Մատչելիության հղումներ

«Կրկնակապիտուլյացիա»․ ՀՀԿ-ն պահանջում է անհապաղ հրապարակել խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակացությունը «միակողմանի հակապետական զիջողականություն և կրկնակապիտուլյացիա» է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները։

Հանրապետական կուսակցության գործադիր մարմինն այսօր տարածած հայտարարության մեջ պահանջում է անհապաղ հրապարակել պայմանագրի վերջնական տեքստը՝ պնդելով՝ «Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ և լեգիտիմություն՝ հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու համար»:

Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը նաև անընդունելի է համարում առանց միջազգային միջնորդների և առանց անվտանգության միջազգային երաշխիքների փաստաթուղթը:

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին՝ Հանրապետականն «անթույլատրելի է համարում գործող Սահմանադրության՝ արտաքին ճնշման տակ իրականացվող փոփոխությունը», որն, ըստ ՀՀԿ-ի, «հարցականի տակ է դնելու Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունն ու գոյությունը»:


Ընդդիմադիր քաղաքական ուժը նաև վտանգավոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Բաքվի պահանջը, իսկ միջազգային դատարաններում հայցերից հրաժարումը որակում «Հայաստանի իշխանության կողմից ադրբեջանական հերթական ուլտիմատումի հնազանդ կատարում»։

Երրորդ նախագահի ղեկավարած ուժը նաև դատապարտում է «Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող շինծու դատական գործընթացի վերաբերյալ Հայաստանի կառավարիչների կրավորական կեցվածքը և անգործությունը»:

«Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը», - ասված է ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունում։


Նախօրեին Բաքուն ու Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:

Բայրամովը միևնույն ժամանակ հայտարարեց, թե «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները»՝ այս կառույցը «հնացած և ոչ ֆունկցիոնալ» որակելով։

Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտարարեց՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ պաշտոնական Երևանն այդ հարցին իր հայտարարությունում չէր անդրադարձել։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր վերահաստատեց՝ համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են, տեքստը համաձայնեցված՝ նշելով, որ սա համարում է «չափազանց կարևոր հանգրված հարաբերությունների կարգավորման և Հայաստանի շուրջ, տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»։

Միրզոյանը նաև ասաց, որ Երևանն առաջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ Բաքվի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի և մյուս մանրամասներ շուրջ։

Իսկ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի պահանջից, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասց, որ խմբի գործունեության անհրաժեշտությունը խաղաղության համաձայնագրի կնքումից և վավերացումից հետո չի լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG