Մատչելիության հղումներ

«Որպեսզի բոլոր գերիները ազատվեն ու գան Հայաստան, ամենօրյա, աշխատանք է տարվում». ԱԽ քարտուղար


«Որպեսզի բոլոր գերիները ազատվեն ու գան Հայաստան, ամենօրյա, աշխատանք է տարվում», - Եղեգնաձորում «Ազատության» հարցերին ի պատասխան հայտարարում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հրապարակային շատ ջանքերի մասին դժվար կլինի խոսել: Ես կարող եմ մեկ օրինակ բերել՝ 2023 թվականի գերիների ազատման մասն, մենք հրապարակային դրա մասին չէինք խոսում, ավելի շատ կենտրոնանում էինք աշխատանքի վրա: Հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա դրա մասով, բայց հարցը կարելի է ասել շատ նուրբ է», - նշեց ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանն ընդգծեց նաև, որ ամենօրյա աշխատանք է տարվում, որպեսզի բոլոր գերիները վերադառնան Հայաստան:

«Ազատության» հարցին, թե որ երկրների հետ են տարվում աշխատանքները, Գրիգորյանը պատասխանեց. - «Բոլոր երկրների հետ: Բոլոր հնարավոր ուղղություններով աշխատում ենք»:

Արեն Գրիգորյանը մասնակցում էր Հայաստանում Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելություն գործունեության 2-ամյակին:

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը ևս անդրադարձել է Բաքվում պահվող գերիների հարցին՝ նշելով. - «Եվրամիությունը շատ հստակ ասել է, որ մենք ակնկալում ենք արդար դատավարություն և որ մենք ուշադիր հետևում ենք բոլոր զարգացումներին, որոնք կապված են այս կոնկրետ գործի հետ։ Ես գիտեմ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելում են այնտեղ գտնվող բոլոր բանտարկյալներին։ Եվ կարծում եմ, որ դուք պետք է նրանց հարցեր ուղղեք ավելի մանրամասն պայմանների մասին»:

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի ութ նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG