Մատչելիության հղումներ

Ըստ իրավապաշտպանների՝ Բաքուն հետաքրքված չէ անհետ կորածների ճակատագիրը բացահայտելու հարցով


5 տարի է՝ ժամկետային զինծառայող տղայից ոչ մի լուր չունեցող մայրը հույսը դեռ չի կորցնում՝ հնարավոր է որդին դեռ ողջ է։ Հույսն արդեն կորցրել է, թե պետական մարմինները կարող են իր հարցերի պատասխանները տալ, ասում է՝ անցած 5 տարիներին անարդյունքն են եղել իրենց փորձերը։

Անհետ կորած զինվորի մայրն ասում է.- «Բոլոր կառույցներին դիմել ենք: Տեղ չենք թողել, երևի. Կարմիր խաչ, Կառավարություն, Ազգային ժողով... Բոլոր ծնողներով միասին, այդ մի քանի օրվա մեջ, բոլորս գտանք իրար, միասնական ուժերով դիմում էինք բոլոր կառույցներին, բայց ասում են՝ եթե իմանանք որտեղ են, անհայտ չէին կոչվի: Դա է նրանց տված պատասխանը»:

44-օրյա պատերազմից հետո 191 մարդու ճակատագիր անհայտ է, մոտ 900 հոգի էլ անհետ կորած է համարվում ղարաբաղյան առաջին պատերազմից հետո։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանի խոսքով.- «Ադրբեջանն, ըստ էության, հստակորեն ցույց է տալիս կամքի բացակայություն: Անգամ այն պարագայում, երբ կան տեսանյութեր, որոնք որ հստակ վկայում են դրա մասին կամ կան վկայություններ ծառայակիցների կողմից, որոնք միասին են գերեվարվել, նույն խնդրին մենք բախվում ենք, երբ դիմում ենք ՄԱԿ-ի համապատասխան մարմին»:

Հայաստանցի իրավապաշտպանները հայտարարում են, թե Ադրբեջանը սահմանափակում է որոնողական աշխատանքներն ու հետաքննություն անցկացնելու հնարավորությունները, հատկապես 2023 թվականից հետո։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ 44-օրյա պատերազմից հետո դեռևս 81 մարմին ու մասունք է պահպանվում դիահերձարաններում, բայց դրանց նույնականացման արդյունքների հետ ծնողները համաձայն չեն:

«Արձանագրել ենք, որ որոնողական աշխատանքները շատ սահմանափակված են եղել Ադրբեջանի կողմից, ըստ էության, դա է նաև պատճառներից մեկը, որ որոշ հարցեր այդպես էլ պարզ չեն մինչ օրս, հատկապես 23 թ․-ին, իհարկե, թույլ չեն տվել պատշաճ որոնողական աշխատանքներ իրականացնել, բայց 23-ին էլ կաշկանդված էին և ազատ չէին կարող այցելել այն տարածքներ, որոնք մարտական գործողությունների արդյունքում մնացին Ադրբեջանի արդյունավետ վերահսկողության ներքո, և այստեղ առաջին պարտավորությունը, բնականաբար, Ադրբեջանինն է՝ ապահովել այդ տարածքի հասանելիություն, ցանկալի, իհարկե, միջազգային միջնորդավորված ինչ-որ ձևաչափով, որպեսզի կարողանան գտնել», - շեշտում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչը:

Ըստ իրավապաշտպանների՝ Բաքուն հետաքրքված չէ անհետ կորածների ճակատագիրը բացահայտելու հարցով։ Իսկ առանց Ադրբեջանի գործակցության, շեշտում են, հնարավոր չէ լիարժեք քննություն իրականացնել.

«Հարցը ունի 2 հարթություն՝ միջպետական և ներքին, ներպետական: Միջպետական խնդիրը հիմնականում առնչվում է Ադրբեջանին։ Ցավոք սրտի, անհայտ կորած անձանց վերջին հայտնի գտնվելու վայրերն այս պահին գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, և էապես սահմանափակված է Հայաստանի Հանրապետության Քննչական կամ այլ մարմինների հնարավորությունը ինքնուրույնաբար իրականացնել քննությանը միտված գործողություններ։ Իհարկե, քննությունը դեռևս հնարավոր է, սակայն այն հատվածական է, քանի որ ապացուցողական մի զգալի մաս գտնվում է Ադրբեջանի բացառիկ իրազեկվածության, տիրապետության ներքո և առանց համագործակցելու պատրաստակամության, քննությունը չի կարող բացահայտել ճշմարտությունը, եղելությունը իմանալու ընտանիքների իրավունքը հնարավոր չի լինի իրացնել», - հայտարարում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Բաքուն, սակայն, դեռ Վաշինգտնում օգոստոսին նախաստորագրված Խաղաղության փաստաթղթով համաձայնել է, որ փորձելու է լուծում տալ անհետ կորածների խնդրին։ Ընդ որում՝ անհետ կորածների հարցերով առանձին՝ հայ-ադրբեջանական հանձնաժողով է գործում, որը այս տարի երկու հանդիպում է անցկացրել։ Վերջինը հունիսին էր, բայց որևէ արդյունքի մասին չեն հաղորդել կողմերը, միայն նշել են, թե կշարունակեն աշխատանքը:

Իրավապաշտպանները պնդում են՝ Հայաստանում անհետ կորածների հարցով միասնական պետական քաղաքականությունը բացակայում է։

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահի խոսքով. - «Բացակայում է անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը ամրագրող օրենք։ 44-օրյա պատերազմից հետո քննարկումներն ինտենսիվացան, շրջանառվեց նախագիծ, բայց արդեն 5 տարի անց մենք չունենք ընդունված նախագիծ, որը կստանար օրենքի ուժ։ Եվ կհստակեցներ այս անձանց կարգավիճակը: Առանց կարգավիճակի հստակեցման, հասկանալի է, որ համակարգված չէ նաև պետության քաղաքականությունը սոցիալական ոլորտում, հոգեբանական աջակցության և ինչու ոչ՝ նաև քննության»:

Իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանն անհրաժեշտ է համարում նախ օրենսդրական բացը լրացնել, որը թույլ կտա հստակեցնել անհետ կորած անձանց կարգավիճակն ու կօգնի միասնական քաղաքականության վարելուն։


XS
SM
MD
LG