Մատչելիության հղումներ

Սիսիանում հուղարկավորեցին ժամկետային զինվորին. իրավապաշտպանը դեպքի պատասխանատուն վարչապետին է համարում


Սիսիանում այսօր հուղարկավորեցին ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանին:

Հոսպիտալում ժամեկտային զինծառայողի մահվան լուրը Պաշտպանության նախարարությունը հայտնեց երկու օր առաջ՝ առանց նշելու կոնկրետ հիվանդությունը: Գերատեսչության մամուլի քարտուղար Թորոսյանն ասել էր, թե հարցի պատասխանը կտա փորձաքննությունը:

Բայց մինչ այդ էլ կառույցից փոխանցել էին, թե բժշկական նախնական գնահատականով հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, վստահեցրել էին անհրաժեշտ բոլոր քայլերն արվել են, բայց անարդյունք:

Այս երկու օրերին թե մամուլը, թե տարբեր օգտատերեր պնդում են՝ զինվորը մահացել է թոքաբորբից: Նախարարությունից սա չեն հերքել, բայց նախարարության խոսնակն այսօր ոչ մի նոր բան չասաց՝ կրկին առաջարկելով սպասել դատաբժշկական փորձաքննությանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որ երկար տարիներ է՝ զբաղվում է զինծառայողների ու բանակի խնդիրներով, պնդեց՝ ողբերգության գլխավոր պատասխանատուն վարչապետն է:

«Այս դեպքի ուղիղ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով բոլորովին վերջերս հայտարարեց, որ բանակում գեթ մեկ խնդիր չկա: Ինքը դրանով բարձրագույն զինվորական կազմին ասաց, որ թքած ունեցեք, ինչ ուզում է՝ թող լինի: Երբ ասում է՝ գեթ մեկ խնդիր չկա, ինչպե՞ս պետք է ներսում կատարեն իրենց պարտականությունները», - նշեց նա:

Իրավապաշտպանը նկատի ունի մոտ մեկ ամիս առաջ՝ Բանակի օրվա առթիվ վարչապետի ելույթը:

Մահացած զինվորի հարազատների հետ զրուցել դեռ չի հաջողվել: Արտակը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ: Ծառայում էր Իջևանի զորամասում: Ընդ որում՝ այս զորամասում վերջին մեկ շաբաթում սա երկրորդ ողբերգական դեպքն է: Անցած շաբաթ հաղորդվեց 19-ամյա զինծառայող Սևակ Հովհաննիսյանի սպանության մասին:

XS
SM
MD
LG