Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պնդում է, թե բանակում ոչ մարտական պայմաններում գրանված մահերով վերջին տարիներին չբացահայտված որևէ գործ չկա։
«Իհարկե, զինված ուժերում շարունակում են լինել խնդիրներ, ցավալի դեպքեր, այդ թվում նաև մահվան դեպքեր, դրանց բացահայտումները շատ կարևոր են, ու էական է, որ վերջին տարիներին մենք չունենք չբացահայտված դեպքեր», - ասաց նախարարը:
Սուրեն Պապիկյանն անցած շաբաթավերջին այս հայտարարությունն անում էր Զինդատախազությունում։ Նա Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ միասին մասնակցում էր Զինվորական դատախազության անցած տարվա աշխատանքների ամփոփման վերաբերյալ միջոցառմանը։
Ավելին, ըստ նախարարի, ռազմական ոստիկանության ներգրավմամբ բացահայտվել ու կանխվել են այն դեպքերը, որոնք, Պապիկյանի ձևակերպմամբ, կարող էին վատ հետևանքներ ունենալ։ Հստակ չէ՝ խոսքը կոնկրետ ինքնասպանությա՞ն, ինքնասպանության հասցնելո՞ւ, թե՞ սպանության դեպքերի մասին է։
«Հետևողական աշխատանքը պիտի չդանդաղի», - նշեց նա:
Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանները մինչդեռ շեշտում են՝ ամեն տարի ոչ մարտական պայմաններում գրանցվող մահերի թիվը հակառակի մասին է խոսում: Հենց Զինվորական դատախազության օրերս հրապարակած տվյալով՝ անցած տարի ոչ մարտական պայմաններում 36 մահվան դեպք է գրանցվել։ Դեպքերից 5-ը սպանություն է որակվել, 7-ը՝ ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել, մյուսները, ըստ պաշտոնական հաղորդագրության, վթարների, ավիավթարի, հիվանդություն հետևանքով են։
Իրավապաշտպանները խնդրահարույց են համարում Պապիկյանի պնդումը
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ասաց. - «40 դեպքից 4-ը մարտական պայմաններում են, 36-ը՝ ոչ մարտական ու 36-ից արդեն 14-ը, լինելով սպանության և ինքնասպանության հետևանքով, կրկին շատ մտահոգիչ ցուցանիշ է, որն ըստ էության չի տարբերվում նախորդ տարիների ցուցանիշից: Այսինքն՝ կարող ենք ասել, որ կատարված աշխատանքները, որքան էլ որ դրանք լինեն, արդյունավետ չեն, որովհետև ցուցանիշը մեծ է»:
Իրավապաշտպանները խնդրահարույց են համարում նաև ռազմական գերատեսչության ղեկավարի այն պնդումը, թե վերջին տարիներին չբացահայտված որևէ գործ չկա։
«Իսկ ի՞նչ է ուզում ասել պաշտպանության նախարարը, որ այդ ծնողները, որ գիշեր-ցերեկ կառավարության ու այլ շենքերի տակ կանգնած են, իզո՞ւր են գնացել կանգնել, որ բողոքում են, որ չեն բացահայտել իրենց որդիների մահվան դեպքերը, որոնք հիմնականում ինքնասպանություն են որակված», - ասաց «Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը:
«Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը Պապիկյանի հայտարարությունները հանցագործությունների կոծկում է որակում։
«Տարիների ընթացքում մենք արել ենք երկու տասնյակից ավելի, մոտ 30-ից ավելի գործեր, որ հենց զբաղվել ենք ինքնասպանություն որակված գործերով, որտեղ որևէ մի գործով այլ վարկած առաջ չի քաշվել: Այսինքն՝ առաջին օրվանից պնդած ինքնասպանությունը անառարկելի ապացույցների դեպքում շարունակել է մնալ ինքնասպանություն», - ընդգծեց Ալեքսանյանը:
Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանը օրինակ է բերում 2017-ին մահացած կապիտան Անդրանիկ Մկրտչյանի քրեական գործը. - «Երբ փորձաքննությունները միանշանակ ապացուցել են, որ իր զենքից չի կրակված և իր ուղեղանյութը չկա այն զենքի վրա, որ իրենք պնդում են, թե իբր իր զենքով է կրակել, այդ գործերը զինվորական դատախազությունը գլխավոր դատախազի հովանավորչությամբ կասեցվում են, որ ապագա այս գործերը չունեն, և դրանք այլևս չեն բացահայտվում: Մնացած դեպքերում էլ նույն ձևով շարունակում են դատարաններն առաջ տանել ինքնասպանության վարկածը»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում էլ նման բազմաթիվ գործերի են առնչվել, երբ ծնողները համաձայն չեն եղել առաջ քաշված վարկածի հետ
Տարեսկզբից արդեն 2 մահվան դեպք է գրանցվել բանակում, որից մեկը սպանություն է որակվել, մյուսն էլ, ըստ նախնական տվյալների, կայծակնային զարգացած հիվանդության հետևանք է։ Ըստ իրավապաշտպանների՝ զինվորը թոքաբորբից է մահացել:
Վերջին շրջանում, ի դեպ, իշխանությունն բանակում առկա խնդիրների մասին խոսելիս պնդում է, որ դրանց արմատները կառույցից դուրս են։
Մինչդեռ իրավապաշտպանները նաև այս հայտարարություններն են խնդրահարույց համարում։