44-օրյա պատերազմից տուն չվերադարձած Համազասպ Պողոսյանի հայրը, որ արդեն 5-րդ տարին է անցկացնում որդու փնտրտուքով, դառնությամբ է ասում, որ ինքն ու բախտակիցները մասնագետներ են դարձել, անգիր արել մինչ այդ անծանոթ տերմիններ, բայց այդպես էլ արդյունքի չեն հասել:
«Եթե ուսումնասիրեիր իմ երեխայի գործը, մենակ իմը չէ, էնտեղ էդ հինգ գործն էլ լուրջ փաստեր ունեն, ոչ մեկի գործը չի ուսումնասիրել: Քննչականն ինչ պատասխան տվել է, էդ պատասխանը գրել է ու ասում է՝ Քննչականը ճիշտ է ասում», - ասաց հայրը՝ նշելով, - «Սաղ իմաստն այն է, որ ապացուցենք իրեն՝ քո կառույցները չեն աշխատում»:
Զինվորի հայրը վարչապետի հետ անցած շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպումից զայրացած է դուրս եկել: Պատմում է, որ դեռ երկու ամիս առաջ Փաշինյանն իրենց ընդունել էր, քննարկել ու առանձնացրել 5 գործ, խոստացել, որ կծանոթանա դրանց մանրամասներին ու նորից կհանդիպեն:
Վերջին հանդիպմանը, սակայն, ծնողը հասկացել է, որ վարչապետը ծանոթ չէ իրենց պնդումներին, և առաջ է տանում Քննչականի վարկածը, թե տղաները մահացած են, կան նույնականացումներ, մարմիններն ու մասունքներն էլ դիահերձարաններում են:
«Ուղիղ հարց եմ տվել, ասել եմ՝ իմ էրեխու գործին ծանո՞թ եք, ասաց՝ չէ, ասում եմ՝ բա ինչի՞ ես Քննչականի տված պատասխանն ընկալում, երկրորդ կողմին էլ պիտի լսես չէ՞: Ես իրան չեմ կարա դնեմ դատավորի տեղ, չի կարա լինի, բայց մի հատ օրինակ բերեմ՝ եթե գործ կա, մեղադրյալն ու տուժողն իրար դեմ են, պիտի երկուսին էլ լսի, չէ՞, դատավորը», - ասաց Համազասպ Պողոսյանի հայրը:
Քննչական կոմիտեն է քննում անհետ կորածների հարցերը: Դրա շրջանակում կատարվել են գենետիկ հետազոտություններ: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 2020 թվականից ի վեր դեռևս 81 մարմին ու մասունք են պահվում դիահերձարաններում, բայց դրանց նույնականացման արդյունքների հետ ծնողները համաձայն չեն:
18 տարեկանում որպես շարքային զինծառայող բանակ զորակոչված Համազասպի դեպքում էլ Քննչականը եզրահանգել է՝ մոխրացած մարմինը տղայինն է:
«Ինձ ասել են ДНК նույնականացում ունեք, երրորդ անգամ էլ պիտի ասեին, էդ ոցա՞ երկու անգամ իմ արյունով ДНК բացվեց, 3-րդ անգամ չի՞ բացվում: Անում են ДНК, բայց չի բացվում: Խաբել են ինձ, ի սկզբանե խաբել են, էնքան սուտ են խոսացել, որ էդ ստերի մեջ խճճվել են»:
Սակայն հայրը պնդում է՝ նախ որդու ու նրա զորքի մարտերի ժամանակ անօդաչու թռչող սարք չի կիրառվել: Եվ որ ամենակարևորն է՝ իրենց տրված մարմնի ատամնաշարը չի համապատասխանում տղայինի հետ. - «Իմ երեխան ունեցել է պլոմբած ատամ: Մենք մոտեցել ենք, ասել եք, որ պլոմբած ատամ ունի, ատամնաբույժը մոտեցել է մորգի դռան դիմաց, ասել է՝ էսինչ համարի ատամը հանեք, ես պլոմբել եմ, ատամը հանել են, պլոմբ չկա»:
Հայրն ասում է՝ եզրակացության մեջ ատամի մասին որևէ տող չկա: Մեկ այլ անհամապատասխանություն էլ՝ որդին դաջվածք չի ունեցել, բայց իրենց պնդում էին՝ թե ունեցել է: Վարչապետին ևս ասել է այս մասին. - «Ասում է՝ Քննչականն ինձ ուղարկել է նկար, ուղարկել է պատասխան՝ եղբայր, ո՞նց կլինի այդ ածխացած մարմնի վրա նակոլկա ճանաչենք: Ասում եմ՝ լավ, ածխացած մարմին է, նակոլկա չենք ճանաչի, չի երևում ոչ մի բան, բա էդ նակոլկեն ո՞ւմն է, գիտե՞ս, ասում է՝ չէ»:
Սեփական հետաքննությունն անցկացրած հայրը պնդում է, թե Քննչականը թերի աշխատանք է կատարել. - «Մենք սրբապիղծ չենք, մենք մեր էրեխեքին չենք կարա մորգերում թողնենք: Եթե Աստված ոչ անի, իմ երեխան զոհվել է, ես իմ երեխային պետք է հուղարկավորեմ»:
Կինն է դիահերձարանում ներկա եղել նմուշառմանը, համոզվել, որ անշունչ մարմինը իր որդունը չէ:
Պաշտոնական տվյալներով, 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է համարվում 191 մարդ, մոտ 900-ն էլ ղարաբաղյան առաջին պատերազմում է անհետ կորել: Անհետ կորածների հարցերով զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովն այս տարի երկու հանդիպում է անցկացրել, վերջինը՝ հունիսին: Երկու դեպքում էլ կոնկրետ արդյունքների մասին չի հաղորդվել, նշվել է, որ կողմերը կշարունակեն աշխատանքը:
Անհետ կորածների խնդրին Երևանն ու Բաքուն անդրադարձել են նաև խաղաղության նախաստորագրված փաստաթղթում: Պայմանավորվել են բանակցել ու այս հարցը լուծել առանձին համաձայնագրով։
Պողոսյանների ընտանիքում ասում են՝ իրենց պայքարը բոլոր բախտակիցների համար է, բոլորի անունից են պահանջում փնտրել որդիներին:
47-ամյա հայրը չգիտի՝ կգնա՞ վարչապետի հետ հաջորդ հանդիպմանը, թե՝ ոչ: Համենայն դեպս մի քանի հարց է տվել Փաշինյանին, նա էլ դրանք գրի է առել, որ հաջորդ հանդիպմանն անդրադառնա: