«Հյուսիս - հարավ» ավտոմայրուղու Գյումրի - Բավրա հատվածի շինարարությունը կիրականացվի Եվրոպական ներդրումային բանկի ֆիանանսավորմամբ: Հատկացվող գումարի չափը պարզ կդառնա «Հյուսիս - հարավի» հինգերորդ տրանշի համար նախագծային աշխատանքների ավարտից հետո: Նախագիծը պատրաստ է, այն ուղարկվել է համալիր փորձաքննության:
Շուրջ 60 կմ երկարությամբ ճանապարհը կշրջանցի Գյումրին: Ամեն դեպքում, Գյումրիից ևս հողատարածք կօտարվի:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Լիլիթ Դիլանյանը ներկայացրեց, թե խոսքը ինչ հողատարածքի մասին է․ - «Գյումրի վարչական համայնքի տարածքում ազդեցության գոտում են գտնվում յոթ համայնքային հողեր։ Քաղաքի սկզբնահատվածում է, Թբիլիսյան խճուղու եզրով են այդ հողակտորներրը գտնվում»:
«Ազատության» հարցին՝ այսինքն ամբողջությամբ շրջանցե՞լ է Գյումրի քաղաքը, Դիլանյանը պատասխանեց. - «Այո, Գյումրին շրջանցող ճանապարհ է լինելու, քանի որ պետությունն է այդպիսի քաղաքականություն որդեգրել, որ «Հյուսիս - հարավը» չպետք է անցնի որևէ համայնքի միջով, այլ պետք է շրջանցի բոլոր համայնքները։ Ճանապարհը պետք է շրջանցի բնակավայրերը»։
Շիրակի մարզի 21 համայնքներում հողերի օտարման խնդիր կա: Ծրագրի պատասխանատուները շրջում են համայնքներով ու այն հողատերերին, որոնց հողատարածքները ենթակա են օտարման, ներկայացնում են, թե ինչպես է դա իրականացվելու:
«Հողը չօտարել չեն կարող», - ասաց Լիլիթ Դիլանյանը: - «Ցավոք հրաժարվելու տարբերակ, որպես այդպիսին, չկա, որովհետև հենց օրենքը թելադրում է, որ սա հանրային գերակա շահ է ճանաչվելու, և քաղաքացին, ցավոք, չի կարող վիճարկել հողը, կոպիտ ասած, վաճառելը, քանի որ փոխհատուցում է տրվում հողի դիմաց։ Հողը տալու կամ չտալու հարցը չի կարող որևէ կերպ վիճարկվել, կարող է վիճարկվել միայն փոխհատուցման չափը։ Այսինքն այն պահից, երբ տվյալ հողատարածքները կճանաչվեն հանրային գերակա շահ, դրանց ձեռք բերումը, օտարումը կամավոր չլինելու դեպքում իրականացվում է դատական պրոցեսով: Այսինքն պետությունը ամեն դեպքում կարողանում է հողը օտարել՝ դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելով փոխհատուցման գումարը», - ընդգծեց Դիլանյանը։
Եթե տարիներով հող չմշակող գյուղացու համար սա կարող է ձեռնտու տարբերակ թվալ, ապա ջրովի ու բարձր կարգի հողատարածքների տերերը դժգոհում են, թե սակավահող Հայաստանում չի կարելի ճանապարհ կառուցել բերրի հողերի հաշվին:
Արևիկ համայնքից շուրջ 150 ընտանիքի վարելահող ճանապարհի կառուցման գոտում է: Ծրագրի պատասխանատուները հանդիպել ու բացատրել են, որ չօտարել չեն կարող, քանի որ տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվում: Մինչդեռ արևիկցիները օտարման գնային առաջարկի մեխանիզմին համաձայն չեն, քանի որ բերրի հողատարածքներ են կորցնում:
«Ազատության» հարցին, թե 21 համայնքում քանի՞ ընտանիքի կվերաբերի հողերի օտարաման գործընթացը, և ո՞վ է սահմանում փոխհատուցման կարգը, Լիլիթ Դիլանյանը պատասխանեց. - «Շուրջ 1565 հողեր են ազդվում ճանապարհի երկայնքով, բայց թե քանի անձ կլինի, դա չենք կարող ասել։ Գոյություն ունի կառավարության համապատասխան որոշում, որը սահմանում է փոխհատուցման կարգը։ Փոխհատուցման տրամադրումից առաջ իրականացվում է գույքի գնահատում, որը տարբերակված է, այսինքն չկա քարացած մեկ մոտեցում։ Գոյություն ունի մեթոդաբանություն, որը սահմանում է, թե որ կարգի հողը ինչպես պետք է գնահատվի»:
Շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետը հստակ չէ: Մինչև չավարտվի հողերի, շենք-շինությունների օտարման ու փոխհատուցման գործընթացը շինարարության մեկնարկը չի տրվի: Իսկ այն սովորաբար տևում է մինչև 2 տարի:
Այս պահին Շիրակի մարզում «Հյուսիս - հարավ» մայրուղու Լանջիկ Գյումրի հատվածի շինարարությունն է ընթանում: Չինական «Սինահիդրո քորփորեյշն» ընկերությունը վերջերս հայտարարեց, որ բետոնե ծածկի փոխարեն այն լինենլու է ասֆալտապատ՝ դա պայմանավորելով եղանակային պայմաններով: