«Մեկ-մեկ մտածում եմ՝ հիմա ի՞նչ տեսք ունի տղաս, ի՞նչ ձևի ա, ի՞նչ եղավ, ո՞նց եղավ: Ոչ թե մեկ-մեկ, այլ անընդհատ մեր մտքի մեջ դա ա, անընդհատ». - Արմինե Ներսիսյանի որդին՝ 18-ամյա Համլետ Մալխասյանը 44 -օրյա պատերազմի օրերին գերեվարվել է վիրավոր վիճակում: Ընտանիքն այդ մասին իմացել է ադրբեջանցիների տարածած տեսանյութից: Մարդու իրավունքների եվրոպական դատարան հարազատների ներկայացրած անհատական հայցից հետո Համլետը բռնի անհետացած է ճանաչվել:
«Ցանկացած մանրուք, անգամ՝ մեքենայի մեջ ում հետ ա էղել, ով ա զոհվել, ով ա վիրավորվել, ով ա ողջ մնացել, էդ բոլոր տեղեկությունները մենք ենք հավաքել: Դիմում ենք պատկան մարմիններին՝ մի պատասխան մեզ տան, հասկանում ե՞ք՝ չունեն ոչ մի պատասխան: Անտանելի ծանր ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց տիկին Արմինեն:
Ծանր է նաև այն ընտանիքների վիճակը, որոնց Կառավարությունն ինքն էր իրավական աջակցություն առաջարկել՝ միջազգային ատյաններում հայց ներկայացնելով Բաքվի դեմ:
«Իրականում նախաձեռնությունը եղել ա պետության ներկայացուցիչների կողմից՝ հայցը ավելի ծանրակշիռ կլինի, կհամարվի, որ էս փաստերը, որոնք ներկայացվում են դատարանին, ստուգված են պետության կողմից և ավելի արժանահավատ են։ Ու էդ ժամանակ, բնականաբար, պատերազմի օրերին էդ մեր համար բավականին ծանրակշիռ թվաց ու ավելի հուսադրող, դրա համար մենք առանց վարանելու համաձայնեցինք, որպեսզի գանգատը ներկայացվի պետության կողմից», - ասաց ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի զարմուհի Տաթևիկ Սողոյանը: Բժիշկը ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել 2020-ի հոկտեմբերին, ինչից հետո նրա հետ կապը կորել է: Պապիկյանի ընտանիքը կարծում է, որ ադրբեջանական կողմը նրան գերեվարել է:
Օրերս Վաշինգտոնում Հայաստանը համաձայնեց հետ կանչել բոլոր միջպետական հայցերը միջազգային ատյաններից՝ Պապիկյանի ու մյուսների հարազատներին կանգնեցնելով փաստի առջև:
«Ոչ ոք մեզ հետ չխորհրդակցեց այդ հարցով՝ որքանով է դա, որպես անհետ կորած մարդու հարազատ, ընդունելի մեզ համար: Գիտակից մարդիկ, հասկացող մարդիկ հասկանում են, որ սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, անարգանք ընդհանուր սկզբունքների հանդեպ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Տաթևիկ Սողոյանը:
Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրով կողմերը պարտավորվել են զբաղվել անհետ կորածների խնդրով։ Հարազատները, սակայն, թերահավատ են, թե փաստաթուղթը արդյունք կտա:
«Խաղաղության պայմանագիրը կնքելուց առաջ ասում ենք՝ առաջինը մեր էրեխաների հարցը տվեք: Եթե իրանք գերիներին հետ չեն տալիս, անհետ կորածների մասին բան չեն ասում, ինչի՞ եք էս պայմանագիրը կնքում», - նշեց Արմինե Ներսիսյանը:
Համաձայնեցված փաստաթղթում, որի կետերը փոփոխման ենթակա չեն, հստակ չէ նաև՝ հնարավոր տարաձայնությունները ինչպես են լուծվելու:
«Իրագործման մեխանիզմը պայմանագրում բացակայում է։ Թեև կողմերը հանձնառու են համատեղ աշխատել, քննություն իրականացնել, ջանքեր գործադրել՝ երկու կողմում առկա խնդիրները լուծելու նպատակով, սակայն որևէ կերպ կարգավորված չէ՝ ինչպիսի մեխանիզմներով են համագործակցելու, ինչ կոնկրետ գործողություններ են ձեռնարկելու, և եթե, օրինակ, կողմերից մեկը այդ պարտավորությունը չկատարի, ինչ ճանապարհով պետք է վեճը հանգուցալուծվի», - «Ազատությանն» ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Անցած հինգ տարիներին Հայաստանը Ադրբեջանի դեմ չորս գանգատ էր ներկայացրել Ստրասբուրգի, ևս մեկը՝ Հաագայի դատարան: Բաքուն պահանջում էր դրանք հետ կանչել:
Վաշինգտոնում կողմերը հայտարարեցին՝ երբ խաղաղության պայմանագիրը ուժի մեջ մտնի, կչեղարկեն բոլոր հայցերն ու գանգատները մեկ ամսվա ընթացքում:
«Ինչ տեսնում եմ Հայաստանի Հանրապետության վարվող քաղաքականության կողմից, դա՝ թողնել մեր հարցը՝ իրավունքի խախտման հարցը, թշնամու բարեհաճության վրա», - ընդգծեց Տաթևիկ Սողոյանը:
Սեպտեմբերից Բաքվի պահանջով նաև Կարմիր Խաչը չի կարող այցելել Ադրբեջանում պահվող հայերին, խնդիրների լուծման միակ խողովակը մնում են Հայաստանի ու Ադրբեջանի միջգերատեսչական հանձնաժողովները: