Նոյեմբերի 14-ի երեկոյան 19-ամյա զինծառայող Նարեկ Գրիգորյանի հոգեհանգիստն է։ Զինծառայողը Արարատի Աբովյան գյուղից է։
«Աշխույժ, ընտիր երեխա, օգնող», տեղացիներն այսպես բնորոշեցին այսօր Նարեկին։
Երեկ՝ առավոտյան 9.20 ի սահմաններում, Նարեկի մարմինը հայտնաբերվել էր ռազմական ոստիկանության կարգապահական վաշտում՝ կախված։ Քրեական գործ է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քննչական կոմիտեից ասում են՝ երկու տասնյակից ավելի անձինք են հարցաքննվել, առգրավել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները, փորձաքննություններ են նշանակվել։
Գրիգորյանների հարևանուհի Ռուզաննա Ալավերդյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ չգիտեն՝ ինչու է տղան կարգապահական վաշտում հայտնվել, տարբեր լուրեր են լսում, թե սմարթֆոն է ունեցել, զորամասն է ինքնակամ լքել։
«Մեզ համար էլ է անհայտ, մենք էլ ենք շոկի մեջ։ Ինքն այնքան լավ երեխա էր, ինչո՞ւ պիտի տենց լիներ, կամ թեկուզ մյուս երեխեքի հետ», - ասաց նա։
Գյուղի բնակիչներից Գրիգոր Կարապետյանն էլ հավելեց. - «Իրիկունն այնտեղ էի, տարբեր վարկածներ էին ասում՝ ինքնասպանություն...մութ գործ է»։
Ըստ զինված ուժերի կանոնագրքի՝ կարգապահական տույժը կարգապահության ամրապնդման ու դաստիարակելու մեթոդ է, իսկ զինծառայողն այդտեղ, ըստ պաշտոնական վարկածի, կախված է հայտնաբերվում։
Նարեկին ծնողներն ու երեք դպրոցահասակ քույրերը տասն ամիս առաջ են բանակ ճանապարհել, Երևանի ուսումնական զորամասում էր ծառայում, 6 ամիս անց տեղափոխվել է Տավուշ՝ Բերդի զորամաս։ Գյուղում հիշում են, որ տղան դպրոցն անգամ չէր ավարտել ու բանվորություն էր անում ընտանիքին օգնելու համար։
Նարեկ Գրիգորյանն այս տարվա 36-րդ զինվորն է, որ մահանում է բանակում, խաղաղ պայմաններում ու ոչ հակառակորդի կրակոցից։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալով՝ այս տարի սա ինքնասպանության 9-րդ դեպքն է։ Իրավապաշտպաններն ահազանգում են՝ սպանությունների ու ինքնասպանությունների թիվը զինված ուժերում ավելանում է, և սա նշանակում է՝ համակարգային խնդիրներն այդտեղ լուծող չկա։
Նարեկի ծննդավայրում էլ նույնն են ասում՝ «ղեկավարության անուշադրությունն է, կարգապահություն չկա»։
Պաշտպանության նախարարը երկու շաբաթ առաջ խորհրդարանական ամբիոնից խոսեց բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի մասին, նշեց՝ մահվան ոչ բոլոր դեպքերն են ծառայության պատճառով, այնուամենայնիվ ընդունեց՝ մարտահրավերներ կան։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.