Մատչելիության հղումներ

Վարչապետի այցից մի քանի օր առաջ Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցի նոր քահանա է ուղարկվել


Վարչապետ Փաշինյանի այցից երեք օր առաջ Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի նոր քահանա են ուղարկել՝ Տեր Երվանդ Բաբայանին: Գյուղի քահանան՝ Տեր Հարությունը, այսօրվանից արձակուրդում է, «Ազատությանը» պատմեց եկեղեցու մոմավաճառ տիկին Լուսիկը:

Այսօր է իմացել, որ Տեր Հարությունը գնացել է: Տեր Երվանդին էլ այսօր էին սպասում: «Ազատությունն» էլ մի քանի ժամ սպասեց, այդպես էլ չեկավ:

Տեր Հարությունին գյուղում լավ են ընդունում, սիրում են, ասաց Լուսիկ Մանուկյանը: Թե ինչու է իշխանականների այցից առաջ արձակուրդ գնացել, հստակ չգիտի, ենթադրում է՝ անձնական պատճառներով. «Բալիկի է սպասում»:

Նոր քահանային Արարատ գյուղ են ուղարկել Մասյացոտնի թեմից: Թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոսը միակն է, որ հոգևոր ժողովում դեմ է քվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին կարգալույծ անելուն:

Տեր Երվա՞նդն է ցանկացել Փաշինյանի այցի օրը խորան բարձրանալ, թե՞ սուրբ Հակոբի քահանան է հրաժարվել այդ պատարագը մատուցել, ինչո՞վ են բացատրում այս փոփոխությունը հոգևորականների դեմ արշավ սկսած Փաշինյանի այցից երեք օր առաջ. ո՛չ քահանաներից, ո՛չ էլ թեմի առաջնորդից պարզել չհաջողվեց: «Ազատության» զանգերին չպատասխանեցին:

«Երկրի վիճակը սենց, ընկել են եկեղեցիների հետևից, եկեղեցու միայն սրբություն է», - ասում է տիկին Լուսիկը, որը Տեր Երվանդին էլ է սիրով սպասում:

Կիրակի էլ այստեղ է լինելու: Ուրախ է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է պատարագի մասնակցել, աղոթք լսել, բայց ի՞նչ է ուզում եկեղեցուց ու կաթողիկոսից, զարմանում է նա:

Եկեղեցու, կաթողիկոսի դեմ պայքարին Լուսիկ Մանուկյանը դեմ է: Չի հասկանում՝ ինչու է իշխանությունը ընկել հոգևորականների հետևից, երբ հազար ցավ կա երկրում, մեկն էլ իրենց տուն է հասել՝ 44-օրյա պատերազմում Լուսիկ Մանուկյանի թոռն է անհետ կորել. «Անտանելի ցավ է, ոչ մեկին չեմ ցանկանում: Իմ թոռնիկի կորելուց հետո եմ մտել եկեղեցի, որ աղոթեմ Աստծուն մենակ, իրենից եմ խնդրում, որ իմ բալեն տուն վերադառնա»:

Փաշինյանի այցի մասին էլ եկեղեցում մարզպետարանի աշխատակիցներից են լսել, ասաց՝ այսօր եկել, տեղեկացրել են, որ կիրակի բարձրաստիճան հյուրեր ունեն:

Վարչապետին գյուղամիջում նարդի խաղացող տղամարդիկ էլ են սպասում: Պատարագին կգնան, որ Փաշինյանին տեսնեն ու ձեռքը սեղմեն: Եկեղեցի-իշխանություն վեճով հետաքրքրված, մտահոգված չեն: Կարևորն, ասում են, իրենց հարցը լուծվել է՝ խաղողը ժամանակին մթերում են:

Փաշինյանն իր թիմակիցներով անցած կիրակի էլ Վայոց ձորի Խաչիկ գյուղի եկեղեցում էր: Պատարագին ներկա էր նաև թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագը մատուցել է Հովհաննես քահանա Մաթևոսյանը, կաթողիկոսի անունը չի հիշատակել: Սա եկեղեցու կանոնների խախտում է: Արդյոք այս քահանային էլ կարգալույծ կանեն, ինչպես Փաշինյանին միացած Տեր Արամին, որ Հովհաննավանքի քահանան էր: Մայր աթոռից հստակ արձագանք դեռ չկա:

Քահանայի բացատրություններից հետո թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանը կկատարի անհրաժեշտ տնօրինումները և կներկայացնի հարկ եղած լուսաբանումները, «Ազատությանը» փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը: Կաթողիկոսի հրաժարականը պահանջող Փաշինյանի ներկայությամբ պատարագին թեմակալ առաջնորդի ներկայությունն Էջմիածնում նորմալ են համարում:

XS
SM
MD
LG