Կրոնական հանդուրժողականությունը միշտ եղել է օրակարգային, և սա այն դեպքերից է, որ քաղաքականությունները, հայտարարությունները, որոշումներն այդ թվում պիտի վերածվեն կոնկրետ մարդկային շփումների: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երեկ երեկոյան ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշ միջոցառման շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ:
Փաշինյանը նշել է, որ յոթ տարի զբաղեցնելով Հայաստանի վարչապետի պաշտոնը, առաջին անգամ է ներկա գտնվում այս ձևաչափով միջոցառմանը, որտեղ ներկա են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, եզդիական, հրեական, Հայ կաթոլիկ, Հայ ավետարանական համայնքների ներկայացուցիչներ, Ասորական, Ուղղափառ եկեղեցիների, մահմեդական և այլ հավատքի տեր մարդիկ:
Երկրի ղեկավարը հավելել է, որ այս շփումները շատ կարևոր են Հայաստանում կրոնական տարբեր համայնքների, ազգային փոքրամասնությունների հավատքին, կրոնին ծանոթանալու տեսանկյունից, ասված է Կառավարության լրատվականի հաղորդագրությունում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը «Ազատությանը» հայտնել էր, որ Աղոթքի նախաճաշը կապ չունի Մայր Աթոռի կազմակերպչական աշխատանքների հետ, սակայն հրավեր ստացել են, կարճ ժամանակով ներկա է եղել եպիսկոպոսներից մեկը:
Այսօր նախատեսված է նաև Աղոթքի նախաճաշի մասնակիցների այցելությունը Մայր Աթոռ, նրանցից շուրջ երկու տասնյակը ցանկացել են հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:
Իսկ նախաճաշի հրավիրյալ՝ «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդքամփն ահազանգել է, որ Հայաստանի իշխանությունը բանտ է նետել 4 հոգևորականի, եկեղեցու ավելի քան 20 աջակցի, իր կազմակերպությունը թույլտվություն է խնդրել այցելելու նրանց:
«Սրանք քաղաքական հետապնդումներ են, նրանք քաղաքական բանտարկյալներ են», - հայտարարել է Վելդքամփը:
«Հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպված միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունը ու համագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության և կրոնական ազատությունը։ Աղոթքի նախաճաշի հեռահար նպատակն է ձևավորել տեսլական և Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկրի դիտանկյունից, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության և խաղաղության վրա հիմնված հասարակություն։ Աղոթքի նախաճաշ միջոցառմամբ Հայաստանի Հանրապետությունը միանում է համաշխարհային այն ավանդույթին, որը միավորում է առաջնորդներին՝ խորհրդածելու, աղոթելու և մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու համար բարոյական լուծումներ գտնելու», - նշված է Կառավարության լրատվականի հաղորդագրությունում: