Մատչելիության հղումներ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը


Սեդրակ Առուստամյան
Սեդրակ Առուստամյան

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ով համարվում է Գագիկ Ծառուկյանի մտերիմներից մեկը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Ես վստահ եմ, որ ես ազնիվ եմ: Ես ոչ մի հանցագործություն չեմ գործել ու վստահ եմ դատարանը ճիշտ որոշման կգա», - հայտարարում է նա։

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց գործարարին 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կհրապարակի հոկտեմբերի 28-ին:

Հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ տեսնում է իրեն առաջադրված մեղադրանքներում, Առուստամյանը կարճ պատասխանեց․ - «Ես քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեցող անձ եմ»:

Ընդդիմադիր «Բարագավաճ Հայաստան» խմբակցությունում ևս Առուստամյանին առաջադրված մեղադրանքնը քաղաքական չեն դիտարկում՝ ասելով, որ գործը իրավական տիրույթում է։ Սեդրակ Առուստամյանի դուստր Նորա Առուստամյանը նույն խմբակցության պատգամավոր է։

Ի դեպ, գործարարն այսօր դատարան ձեռնափայտով էր եկել, ասաց, որ ծնկի վիրահատության է ենթարկվել:

Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է «Հյուսիս-հարավի» շինարարակական ծրագրին։ Նա մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև 2008-2010 թվականներին Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը. նա մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և խոշոր չափերի հարկերից խուսափելու համար։ Նախկին նախարարը օրերս կալանավորվեց:

Ըստ Քննչական կոմիտեի՝ նախկին նախարարը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մաս փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:

Անցած տարի հարուցված «Հյուսի-հարավ»-ի քրեական գործով արդեն ավելի քան հազար մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ։ Մեղադրյալների թիվը մեկուկես տասնյակից ավելի է։ Նրանցից 5-ը հետախուզվում են։

Հետախուզվողների թվում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը։ Նա «Հյուսիս-հարավ»-ի քրեական գործով մեղադրվում է փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Լյովա Սարգսյանն իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ ազդեցություն է ունեցել 250 միլիոն դոլար արժողությամբ ծրագրում շինարարական և ծառայություններ մատուցող ենթակապալառու ընկերությունների ընտրության հարցում՝ պահանջելով ակնկալվող շահույթի 50 տոկոսը։

Լյովա Սարգսյանի անվան հետ կապվող չարաշահումները տեղի են ունեցել 2015 թվականին, երբ Կապի և տրանսպորտի նախարարը Գագիկ Բեգլարյանն էր։ Նա քրեական գործով վկայի կարգավիճակ ունի։


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG