Մատչելիության հղումներ

«Հյուսիս հարավ»-ի գործով մեղադրյալ է ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայրը


Լևոն Սարգսյան, արխիվ
Լևոն Սարգսյան, արխիվ

Քննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ»-ի մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների որպես մեղադրյալ են ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը, ինչպես նաև ծրագրի ենթակապալառու ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանները։

Ըստ Քննչական կոմիտեի, Լյովա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Սուրեն և Գևորգ Վարդանյանները որպես մեղադրյալներ են ներգրավվել կեղծ ձեռնարկատիրության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու՝ փողերի լվացում, իրական ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու և հարկերը չվճարելու համար: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում, մասնավորապես` պարզվել է, որ թեև ըստ իրավական ընթացակարգերի ենթակապալառու կազմակերպությունների ընտրությունը գլխավոր կապալառու իսպանական կազմակերպության կողմից պետք է կատարվեր Ծրագրի ինժեների և պատվիրատուի՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց համաձայնությամբ, սակայն փաստացի այդ գործընթացները ղեկավարվել են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի կողմից, ով այդ գործընթացները կազմակերպել և իրականացրել է Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ:

«Պարզվել է, որ Լյովա Սարգսյանը, Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, իրական ազդեցություն է ունեցել 250մլն. ԱՄՆ դոլար արժողության Ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում և գործելով վերը նշված անձանց հետ, ձեռք բերված նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ օգտագործել է իր իրական ազդեցությունը՝ իրավաբանական անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչության համար, որը կատարելու համար միջնորդի միջոցով կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է վճարել աշխատանքների կատարումից ակնկալվող շահույթի 50 տոկոսը, որի ստացումը կազմակերպել է փողերի լվացման միջոցով», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG