Մատչելիության հղումներ

Ի՞նչ է ասել վարչապետը ոսկեպարցիներին. ըստ պատգամավորի՝ հայ և ադրբեջանցի սահմանապահները կանգնելու են գետի երկու կողմերում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում այսօրվա հանդիպման ժամանակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում այսօրվա հանդիպման ժամանակ

«Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, որ Ադրբեջանի հետ նախնական բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել, որ գետի մի կողմում կանգնելու են հայ, մյուս կողմում՝ ադրբեջանցի սահմանապահները», - վարչապետի հետ հանդիպած ոսկեպարցիների խոսքերն է փոխանցում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այս պահին Ոսկեպարում է։ Եթե բանավոր պայմանավորվածությունը կյանքի կոչվի, ապա Հայաստան մտնող գազատարն ու Ոսկեպարի ճանապարհը կշարունակեն մնալ Հայաստանի վերահսկողության տակ։

«Էդ գետի ներքևի հատվածում, ասել է ոսկեպարցիներին, պիտի այդտեղ կանգնեն Ադրբեջանի սահմանապահ զորքերը, և Հայաստանի սահմանապահ զորքերն էլ: Այսինքն՝ էն ժամանակ ադրբեջանցին պիտի կանգներ, ասենք, ենթադրաբար պիտի կանգներ ճանապարհի վրա անմիջապես, և իր վերահսկողության տակ լիներ ճանապարհը՝ Ոսկեպարի ճանապարհը, էս անգամ ասել է՝ պայմանավորվել են, որ իրենց վերահսկողության տակ չի լինելու: Իր ասելով՝ գետից այն կողմ է լինելու, իր ասելով՝ նախնական ինչ-որ պայմանավորվածություններ է ձեռք բերել Ադրբեջանի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դանիելյանը:

«Բայց էդ պայմանավորվածությունները բանավոր են, էլի ըստ էդ պայմանավորվածությունների՝ նորից էլի առաջնագիծը կազմաքանդվելու է, կապ չունի՝ եթե էդ առաջնագծից մի կիլոմետր, կամ մի կիլոմետրուկես ա էլի զորքերի հետքաշում տեղի ունենալու, նորից էլի խնդիրներ են առաջանալու անվտանգային, միգուցե ոչ էն ծավալի խնդիրներ, որը որ էդ պարագայում պետք է լիներ, երբ կանգներ ադրբեջանական զորքերը դպրոցից 50-100 մետր էն կողմի վրա», - շարունակեց ընդդիմադիր պատգամավորը: - «Եթե հարցնեք տարբերություն կա՞ մի քանի շաբաթվա հայտարարության և հիմիկվա, կա՛ տարբերություն, որովհետև եթե ուշադիր նայեք, առաջին հանդիպման ժամանակ էդ մարդը եկել և ասել էր ոսկեպարցիներին, որ «եթե դուք չգնաք էս միակողմանի զիջումներին, մի շաբաթ հետո լինելու ա պատերազմ», հիմա էդ խոսակցությունը չի տեղի ունեցել, ասել է, որ «զիջում ենք, բայց ամբողջությամբ չենք զիջում, մասնակի ենք զիջում»: Բայց նորից էլի բանավոր պայմանավորվածությունների, և դա որևիցե մի աղերս չունի դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացի հետ»:

Հարցին՝ ինչի՞ դիմաց են ադրբեջանցիները համաձայնել շատ առաջ չգալ, Դանիելյանն արձագանքեց. - «Միգուցե դա զիջել են էն տարածքների, 31 բնակավայրերի հաշվի՞ն, որ պետք է Հայաստանին հետ վերադարձնեին, միգուցե զիջել են 300 քառակուսի կիլոմետրի հաշվի՞ն, որ հիմա զբաղեցնում են ադրբեջանցիները, ոչ մեկ չի իմանում, որովհետև դա, նորից եմ կրկնում, բանավոր պայմանավորվածություններ են: Այսինքն՝ սա լեգիտիմ չէ, ես այդպես եմ հասկանում: Էդ պահին Ադրբեջանը պահանջել է ամբողջությամբ, ինքը գնում է մասնակի պահանջների բավարարման: Բայց սա սահմանագծման-սահմանազատման հետ ի՞նչ կապ ունի»:

«Գյուղացիները բայց ավելի հանգի՞ստ են, հա՞, հիմա ավելի, անհանգստությունները փարատվե՞լ են նրանց», - այս հարցին էլ ընդդիմադիր խորհրդարանականը պատասխանեց. - «Դե գիտե՞ք ինչ կա, հիմա, իհարկե, որոշակի էդ առումով հանգստություն որոշ մարդկանց մոտ կա, որոշ մարդկանց մոտ, կրկնում եմ, բայց ամբողջությամբ էդ խնդիրներն ու պրոբլեմներն ու էդ հարցերը փարատված չեն, որովհետև բազմաթիվ էլի հարցեր կան»:

Ոսկեպարցիները վարչապետի հետ այսօրվա հանդիպման ժամանակ
Ոսկեպարցիները վարչապետի հետ այսօրվա հանդիպման ժամանակ

Բերքաբերում Փաշինյանի հետ հանդիպած բնակիչներից մեկն «Ազատությանը» փոխանցեց՝ վարչապետն ասել է, թե այս պահին որևէ փոփոխություն չի կատարվում։ Փոխանակման հարց, ըստ բերքաբերցի Հակոբի, չի քննարկվել։

Ի դեպ, Բերքաբերին պատկանող շուրջ 900 հեկտար հողատարածքները ավելի քան 30 տարի գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքով, գյուղն այս պահին ընդամենը 80 հեկտար հողատարածք ունի:

«Ընդամենը, չգիտեմ, ոնց կա էս պահին, էդպես մնում ա, հետագայում երևի կորոշվի, էլի, ամեն ինչ: Այժմ [այդ տարածքները] մնում ա, հա, էս պահի դրությամբ մնում ա, բայց էնպես չի, որ ինչ-որ փոխանակում կամ ուղղակի տենց էլ մնում ա, ուղղակի էս պահին մնում ա», - ասաց բերքաբերցին:

Բերքաբերի գյուղապետը հրաժարվեց մանրամասներ փոխանցել, բայց վստահեցրեց ՝ Փաշինյանն իրենց հողերը ադրբեջանականի հետ փոխանակելու առաջարկ չի արել. - «Մեզ նման առաջարկ չի արել, չէ», - ասաց Տիգրան Հարությունյանը։

XS
SM
MD
LG