Մատչելիության հղումներ

«Հյուսիս-հարավ»-ի քրեական գործով ավելի քան 500 անձ է հարցաքննվել


Հարավից Իրանին, իսկ հյուսիսից Հայաստանը Վրաստանին կապող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը մեկնարկել է 2012-ին, և այս տարի այն պետք է արդեն ավարտված լիներ։ Ավարտին դեռ շատ կա, իսկ թե որքան՝ գործադիրից ժամկետներ չեն նշում։

Անցած 6 տարիների ընթացքում ավելի քան 550 կիլոմետր երկարությամբ ճանապարհից ընդամենը 31 կիլոմետրն է շահագործման հանձնվել։

«Այդ ճանապարհը հանձնելուց հետո արդեն երեք տարի է նույն շինարարական կազմակերպությունը իրականացնում է երաշխիքային սպասարկում։ Ստացվում է, որ կառավարությունը ընդունել է մի ճանապարհ, որը լի է թերություններով», - «Ազատության» հետ զրույցում նշեց փորձագետ Սուրեն Պարսյանը։

Պարսյանը նկատում է՝ ի սկզբանե նախատեսված էր, որ Տրանշ 1-ի երկարությունը 56 կիլոմետր պետք է լինի, սակայն կառուցվել է ընդամենը 31 կիլոմետրը, այն էլ, ըստ մասնագետի, դեռ ոչ լիարժեք է։

«Մենք այդ հարցադրումը բարձրացրել ենք նաև պարոն Մարտիրոսյանին, նաև այս կառավարությանը՝ խնդրում եմ տվեք բացատրություն, ինչպե՞ս պատահեց, որ 45 տոկոս ավելի քիչ ճանապարհ կառուցվեց նույն գումարով: Այդ բացատրությունը առայսօր չկա, և դրա պատասխանատուներն էլ չկան», - ընդգծեց Պարսյանը։

«Հյուսիս-հարավ» ճանապարհի ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ անցած տարի սեպտեմբերին է քրեական գործ հարուցվել։

Դրա ծավալները Քննչական կոմիտեն աննախադեպ է որակում։ Հարցաքննվել է ավելի քան 500 անձ։ Քննչական կոմիտեի ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ Կամո Սահակյանի տեղեկացմամբ՝ վկայի կարգավիճակում են հայտնվել նաև նախկին պաշտոնյաներ։ Հարցաքննվել է նաև «Հյուսիս-հարավի» շինարարության մեկնարկի ժամանակ պաշտոնավարած Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

«Իրականացվում են մեծածավալ գործողություններ, նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց արդյունքներով իրավական գնահատականներ կտրվեն համապատասխան անձանց արարքներին», - նշեց Սահակյանը։

Այս պահին դեռ մեղադրանք է առաջադրվել ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան 1 միլիոն 800 հազար դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։

«Նշանակված է շինարարական փորձաքննություն ճանապարհի բետոնե պատվածքի որակի հետ կապված, քանի որ քննության ընթացքում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել, որ ճանապարհի կառուցման ընթացքում օգտագործված բետոնը իր որակական հատկանիշներով չի համապատասխանում նախագծով սահմանված մասնագրի պահանջներին», - ասաց Կամո Սահակյանը։

Նրա խոսքով՝ քրեական գործի շատ չնչին մասն է միայն քննվել, իսկ նախաքննության ավարտի ժամկետները չեն շտապում նշել. - «Դեռ մեծ մասը ենթակա է քննության»։

556 կիլոմետր երկարությամբ ճանապարհի կառուցման համար նախատեսված էր 962 միլիոն դոլար։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանի խոսքով՝ հիմա արդեն նախարարությունում նոր նախնական հաշվարկ ունեն՝ ամբողջ ճանապարհի կառուցումը մի քանի միլիարդ դոլարի կարող է հասնել։ Ասիական զարգացման բանկը նախկինում մոտ 500 միլիոն դոլարի վարկ է հատկացրել կառավարությանը։

«Եթե չեմ սխալվում. մոտ 200-220 միլիոնի չափով է ծախսվել այս ամբողջ աշխատանքների համար։ Այսինքն՝ մենք ունենք հասանելի գումար, որը դեռ չենք ծախսել, մենք ունենք վարկային պայմանագիր, բայց չենք ծախսել այդ գումարները», - ընդգծեց Բադալյանը։

«Հյուսիս-հարավի» Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին հատվածի աշխատանքները գրեթե դադարեցված են: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վեճի մեջ է շինարարություն իրականացնող կապալառու ընկերության հետ։ Իսկ Տրանշ 3՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածում շարունակվում են աշխատանքները։ Նախարարությունից նաև այս ծրագրերի ավարտի հստակ ժամկետը չեն նշում։ Իսկ դա նշանակում է՝ «Հյուսիս-հարավի» համար տրվող գումարի ծավալներն են ավելանում։

«Որքան ծրագրի իրականացումը երկարում է, այնքան Հայաստանի կառավարության և Հայաստանի քաղաքացիների համար վարկի սպասարկումը դառնում է ավելի ծախսատար, քանի որ հաշվարկվում է տույժը», - նշեց Սուրեն Պարսյանը։

Նախկին իշխանությունների օրոք Հայաստանն արդեն 300 հազար դոլար տույժ է տվել Ասիական զարգացման բանկին, քանի որ կառավարությունը պայմանագրում նշված ճանապարհների շինարարությունը ճիշտ ժամկետում չէր ավարտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG