Տեղեկացնելով, որ երեկ Ազատության հրապարակում Նախախորհրդարանի անցկացրած հանրահավաքից հետո Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, «Հայկական ժամանակ»-ը նկատում է․ - «Առաջին հայացքից, իհարկե, տարօրինակ է թվում ոստիկանության գործողությունը: Նախախորհրդարանի հանրահավաքներն այս փուլում որպես այդպիսին, այսինքն՝ որպես փողոցային ակտիվ քաղաքացիական և քաղաքական պայքարի ձև, միակն են: Ընդ որում, շատ փոքրաքանակ են և իշխանությունների համար գոնե այս պահին առանձնապես վտանգ չեն ներկայացնում: [...] Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ իշխանությունները հրաշալի գիտակցում են երկրում առկա դժգոհության դոզայի աստիճանը և ամենափոքր իսկ ակտիվությունը նրանց համար պոտենցիալ վտանգ է»: