Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն զինվորի մահվան դեպքը որակել է սպանություն. մեղադրյալներ դեռ չկան


19-ամյա զինծառայող Սևակ Հովհաննիսյանն ամռանն էր զորակոչվել բանակ, նա Հրազդան քաղաքից էր, «Ազատությանը» փոխանցեց քաղաքապետի խոսնակ Արամայիս Պողոսյանը:

«Ունի մեկ եղբայր իրենից մեծ, զորակոչվել է բանակ 2024 թվականի հունիս ամսին: Շատ հարգալից ընտանիք են, ծնողները հարգանքով, ընդհանուր թաղամասում որևիցե խնդիր չեն հարուցել: Հայրը, մեր ունեցած տեղեկություններով, արտագնա աշխատանքով է զբաղվել», - ներկայացրեց Պողոսյանը:

Բանակում այս տարի զինվորի մահվան առաջին դեպքը Քննչականը որակել է սպանություն, այժմ քննում են՝ պարզելու, թե ով կամ ովքեր են սպանել Սևակ Հովհաննիսյանին: Մեղադրյալներ դեռ չկան, կոմիտեն այլ մանրամասներ դեռ չի հայտնում: Մինչ Քննչականը մանրամասներ չի հաղորդում, թե այս ողբերգությանը ինչ միջադեպ է նախորդել, մամուլն արդեն գրում է, որ վեճ է եղել:

Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդեց միայն, որ զինծառայողի դին հայտնաբերվել է առավոտյան 9:20-ի սահմաններում՝ հրազենային վնասվածքով: Ոչ մի խոսք վեճին կամ մահվանը նախորդած որևէ միջադեպի մասին: Միայն նշել են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Անցած տարի բանակում մահվան 40 դեպքից 36-ը գրանցվել է ոչ մարտական պայմաններում, 4 զինվոր հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է զոհվել:

«Այսինքն եթե վեճ է բորբոքվում երկուսի միջև ու դրանից բարձր գտնվող անձը չի կարողանում հանգուցալուծել այդ վեճը, ապա մեղավորը ոչ միայն այն անձն է, ով կատարել է հանցագործությունը, այլ այն, ով չի գտնվել իր վայրում, որպեսզի կանխի այդ հանցագործությունը», - ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները տևական ժամանակ է քննադատում են իշխանություններին փակ համակարգ համարվող զինված ուժերն անարդյունավերտ կառավարելու, կանոնադրական հարաբերությունները չպահպանելու համար:

Մինչդեռ Բանակի օրվա առթիվ Պաշտպանության նախարարություն այցելած վարչապետը նույն այս մեղադրանքներն ուղղել էր ոչ թե իր թիմին, այլ հասարակությանը. - «Բանակում չկա թեկուզ մեկ հատիկ պրոբլեմ ու թերություն, որ չի ծնվել բանակից դուրս»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ընդգծում է՝ զինված ուժերում գործում է հատուկ կանոնակարգ, կան վերադասներ, որոնց վատ վերահսկողությունն էլ կարող է հանգեցնել նման ողբերգությունների:

«Իրականում շատ տխուր է, երբ կառավարման ղեկին կանգնած անձինք հիմնականում բոլորին պատրաստ են մեղադրելու, մասնավորապես ծնողներին, դպրոցին, հասարակությանը, քրեական ենթամշակույթը, տարբեր այլ խնդիրներ դիտարկել բացի համակարգային խնդիրները, որոնք հենց պատճառն են խաղաղ պայմաններում մահացության դեպքերի, որոնք շարունակաբար մնում են գրեթե նույնը», - նշեց Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը նկատում է, որ սովորաբար զինված ուժերում սպանությունների կամ ինքնասպանությունների դեպքերում իրավապահները սահմանափակվում են բացառապես հանցագործությունը կատարողներով, ու լուսանցքից դուրս է մնում բանակի ղեկավար կազմը, որին էլ հանձնված է զինվորների կյանքն ու առողջությունը:

XS
SM
MD
LG