Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանն այսօր փակագծեր բացեց երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ ոսկեպարցիների ունեցած հանդիպումից՝ տեղեկացնելով՝ վարչապետն ասել է, թե ամենայն հավանականությամբ Ոսկեպարի կողքով անցնող միջպետական ճանապարհը կմնա Հայաստանի վերահսկողության տակ։
«Կարճ ու կոնկրետ պատասխանում եմ՝ էն, ինչ-որ առաջարկել ենք, էդ տարբերակն, ասաց, քննարկել ենք, 90 տոկոսով երևի կստցավի, ճանապարհն էլ կմնա մեզ», - «Ազատության»-ը ասաց Աղբալյանը՝ նշելով՝ «եթե իրականանա, լավ կլինի»։
Շուրջ մեկ ամիս առաջ, երբ վարչապետ Փաշինյանն այցելել էր Ոսկեպար, համայնքի բնակիչները հստակ «խնդրանք-պահանջ» էին դրել վարչապետի առջև՝ Տավուշի հատվածում Հայաստանի վերահսկողության տակ գտնվող 4 գյուղերը Ադրբեջանին փոխանցելու դեպքում գոնե թույլ չտալ նրանց անցնել Ոսկեպար գետից այս կողմ։
«Ազատության» հարցին, թե դա նշանակում է, որ ադրբեջանցիները գետը չեն անցնի՞, Ոսկեպարի վարչական ղեկավարն այսօր պատասխանեց․ - «Չէ , գետի էս կողմը չեն անցնի»։
Անդրադառնալով Ոսկեպերի 7-րդ դարի եկեղեցու ճակատագրին՝ Աղբալյանն ասաց՝ եկեղեցին եղել է հայկական տարածքում, մնալու է և եկեղեցու հետ խնդիր չկա։
Վարչապետի՝ ոսկեպացիների հետ երկու օր առաջ տեղի ունեցած հանդիպումից կառավարությունն առ այսօր որևէ բովանադակային տեղեկություն չի հրապարակել։ Պարզ չէ՝ իշխանությունն ի՞նչ լուծումներ է առաջարկում Ոսկեպարի կողքով անցնող միջպետական ճանապարհը Հայաստանի վերահսկողության տակ պահելու համար։