«Այս երկու տղաներին ասեմ՝ ամոթ ձեզ, ամոթ ձեզ, որ երբևէ հոգևորական եք եղել». - Ապարանի Սուրբ խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը դառնացած է դուրս գալիս Երևանի քննչական վարչության շենքից, ենթադրում է՝ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամի ու քահանայական կարգից չզրկված, բայց կարգալույծին աջակցող Տեր Թադեի ցուցմունքների հիման վրա են Արագածոտնի թեմի քահանաները հերթով Քննչական գալիս:
«Խաղաղ կյանքով ապրում էինք մենք, շատ ներդաշնակ, բոլորս մեր ծառայությունը գիտեինք, բոլորս մեր ծառայության ուղղությունը գիտեինք և ծառայում էինք: Ինչու ընդվզեցին՝ այդ հարցը տվեք իրենց, և դա թող մնա իրենց խղճին, և դրա համար, ես ներողություն պիտի խնդրեմ իր ծնողներից՝ իր մայրիկից, հայրիկից, որ, այո, իրենց որդին դավաճան է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տեր Մուշեն:
Քննչական կոմիտեում քննվող քրեական գործը հավաքներին մասնակցելու հարկադրանքի վերաբերյալ է: Նաթան արքեպիսկոպոսի ու Աղան աբեղայի հանրայնացված հեռախոսազրույցից հետո հարուցվեց:
Փաստաբանների տպավորությամբ՝ Քննչականն այս գործով հաջողության չի հասնում, և այժմ նոր հանցակազմի՝ խտրականության ուղղությամբ են ծավալվում, քահանաները կարգալույծ են արվում իրենց արտահայտած մտքերի համար:
«Հավանաբար ասել են, որ մեզ միշտ նեղել են, ճնշել են, և էդպես խտրականություն է եղել, բայց չկա այդպիսի բան», - վստահեցրեց Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվը:
Արդյո՞ք քրեական վարույթի այս նոր զարգացումների շրջանակում Քննչական են հրավիրվել Ստեփան Ասատրյանը՝ կարգալույծ Տեր Արամը, և Տեր Թադեն. Ասատրյանը «Ազատության» զանգերն անպատասխան թողեց, Տեր Թադեն հրաժարվեց որևէ հարցի պատասխանել. - «Չպատասխանեմ, հա՞, հարցազրույց ոչ մի ձևով կփորձեմ չտամ էս ընթացքում»:
Քննչական կոմիտեն նույնպես տեղեկատվություն չի տալիս հիմնականում Արագածոտնի թեմի քահանաների շուրջ ծավալվող իրավական այս նոր ընթացքի վերաբերյալ:
Եկեղեցու ներսում ճնշումների ու խտրական վերաբերմունքի մասին սեպտեմբերի սկզբից ահազանգում է այժմ քահանայական կարգից զրկված Տեր Արամը. - «Հիմա մեր առաքելությունը ի՞նչ է՝ որ կեղտը, մեղքը հեռացնենք: Հիմա դուք ինձ մեղադրում եք, կամ Մայր Աթոռը եթե ինձ մեղադրում է էն հարցում, որ ես խոսում եմ, ասում եմ՝ խնդիր կա, կեղտ կա, մեղք կա, և այս ամենը վարկաբեկում է որևէ մեկի անձը, ուրեմն էսպես եմ պատկերացնում, որ մենք ուզում ենք, որ մեղքը, անարդարությունը լռի»:
Երկու օր առաջ էլ նա սոցցանցային գրառմամբ ամփոփել էր. - «Կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը 26 տարիների ընթացքում ապօրինի կարգալուծություններով շուրջ 150 օծված եկեղեցականների հեռացրել է եկեղեցուց, այդ թվում 3 եպիսկոպոս, վարդապետներ, աբեղաներ և քահանաներ։ Եվս 150 և ավել սարկավագներ իրավիճակից դրդված, սեփական կամքով, հեռացել են, և ոմանք էլ հեռացվել են հոգևոր ասպարեզից, իսկ ապօրինի հեռացված ճեմարանականների թիվը մի քանի հարյուրի է հասնում»։
Եկեղեցու ներքին հարցն է կարգալուծությունը, Քննչականն ի՞նչ կապ ունի, տարակուսում է այս թեմայով քննիչների հարցերին հանդիպած Տեր Մուշե քահանան. - «Իսկ ինչո՞ւ պիտի քննեին, երբ որ Սահմանադրությամբ Մայր եկեղեցին ինքնակառավարվող կառույց է, և պետությունը իրավունք չուներ, Սահմանադրությամբ հաստատված է»:
Փաստաբան Արմինե Ֆանյանն անհեթեթ է համարում խտրականության փնտրտուքը եկեղեցու ներսում:
«Պետությունը միջամտում է եկեղեցու ներքին կյանքին, որը բնականաբար անթույլատրելի է, այն էլ՝ քրեական վարույթներով, որը ավելի շատ ռեպրեսիայի է նման, քան ինչ-որ ճշմարտություն բացահայտելու կամ հանցանք վերհանելու դրսևորում: Էդպես որ լինի, ինչքան կարգալույծ քահանա կա, կգա կասի՝ «իմ նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը՝ հավելելով. - «Կինը չի կարող եպիսկոպոս լինել, կինը չի կարող խորան բարձրանալ, կինը չի կարող քահանա լինել, չմկրտված անձը չի կարող հաղորդություն ստանալ, այսինքն՝ սրանք արգելքներ են, որոնք էլի խտրականության դրսևորումներ են»:
Ֆանյանի խոսքով՝ ամեն շաբաթ ծանուցում են ստանում հարցաքննության վերաբերյալ, Քննչական կոմիտեն ուղղակի ողողված է հոգևորականներին առնչվող քրեական գործերով: Սա, ըստ նրա, իշխանության հակաեկեղեցական պայքարի շրջանակում է: Քրեական գործեր կան բարձրաստիճան հոգևորականների մասով:
«Գտնում են թույլ օղակներ, որոնց միջոցով կարողանում են, այսպես, փորձել ներքին պառակտում մտցնել և եկեղեցին ներսից թուլացնել», - նշեց Ֆանյանը:
Վաղը, երկուշաբթի օրը Արագածոտնի թեմի հոգևորականների հոսքը դեպի Քննչականի շենք շարունակվելու է: Տեր Մուշե քահանան սպասում է նախկին հոգևոր եղբայրների հետ հանդիպմանը՝ Մայր Աթոռի մատույցներում:
«Մենք ամուր ենք մեր տեղում ու պաշտպանն ենք և՛ Արագածոտն թեմի, և՛ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի: Եթե ինքը միանում է որոշակի արշավների, չգիտեմ, ինչպես որ ինքը հայտարարեց, դա արդեն ինքը գիտե, բայց հավանաբար կհանդիպենք արդեն Մայր Աթոռի մատույցներում», - հայտարարեց Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվը: