Ինչո՞ւ գլխավոր դատախազը պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետևից չէր գնում խորհրդարան, երբ Աղազարյանը իշխող թիմում էր, բոլոր ՔՊ-ականների պես պաշտպանում էր Փաշինյանի քաղաքական գիծն ու չէր մերժել մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը, ընդդիմադիր պատգամավորներն այսօր գլխավոր դատախազից այս հարցի պատասխանն էին պահանջում:
«Քանի որ մենք գործ ունենք բազմադրվագ կաշառքի սխեմայի հետ, մեր նպատակն էր ամբողջական ծավալով ապահովել քննությունը և Ազգային ժողով գալ միայն այն ժամանակ, երբ պատրաստ կլինենք գործն ուղարկել դատարան», - ասաց նա:
Խորհրդարանում այսօր քննարկում էին Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Երկու քրեական գործով Աղազարյանը կասկածվում է կոռուպցիոն գործարքների համար: Ըստ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի՝ Աղազարյանին առաջարկել են խոշոր կաշառքի դիմաց միջնորդել ոչխարներ արտահանել Արաբական Միացյալ Էմիրություններ առանց կարանտինի, կեղծ փաստաթղթերով: Ըստ քրեական գործի՝ քաղաքացիներ Սլավիկ Կարապետյանն ու Աշոտիկ Կամավոսյանը ցուցմունքներ են տվել, որ Սևանում հանդիպել են իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ու առաջարկել գործարքը:
«Աղազարյանի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանը Աշոտիկ Կամավոսյանի անունից առաջարկել է 200-ից 300 հազար դոլար, 150-ից 200 հազար գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու համար», - ասաց դատախազը:
«300 հազար դոլար կաշառք ... Հայաստանում այդքան ոչխար չկա, Հայաստանում այդ պահին եղել է 600 հազար ոչխար բոլորը միասին վերցրած: Երբեք չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն, և հետևաբար, քանի որ չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն, ես չէի կարող նաև կա՛մ համաձայնություն տալ, կա՛մ հրաժարվել», - իր ելույթում ասաց Հովիկ Աղազարյանը:
Մյուս քրեական գործով էլ Արամ Մկրտչյան անունով քաղաքացին ցուցմունք է տվել, թե Աղազարյանին 23 հազար դոլար է տվել, որ միջնորդի բազմաբնակարան շենքի կառուցապատման թույլտվության համար, Աղազարյանը գործը տապալել է, գումարը հետ չի տվել:
Պատգամավոր Աղազարյանը պնդում է, որ այս քրեական գործի մասին տեղեկացել է գլխավոր դատախազի միջնորդագրից, իրեն ոչ մի անգամ չեն հրավիրել հարցաքննության, երբ այս գործը, ըստ գլխավոր դատախազի, 2023-ից է հարուցվել: Աղազարյանն ասաց՝ իր դեմ ցուցմունք տված մարդուն 8 հազար դոլար պարտք է եղել, վերադարձրել է, բացի այդ դեռ 2024-ի հունվարին ոստիկանություն է դիմել այդ զրպարտության համար, բայց գործին ընթացք չեն տվել:
«Գրողը տանի, ո՞նց է՝ մի հատ ուղիղ ցուցմունք չկա, ինքը խոսացել է, ձայնագրել է, ուղարկել, եթե անուղղակի ցուցմունք կա, դուք ո՞նց եք հիմք ընդունում: Բնականաբար սա քաղաքական ճնշում է, վարչապետի հրահանգով է, ինչի՞ մասին է խոսքը, և բոլոր ինստիտուտները, բացի ներքին գործերի համակարգից լծված են այդ գործի վրա», - պնդեց նա:
Պատգամավոր Աղազարյանի ու իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հարաբերությունները լարվեցին անցած տարեվերջին, երբ Փաշինյանը sms-ով խնդրել էր՝ Աղազարյանը մանդատը վայր դնի: Նա մերժեց, հետո Աղազարյանին հեռացրին կուսակցությունից ու խմբակցությունից:
Ընդդիմադիրները հենց այս հիմքով էլ պնդում էին, որ սա հաշվեհարդար է նախկին թիմակցի նկատմամբ, ու գլխավոր դատախազը, նրանց ձևակերպմամբ, քաղաքական պատվեր է կատարում:
«Բոլորին էլ հայտնի է, որ Հովիկ Աղազարյանի այդ չորկողության պատճառով, որ դուրս չեկավ, մանդատը վայր չդրեց, դրա համար դուք այսօր այստեղ եք», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը:
Հովիկ Աղազարյանի նախկին թիմակիցներն էլ հարցեր ունեին, քրեական գործի բովանդակությունից մինչև քաղաքական: Արդյոք քրեական գործերը կապ ունեն մանդատը վայր չդնելու որոշման հետ, Աղազարյանին հարցրեց Ազգային ժողովի խոսնակը:
«Դուք այս քրեական գործի գոյությունը կապո՞ւմ եք այն բանի հետ, որ հրաժարվել եք մանդատը վայր դնելու կուսակցության հորդորին», - հետաքրքրվեց Ալեն Սիմոնյանը:
«Այս մի գործը ես չեմ կապում իմ հետ տեղի ունեցած այս վերջին երևույթների հետ, իսկ երկրորդը միանշանակորեն կապում եմ», - արձագանքեց Հովիկ Աղազարյանը:
Աղազարյանը հայտարարեց, թե Փաշինյանն իրեն մեկուսացնում է քաղաքականությունից, քանի որ ներթիմային հարցերում երբեմն ընդդիմացել է նրա քաղաքական դիրքորոշումներին:
Քննարկումը վաղը կշարունակվի: Հաջորդը ընդդիմադիր պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է: Երևանի նախկին քաղաքապետի գործով կասկածներ կան, որ նա մանկապարտեզների ու դպրոցների տարածքներ է ապօրինի օտարել: Տարոն Մարգարյանը դա համարում է քաղաքական հետապնդում: Այս հարցով քննարկմանը ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցի: Քվեարկությունը գաղտնի է, իշխող թիմի ձայները բավարար են անձեռմխելությունից զրկելու համար: