«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ, չարաշահումներ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությամբ արդեն իսկ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել են ծրագրում ընդգրկված բազմաթիվ ընկերությունների միջև տարատեսակ ձևական, «անապրանք» գործարքների կնքման, փաստաթղթերի կեղծման, հափշտակությունների, հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու բազմաթիվ դրվագներ, այսօր հաղորդում է Գլխավոր դատախազությունը:
Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» հատվածի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինարարական աշխատանքների ընթացքում ակնհայտ չհիմնավորված խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ երկու ընկերությունների միջև 2016 թվականի հունիսին կնքվել է երկու պայմանագիր, որոնց հիման վրա 2016-2018թթ. նրանցից մեկի անվամբ դուրս են գրվել հարկային հաշիվներ շուրջ 1.2 միլիարդ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) ընդհանուր արժեքով:
Պարզվել է, որ պայմանագրերը կնքվել են հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով, որի համար կազմվել են անապրանք գործարքներ, իրականացվել է կեղծ ձեռնարկատիրություն: Նշված պայմանագրերի շրջանակներում հարկային հաշիվներով որևէ տեսակի խորհրդատվական ծառայություններ չեն մատուցվել, այսինքն, ըստ էության, կայացել են «անապրանք» գործարքներ, նշում է դատախազությունը:
Պարզվել և հիմնավորվել է նաև, որ կեղծ փաստաթղթերով որպես խորհրդատվություն տրամադրած ընկերության աշխատակիցների կողմից 2016-2017 թվականներին ընկերության բանկային հաշվից կանխիկացվել է շուրջ 600 միլիոն դրամ, որը փոխանցվել է ընկերությունը փաստացի ղեկավարող անձին, իսկ նշված գումարներն ընկերության դրամարկղում ձևակերպվել են որպես այլ անձի՝ ընկերության հիմնադրին տրված շահաբաժիններ:
Ներգրավված ընկերությունների նվազեցված հարկային պարտավորությունների և պետությանը պատճառած վնասի հաշվարկման նպատակով նշանակվել են մասնագիտական հարկային ստուգումներ, որոնցից երկուսով ստացված ակտերով արձանագրվել են 1 միլիարդ 10 միլիոն դրամի չվճարված հարկեր, պետությանը պատճառված վնաս՝ ներառյալ տույժերը, տուգանքները: Մյուս ստուգումները դեռևս ընթացքի մեջ են:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ապրիլի 30-ին հարուցվել և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ քրեական գործին է միացվել ևս մեկ քրեական գործ՝ ծրագրում ներգրավված մեկ այլ ՍՊԸ տնօրենի կողմից ընկերության հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով մի շարք ընկերություններից, առանց վերջիններիս կողմից ապրանքների փաստացի մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու, դրանք օրենքով սահմանված կարգով Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ) ներկայացվող փաստաթղթերում ներառելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ:
Բացի վերոնշյալից, դատախազի հանձնարարությամբ քննիչի կայացրած որոշումներով ՊԵԿ քննչական վարչությունում քննվող՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում ներգրավված ընկերությունների վերաբերյալ երեք քրեական գործեր ևս միացվել են Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննվող մայր գործին:
Այս դրվագներով կատարված նախաքննությամբ ձեռք բվերված ապացույցներով պարզվել է, որ առանց ծառայությունների փաստացի մատուցման, տրամադրվել են մոտ 195 միլիոն դրամի կեղծ հաշվապահական փաստաթղթեր, ինչի արդյունքում խուսափել են պետական բյուջե վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր, և միաժամանակ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, հաղորդում է դատախազությունը:
Կատարված այդ հնարավոր «անապրանք» գործարքների հանգամանքները, դրանց արդյունքում պետությանը պատճառված վնասի կոնկրետ չափը պարզելու նպատակով երկու ընկերությունում կատարված նախնական հաշվարկների համաձայն, նրանց մոտ կարող են առաջանալ պետության նկատմամբ հարկերի գծով ընդհանուր մոտ 600 միլիոն դրամի պարտավորություններ՝ ներառյալ տույժերը և տուգանքները: Այս առումով վերջնական հաշվարկ ստանալու և պետությանը պատճառված վնասի չափը որոշելու համար նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: