60-ամյա Սարգսյանին ևս երկու մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար:
Նա հետախուզվում էր դեռ անցած տարվանից մեկ այլ քրեական գործով․ այս դեպքում ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար:
Առաջիկա ժամերին դատարանը կքննի նրա կալանավորման հարցը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Լյովա Սարգսյանը իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, ազդեցություն է ունեցել 250 միլիոն ԱՄՆ դոլար արժողության ծրագրում շինարարական և ծառայություններ մատուցող ենթակապալառու ընկերությունների ընտրության հարցում։ Պարզվել է, որ ենթակապալառու ընկերությունների ընտրությունն իրականացվել է ոչ թե ծրագրի ինժեների և Կապի և տրանսպորտի նախարարության համապատասխան պաշտոնյաների համաձայնությամբ, այլ փաստացի այդ գործընթացները ղեկավարվել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը։
Տեղի ունեցածը վերաբերում է 2015 թվականին, երբ կապի և տրանսպորտի նախարարը Գագիկ Բեգլարյանն է եղել, որը քրեական գործով վկայի կարգավիճակ ունի։
Նախկին նախարարն «Ազատության» զանգերն անպատասխան թողեց։ Լևոն Սարգսյանը, ըստ քննչական կոմիտեի, գործակցել է ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ միասին։
Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Արման Նշանյանն ասաց․ - «Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոնը զբաղեցնող Լյովա Սարգսյանը, քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, նրանց կողմից Ծրագրում որպես ենթակապալառու ընկերություն ներգրավելու և նրան որոշակի աշխատանքներ կատարելու պայմանագիրը շնորհելու համար նրանից պահանջվել և փողերի լվացման միջոցով ստացվել է նրա կողմից ակնկալվող շահույթի 50 տոկոսը»:
Անցած տարի հարուցված քրեական գործով դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել:
Հյուսիս-հարավի քրեական գործով մեղադրյալներ են ներգրավվել նաև «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանները։ Նրանց նկատմամբ ևս հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հյուսիս-հարավի գլխավոր կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության տնօրենի նկատմամբ ավելի վաղ արդեն մեղադրանք էր առաջադրվել, նա ևս հետախուզման մեջ է։ «Կորսան Կորվիամը» անցած տարվա օգոստոսից չի վճարել մոտ 2 տասնյակ ենթակապալառու ընկերություններին իրականացրած աշխատանքների համար։
Նախաքննական մարմնում «Հյուսիս-հարավ» ծրագրի գործի ծավալներն աննախադեպ են որակում։ Արդեն հազարից ավելի մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ։ Մեղադրյալների թիվը այսպիսով հասել է 9-ի: Քննչական կոմիտեից հայտնում են՝ պետությանը պատճառված 24 միլիարդ դրամից վերակագնվել է ընդամենը շուրջ 240 միլիոն դրամը։