Մատչելիության հղումներ

«Հյուսիս-հարավի» քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին


«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյան, արխիվ
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն «Ազատությանն» ասաց՝ այս պահին հրաժարվում են մեկնաբանությունից, քանի որ գործը իրավական տիրույթում է։

Գագիկ Ծառուկյանի մտերիմ համարվող և նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը ղեկավարող գործարարը մեղադրվում է «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակում կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և հարկերից չարամտորեն խուսափելու համար։

Քննչական կոմիտեում պարզել են՝ Սեդրակ Առուստամյանը, 2008-ից 2010 թվականներին Տրանսպորտի և կապի նախկին նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանի և Սուրեն Ավագյանի հետ միասին, ղեկավարելով «Սթոնս» ընկերությունը, կեղծ գործարք է իրականացրել «Հյուսիս-հարավի» Թալին-Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությամբ զբաղվող չինական կապալառու ընկերության հետ։

Քննչական կոմիտեի ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ Կամո Սահակյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. «Սեդրակ Առուստամյանը իր աշխատողների միջոցով կազմակերպելով այս գործողությունները օժանդակել է չինական ընկերության աշխատակիցներին խուսափելու առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց և ընկերությունից անհիմն դուրս բերելու համար այդքան գումար։ Ընկերությունը շահույթ ունեցել է, այս գործարքից բոլոր հարկերը վճարել է, ընդհանուր մենք պետք է հաշվենք, որ 1,167 միլիարդի 20 տոկոսի չափով օրենքով սահմանված կարգով շահույթ է հասել «Սթոնս» ընկերությանը առանց որևէ գործունեություն իրականացնելու։ Այսինքն անհիմն գործարքի արդյունքում «Սթոնս» ընկերությունը իր հերթին ստացել է 20 տոկոս շահույթ»։

Սեդրակ Առուստամյանի դուստր Նորա Առուստամյանն էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։ Գործարարի ու նրա դստեր հետ այսօր ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց կապ հաստատել։

Կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և հարկերից չարամտորեն խուսափելու համար մեղադրվում են նաև Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և Սուրեն Ավագյանը։ Քննչական կոմիտեն միջնորդել է Առուստամյանի, Սարգսյանի և Ավագյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Գերատեսչությունից հայտնում են՝ «Հյուսիս-հարավի» գործով մեղադրյալների թիվն արդեն 15-ի է հասել, նրանցից 7-ի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանլու մասին, 5-ը հետախուզվում են, իսկ 3-ի խափանման միջոցը դատարանը կորոշի առաջիկայում։

Հետախուզվողների թվում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը, որն այս գործով մեղադրվում է փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։ Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Լյովա Սարգսյանն իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, ազդեցություն է ունեցել 250 միլիոն դոլար արժողության ծրագրում շինարարական և ծառայություններ մատուցող ենթակապալառու ընկերությունների ընտրության հարցում՝ պահանջելով ակնկալվող շահույթի 50 տոկոսը։

«Քննություն է իրականացվում այլ ենթակապալառուների ընտրության պարագայում ևս նրա հնարավոր ազդեցությունը օգտագործված լինելու հանգամանքը հիմնավորելու համար, ինչպես նաև նրա ազդեցությունը ծրագրի այլ հատվածների, մասնավորապես՝ Տրանշ 2 և Տրանշ 3 հատվածների նկատմամբ ևս հիմնավորելու ուղղությամբ», - ընդգծեց Սահակյանը։

Լյովա Սարգսյանի անվան հետ կապվող չարաշահումները տեղի են ունեցել 2015 թվականին, երբ կապի և տրանսպորտի նախարարը Գագիկ Բեգլարյանն էր։ Նա, ի դեպ, քրեական գործով վկայի կարգավիճակ ունի։ «Հյուսիս-հարավի» շինարարությունը հենց Հանրապետական նախկին պաշտոնյա Գագիկ Բեգլարյանի ղեկավարման օրոք է մեկնարկել։

Թեև հսկայական ծրագրի շինարարության ավարտը նախատեսվում էր 2019 թվականին, սակայն մինչ այս պահը ավելի քան 550 կիլոմետր երկարությամբ ճանապարհից ընդամենը 31 կիլոմետրն է շահագործման հանձնվել։ Անցած տարի սեպտեմբերին հարուցված քրեական գործի շրջանակում արդեն ավելի քան 1000 մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG