Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների հետ։
«Ազատության»-ը անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել մտնել դպրոց ու ներկա լինել հանդիպմանը։
Այսօր ավելի վաղ էլ Փաշինյանը հանդիպել էր Ոսկեպարի բնակիչների հետ։
Կիրանցում «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է անցել ոսկեպարցիների հետ հանդիպումը, վարչապետը չէր պատասխանել՝ նշելով՝ այնքան է խոսել, որ այլևս խոսելիք չունի։
Կառավարությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ մոտ մեկ ժամ է տևել։
«Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին», - հայտնեցին կառավարությունից։
Փաշինյանի հետ Տավուշում են նաև Հայաստանի փոխվարչապետ, հայկական կողմից սահմանազատման հանձնաժողովը ղեկավարող Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը։
Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։
Մարտի 18-ին Փաշինյանը կրկին Տավուշի մարզում էր։ Նա հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ, լսեց մտահոգություններն ու խոստացավ՝ բոլոր մտահոգությունները հաշվի կառնվեն, բանակցությունները վերջնական չեն, իսկ վերջնական որոշման դեպքում ևս մեկ անգամ կհանդիպի նրանց հետ։
Վարչապետն այդ օրն ուղիղ հայտարարեց՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։ Ընդդիմանալու վերջը, ըստ Փաշինյանի, մոտալուտ պատերազմը կլինի, իսկ պաշտոնական Երևանի քաղաքականությունը, վարչապետի խոսքով, պատերազմ թույլ չտալն է, «և սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման»։