Մատչելիության հղումներ

Բանակում խնդիրների՝ Փաշինյանի բացատրությունը իրավապաշտպանները քննադատում են, ՔՊ պատգամավորը՝ պաշտպանում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Պաշտպանության նախարարությունում, Երևան, 28-ը հունվարի, 2025թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Պաշտպանության նախարարությունում, Երևան, 28-ը հունվարի, 2025թ.

«Մեղքն ուրիշի վրա բարդելու քաղաքականություն». իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այսպես է բնորոշում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե «չկա որևէ պրոբլեմ, որի սեփականատերը բանակն է»։

Վարչապետն այս տեսակետը հնչեցրեց երեկ՝ Բանակի օրվա առիթով այցելելով Պաշտպանության նախարարություն. - «Բանակում էսօր չկա թեկուզ մի հատիկ պրոբլեմ, թեկուզ մի հատիկ թերություն, որը չի ծնվել բանակից դուրս»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան, արխիվ
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան, արխիվ

«Եթե էդպես ես մտածում, դու ո՞նց կարող է ինչ-որ բան փոխես բանակում», - հակադարձում է Ժաննա Ալեքսանյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը պետության ղեկավարին հիշեցնում է՝ ծառայության ընթացքում զինծառայողը պետության հոգածության տակ է։ Նա բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի օրինակով անդրադարձավ պետության պատասխանատվությանը. - «Վիճակագրությունը վկայում է այն մասին, որ սպանության, ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերին նախորդում են դեպքեր, երբ զինծառայողների նկատմամբ տեղի է ունեցել կա՛մ բռնություն, կա՛մ ֆիզիկական ճնշումներ և խոշտանգումներ: Այսինքն՝ սա հասարակությունից եկող չէ այն իմաստով, որ գոյություն ունեն զորամասերում հրամանատարներ, որոնք կրում են անմիջական պատասխանատվություն զորամասում զինծառայողների կարգապահության պահպանման առումով»:

Իրավապաշտպան Նազելի Մովսեսյան, արխիվ
Իրավապաշտպան Նազելի Մովսեսյան, արխիվ

Անցած տարի բանակում մահվան 40 դեպքից 36-ը գրանցվել է ոչ մարտական պայմաններում: Ըստ Նազելի Մովսեսյանի, իրենց այս վիճակագրությունը խոսում է այն մասին, որ պետության քայլերն արդյունավետ չեն:

«Ինքնասպանության հետևանքով 9 դեպք է արձանագրվել, և սպանության հետևանքով՝ 3 դեպք: Միջինում վերջին, կարող ենք ասել, 7-8 և ավելի տարիների ընթացքում մահվան դեպքերը հենց կոնկրետ ինքնասպանության և սպանության հետևանքով գերազանցում են 10-ը: Դիտարկելով մահվան դեպքերի վիճակագրությունը և դինամիկան՝ կարող ենք տեսնել, որ որևէ դրական փոփոխություն այդ ուղղությամբ չի արվել», - ընդգծեց Մովսեսյանը:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանին անհանգստացնում է կյանքի իրավունքին իշխանության վերաբերմունքը։ Հիշում է՝ 2 տարի առաջ 15 զինծառայողի կյանք խլած Ազատի կացարանի հրդեհի առաջին վարկածը դեպքից բառացիորեն ժամեր անց հենց Կառավարության նիստում առաջ քաշվեց, թե կրակը բռնկվել է վառարանը բենզինով թեժացնելու պատճառով։

«Վարչապետն էր վարում քննությունը Կառավարության շենքում, իր ենթականերին կողքը նստեցրած, նախարարին, դեպքի վայր չէին այցելում՝ տեսնեն ինչ է պատահել, և վարչապետը իր վարկածն էր թելադրում, որը մինչև հիմա առաջ է տանում նախաքննության մարմինը, և էդ բողոքները և ուրիշ այլ բազմաթիվ տեղեկությունները չեն անցնում: Կամ, ասենք, դիվերսիայի վարկած չի քննվել, որի մասին արդեն խոսում է փաստաբանը: Եվ էդ անպատասխանատվությունը էդ մահերի նկատմամբ... », - ընդգծեց Ալեքսանյանը:

Իշխանական պատգամավոր Ալխաս Ղազարյանը, մինչդեռ, համաձայն է վարչապետի հետ, այսօր նաև բացատրում էր՝ ինչ նկատի ունի Կառավարության ղեկավարը. - «Երբեմն նաև ծառայակցի պատասխանատվությունից է կախված, ծառայողի բարեվարքությունից է կախված: Կարգուկանոնը ի վերջո հենց զինվորից սկսած պետք է բանակում պահպանվի: Ես կարծում եմ, որ էդ խոսքերը հենց միտված են նրան, որ զինծառայողն էլ, սպան էլ, մյուսն էլ, մյուսն էլ, հենց իրենց բարեվարքության հետևելով ու մտածելով հենց բանակի որակի բարելավման, իրենց ծառայության որակի բարելավման, հենց ինքն էլ պետք է դրսևորի որոշակի կանոններ, որ կարողանա ավելի հա՛մ հեշտ ծառայի, հա՛մ ծառայությունը հաճելի լինի և հեշտ լինի»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյան, արխիվ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյան, արխիվ

Պատասխանատվությունից խուսափելու՝ իշխանության ուղղված մեղադրանքները վարչապետի կուսակիցն ընդհանրապես չի ընդունում:

«Նույնիսկ մանրամասն քայլերով, ասենք, բացատրում է՝ հայտարարագրումն ինչպես լրացնել՝ իր իսկ օրինակով, կամ էս քայլը, կամ էն քայլը, սա ինչի մասին է խոսում՝ որ յուրաքանչյուր քաղաքացու հնարավորինս, պատասխանատվություն է վերցնում՝ բացատրելու քաղաքացուն յուրաքանչյուր բարեփոխման ամենանուրբ ու մանր կետերով, որը որ իրականում վարչապետի ծանր գրաֆիկի մեջ, կարծում եմ, է՛լ ավելի է ծանրացնում իր օրվա գրաֆիկը, բայց, այնուամենայնիվ, դա էլ է պատասխանատվության զգացում», - պնդեց Ալխաս Ղազարյանը:

Իսկ բանակի խնդիրներով տարիներով զբաղվող իրավապաշտպանները չեն տեսնում իշխանության ջանքերը:

«Ոչ մի միտում չունեն բան փոխելու: Եթե բացահայտեն էդ գործերը, կկանխվեն բանակում էդ մահվան դեպքերը», - ընդգծեց Ժաննա Ալեքսանյանը՝ շարունակելով. - «Չունեն այդպիսի մտադրություն, որ պաշտպանում են իրենց էդ հիվանդագին, էդ հետադիմական, սովետական մտածողությունը՝ բոլորը մեղավոր են, բացի իրենցից»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG