Ոսկեպարում հիմա էլ սպասում են լուրերի Բրյուսելից. Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը, վստահ են, չեն շրջանցի ոսկեպարցիներին փոթորկած հարցը՝ 4 ոչ անկլավային գյուղերը ադրբեջանին կփոխանցվեն։
«Սպասողական դիրքում ենք, թե ապրիլի 5-ին ինչ պիտի որոշվի», - ասաց բնակիչներից մեկը»:
«Ոչ մեկին դավերիա չունեմ արդեն, մենք ղեկավարության հետ էլ դավերիա չունենք, հայ մարդու արժանապատվությունը կորավ, մեր պատիվը կորավ, մոր հարգանքը կորավ, մեր հիմքը կորավ», - ասաց ոսկեպարցի Խալլու Ավավերդյանը:
Ալավերդյանը Փաշինյանի ընտրողներից է՝ «ձեռքս կոտրվեր ձայն չտայի», հիմա փոշմանել է:
Հարևանուհին Խանում Պապյանն էր առարկում, թե Աշաղի Ասկիպարան՝ Ներքին Ոսկեպարը հայկական հող չէ, այդպես է՝ ասում է, բայց 4 գյուղերի փոխանցումը անտանելի է դարձնելու տարածքի բոլոր գյուղերում ապրողների կյանքը:
«Ալենն ասեց էլի՝ մի կտոր հող մեր տարածքից չեն տալու, բայց որ սահմանն Ադրբեջանն ա, ստեղ ապրելու տեղ ա, Ղարաբաղն էլ տենց ասեցին, տվին պրծան, էն ա մերն էլ համարյա տված ա», - նշեց Խանում Պապյանը:
Ըստ ոսկեպարցի կնոջ՝ Փաշինյանը գործը սխալ հերթականությամբ է անում, պիտի խաղաղության պայմանագրից սկսեր, հետո ադրբեջանցիներին մոտեցներ հայկական գյուղերին:
Համագյուղացին՝ Ջեմմա Սարուխանյանն ապշում է՝ ինչո՞ւ են ոսկեպարցիներն սկսել մեղադրել Փաշինյանին, փոշմանել, որ ընտրել են՝ ինչ արել են՝ նախկիններն են արել: Ըստ Ջեմա Սարուխանյանի՝ նախ ադրբեջանցիները քիչ-քիչ հաստատվել են այդ տարածքներում՝ անասնապահության քողով. - «Ես երեխա եմ եղել, մեր գյուղացիք ու Ներքին Ոսկեպարի ժողովուրդը իրար թուր-թվանք են եղել, բայց ղեկավարն եկել ա, ծախել, գնացել»:
Խորհրդային շրջանային իշխանությունը չի կանխել, 90 -ականների հաղթանակից հետո, երբ այդ գյուղերը Հայաստանի հսկողության տակ են անցել, ինչո՞ւ չեն փոխվել քարտեզի գծերը, հարցնում է տիկին Ջեմման, դարձյալ կրկնում՝ Փաշինյանն ի՞նչ անի հիմա. - «92-ին հաղթանակ տարան, իրանց համար քարտեզ կգծեին, ոչ թե չեկը ստորագրեին, ու հիմա՝ վարչապետը տալիս ա, եթե նրանք քարտեզ ունեն, տալու ա էլի»:
Շողիկ Հակոբյանը տնամերձ այգում ցանքս էր անում՝ հույսով, որ բերքը վայելելու են Ոսկեպարում։ Կինը, սակայն, կասկած ունի՝ եթե Ներքին Ոսկեպարը փոխանցեն, երեխաներին դժվար թե գյուղում պահի:
Ոսկեպարում ապրող ոչ մի կին գյուղի դահլիճում վարչապետի հետ հանդիպմանը չի մասնակցել։ Ի տարբերություն հարևան Կիրանցի, որտեղի վերջին շարքերում տասնյակ կանայք էին նստած, Ոսկեպարում դահլիճի միակ կինը Նոյեմբերյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, ծնունդով ոսկեպարցի Հայկանուշ Բեգլարյանն է, նա նաև ելույթի փորձ էր արել. - «Ես խնդրում եմ, որ մեր ղեկավարությանը մենակ դուք լսեք, մեր կառավարությանը լսեք»:
«Ոչ, ժողովուրդ, բոլորին էլ լսեք, ինչքան հավեսներդ տալիս ա, ինչքան հոգնած չեք, բոլորին էլ լսեք», - արձագանքել է Փաշինյանը:
Լսեք ու ծանրութեթև արեք՝ Ոսկեպարից հեռանալուց առաջ ասել էր Փաշինյանը. ուղիղ երկու շաբաթ է Ոսկեպարի գյուղամեջը հյուրերի է ընդունում, իշխանականներից դեռ ոչ ոք չի եկել, պատգամավորներ, քաղաքագետներ, տարբեր կազմակերպություններից են մարդիկ գալիս, իրենց խոսքով, Ոսկեպարի կողքին լինելու համար։ Գյուղի ակտիվը երբեմն լսում է նրանց, բայց հիմնականում ծանրութեթև անելու պրոցեսում են։