն Սարիբեկյանի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է մայիսի 4-ին։ Նա վարակվել է նույն հիվանդանոցում աշխատող բուժքրոջից։

«Ապրիլի վերջին ունեի գիշերային հերթապահություններ, որի ժամանակ էլ հենց շփվել եմ դրական [թեստի] արդյունք ունեցող բուժքրոջ հետ։ Իհարկե, հետագայում դա իմացանք։ Հաջորդ օրը՝ մայինի 1-ն էր, զանգեցին, ասեցին, որ բոլոր կոնտակտավորները, ովքեր իր հետ աշխատել են այդ նույն օրը, պետք է թեստավորվեն։ Ես այդ օրվանից սկսած սիմպտոմներ արդեն ունեի, դրա համար ես չգնացի հիվանդանոց՝ թեստ հանձնելու, այլ իրենք, նախարարության աշխատողներ եկան իմ բնակարան ու թեստը արեցին», - «Ազատությանը» պատմեց Սարիբեկյանը։

Հիվանդությունը դեռ չի նահանջել, մայիսի 18-ին կատարվելու է կրկնակի թեստավորում։ Այս պահին դեռ հազ, համի զգացողության ու հոտառության կորուստ կա։

Նա ասաց, որ ծանր են եղել հիվանդության առաջին չորս օրերը․ - «Սարսուռով սկսվեց, ջերմությունս բարձրացավ՝ 38 ու կես, սկսվեց չոր, բավականին տհաճ հազ։ Իմ համար ամենածանրը գիշերներն էին՝ մկանացավեր, շատ արտահայտված մկանացավեր, ամբողջ մարմինս ցավում էր։ Ընթացքում զարգացավ փորլուծություն, որը էլի բնորոշ է իր ախտանիշներին, քթի փակվածություն, քթահոսություն, բայց ոչ շատ, ոչ արտահայտված, համի զգացողության և հոռատության կորուստ։ Ես իմ անձնական ինֆորմացիան հրապարակում եմ, չեմ զլանում կիսվել բոլորի հետ՝ զուտ մեկ նպատակով․ որպեսզի մարդիկ ավելի աչալուրջ լինեն, որպեսզի մարդիկ ավելի զգոն լինեն»։

Բրեմենում բնակվող 29-ամյա բժիշկը զբաղվել է սպորտով, իմունիտետը կայուն է եղել, կողմնակի հիվանդություններ չի ունեցել․ - «Տարվա ընթացքում կարող է հիվանդանամ մեկ անգամ ու բավական թեթև անցնի։ Բայց էս դեպքում թե՛ իր տևողությամբ, թե՛ սիմպտոմների արտահայտվածությամբ հիվանդությունն իմ մոտ բավականին ակտիվ ընթացավ։ Դրա համար հորդորում եմ բոլորին․ եթե դուք իրոք մտածում եք, որ երիտասարդ եք, մարզվում եք և ունեք իմունիտետ, ուրեմն դա նշանակում է, որ դուք շատ հեշտությամբ եք հաղթահարելու, դա միֆ է»։

խՍարիբեկյանը Խորհուրդ է տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, դիմակ կրել, տնից քիչ դուրս գալ, մարդաշատ վայրեր չայցելել, հետևել Առողջապահության նախարարության հորդորներին․ - «Աշխատեք սրճարաններից խուսափել։ Գիտենք, որ կարոտում եք, գիտենք, որ ուզում եք բացօթյա հատվածներում ժամանակ անցկացնել, ցրվել, բայց պետք չի մատների արանքով նայել ու անլուրջ վերաբերվել, ինչը, ցավոք սրտի, ես տեսնում եմ Հայաստանում։ Մենք դեռևս գործ ունենք չբացահայտված հիվանդության հետ, չունենք բուժման հստակ մեթոդներ։ Հիվանդությունը ուսումնասիրման փուլում է, կատարվում են բազմաթիվ հետազոտություններ, որպեսզի հայտնաբերվի պատվաստանյութ, ինչպես նաև բուժող դեղորայք։ Այնպես որ, մինչև դա ամբողջությամբ ուսումնասիրված չլինի, դա պոտենցիալ վտանգավոր կարող է լինել»։

Գերմանիայում, նրա տպավորությամբ, քաղաքացիները հետևում են Առողջապահության նախարարության հորդորներին, պահպանում կանոնները․ - «Մարդիկ հետևում են Առողջապահության նախարարության կողմից տրվող բոլոր հորդորներին, նաև այստեղ օրենքի ուժն է գործում։ Օրինակ, գնումներ կատարելիս պարտադիր պետք է լինել դիմակով և ձեռնոցով, հակառակ դեպքում տուգանվում եք 250 եվրոյով։ Օրենքն իրենն ասում է ու օրենքը խիստ է գործում։ Մարդիկ ունեն բարձր ինքնագիտակցություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG