Վաղարշապատ համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի հաղթանակը ոգևորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն ժողովրդավարության տեսանկյունից, այլև Վեհափառից ազատվելու իր ծրագրի շրջանակում:
Խոնարհվելով Վաղարշապատ համայնքի ընտրողների առջև՝ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր գրառման մեջ նաև արձանագրել է՝ հենց վաղարշապատցիները իրենց ընտրությամբ լիցքավորեցին Վեհարանը ազատագրելու իր գործընթացը. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։
Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը հակադարձում է վարչապետ Փաշինյանին՝ «որևէ ընտրության արդյունք չի կարող դիտարկվել իբրև եկեղեցու ինքնավարությանը միջամտելու գործոն»:
«Անգամ քաղտեխնոլոգիայի հնարքների տեսանկյունից այդ երկու երևույթների միջև որևէ աղերս արձանագրելը, կարծում եմ, իմաստազուրկ է», - «Ազատության» հետ զրույցում նկատեց նա:
Գևորգ Դանիելյանը, որ 2007-ից 2010 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, հատուկ ընդգծում է՝ պատահական չէ, որ Գարեգին Երկրորդը համարվում է Ամենայն Հայոց կաթողիկոս, որի ընտրությանը Ազգային եկեղեցական ժողովում պարտադիր մասնակցում են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Սփյուռքի հոգևոր դասից և աշխարհիկ հատվածից ընտրված 500-ից ավելի փոխանորդներ:
«Ոչ միայն որևէ համայնքի, այլև անգամ համապետական ընտրությունների ցանկացած արդյունք, անկախ դրա ձեռքբերման հնարքներից, սկզբունքորեն չի կարող դիտարկվել իբրև հայ եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող անմիջական գործոն, իբրև պետության կողմից իրավապահ համակարգի ներգրավմամբ կրոնական կազմակերպության ինքնավարությանը միջամտելն արդարացնող միջոց», - ասաց նա:
Անդրադառնալով Փաշինյանի և իշխող թիմի կողմից պարբերաբար հնչող այն բացատրությանը, թե իրենց արշավը ոչ թե եկեղեցու, այլ կաթողիկոսի դեմ է, քանի որ վերջինս խախտել է կուսակրոնության ուխտը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամը պարզաբանում է՝ յուրաքանչյուր կրոնական կառույց ունի իր կանոնադրական հիմքերը, և երբ փորձ է արվում որևէ հոգևորականի նկատմամբ, անկախ նրա զբաղեցրած դիրքից, աշխարհիկ պահանջներ ներկայացնել, ապա դա ոչ թե տվյալ եկեղեցականի, այլ այդ կրոնական կազմակերպության կանոնադրական իրավական հիմքերի դեմ է:
«Այսինքն՝ դուք դա անտեսում եք, ամբողջ կրոնական կառույցի կարգավիճակը, նրա ինքնավարությունը, հետո ասում եք՝ գիտեք, ես խնդիր չունեմ կրոնական կառույցի հետ, դա առանձին խնդիր է, բայց դրանք փոխկախված են, չէ՞ որ ամեն մի կրոնական կազմակերպություն ունի իր կանոնադրական հիմքերը, և յուրաքանչյուր ոչ նախապես կամ նախապես ծանոթանում է, ընդունում է այդ բոլորը, դառնում է հավատացյալ, իսկ եթե չի ընդունում, ապա դրանից եղանակներ կան, բայց ոչ աշխարհիկ եղանակով պահանջներ ներկայացնելը՝ ներգրավելով ուժային կառույցներին», - ընդգծեց Դանիելյանը:
ՔՊ ընտրված թեկնածուն խուսափում էր խոսել Կաթողիկոսի հեռացման մասին
Ի դեպ, թեև Փաշինյանը պնդում է, որ վաղարշապատցիները, ՔՊ թեկնածուին ընտրելով, կարևոր լիցք տվեցին Վեհափառից ազատվելու իր գործընթացին, սակայն քարոզարշավի ընթացքում կաթողիկոսին հեռացնելու մասին ՔՊ ընտրված թեկնածու Արգիշտի Մեխակյանը հրապարակային չէր խոսում, խուսափում էր ասել՝ Գարեգին Բ-ն Վեհարանից պետք է հեռանա, թե ոչ:
Եզրափակիչ հանրահավաքում էլ հաղթած թեկնածուն վաղարշապատցիների հետ խոսում էր ոչ թե կաթողիկոսից, այլ վերանորոգվող ճանապարհներից, բնակավայրերի գազաֆիկացումից, նորոգվող և կառուցվող մանկապարտեզներից և դպրոցներից: Ի դեպ, Փաշինյանը ՔՊ թեկնածուին եզրափակիչ հանրահավաքին չէր մասնակցում:
«Ես այդ հարցից խուսափում եմ...ես չեմ ուզում մտնել մի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ մի տեղ չեն տանում: Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքներ վրա», - ասել էր նա:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը նկատում է՝ իշխող կուսակցության թեկնածուն, որ ամենաշատ ձայները ստացավ, քարոզարշավի ընթացքում իրեն թույլ չի տվել հայ եկեղեցու ինքնավարությանը վերաբերող որևէ հայտարարություն: Մինչդեռ Վեհափառի հասցեին արված ձևակերպումներում իրեն անկաշկանդ պահող մեկ այլ թեկնածու անգամ անցողիկ շեմը չհաղթահարեց:
«Եթե, այնուամենայնիվ, բացահայտ քարոզարշավի ընթացքում, կամ ինչպես Դուք հարց ձևակերպեցիք, ծրագրի մեջ ներառվեին կոնկրետ եկեղեցու կամ Վեհափառի դեմ ուղղված քայլեր, ապա արդյունքներն այլ կլինեին, իսկ եթե այլ լիներ, ուրեմն ի՞նչ է, մենք պետք է եզրակացնենք, որ պետք է հենց միայն այդ հիմքով ամեն ինչ դադարեցվեր», - նշեց նա:
«Հակեկեղեցական արշավը խրախուսվում է մի շարք արտաքին ուժերի կողմից». Գևորգ Դանիելյան
Դանիելյանի խոսքով՝ համայնքային, թե համապետական ընտրություն, անկախ իր արդյունքներից չի կարող հիմք դառնալ եկեղեցու դեմ քայլեր ձեռնարկելու համար: Իսկ թե արդյոք վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից հետո Մայր Աթոռի դեմ արշավն էլ ավելի կահագնանա, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը միայն հայտարարության հիման վրա եզրահանգումներ չի ուզում անել, բայց պնդում է՝ իշխանության հակեկեղեցական արշավը զուտ ներազգային, ներքաղաքական զարգացումների արդյունք չէ:
«Ակնհայտ երևում է, որ սա միայն ներազգային չէ, ինչ չափով, ինչ եղանակով է այդ ազդեցություն լինում, այդ հարցին պատասխանելու համար մենք պետք է ունենանք արդեն այլ տվյալներ: Առայժմ մեր ձեռի տակ եղած փաստական տվյալները անթաքույց խոսում են այն մասին, որ ցավոք, հակաեկեղեցական այս շարժումը ձեռնտու է կամ խրախուսվում է մի շարք այլ արտաքին ուժերի կողմից», - կարծիք հայտնեց նա:
Դատելով Փաշինյանի քայլերից և հայտարարություններից՝ վարչապետը կաթողիկոսին Վեհարանից դուրս հանելու իր ծրագրից հրաժարվելու մտադրություն չունի:
Արդյոք Մայր Աթոռը այս իրավիճակում ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի, թե ոչ. Գևորգ Դանիելյանն ասում է, որ իրենց մոտեցումները անհատական չեն, յուրաքանչյուր հարց մանրակրկիտ քննարկվում է հոգևոր խորհրդում, լսում են ոլորտի լավագույն մասնագետներին և վերլուծության արդյունքում կայացվում են որոշումներ:
«Կարող եմ հույս հայտնել, որ կհաղթի ողջամտությունը, հավատավոր մարդը համարժեք կըմբռնի իրավիճակը և պատրաստ կլինի աջակցել իր հավատքի տաճարին», - ասաց նա: