ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը խաղաղության համաձայնագրի կնքումից և վավերացումից հետո չի լինի, խորհրդարանում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան, ով խորհրդարանում մասնակցում է բյուջեի կատարողականի քննարկմանը։
«Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը ևս հայտնի է մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո խաղաղության համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով, կարելի է ասել փաստաթղթավորված, հակամարտությունը մոտեցավ ավարտին, և այդ պահին մենք էլ արդեն կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա», - ասաց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նկատելով՝ Բաքվի հռետորաբանությունն ու ապակառուցողական տարրերը Երևանի համար մտահոգիչ են։
Նախօրեին Բաքուն ու Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:
Բայրամովը միևնույն ժամանակ հայտարարեց, թե «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները»՝ այս կառույցը «հնացած և ոչ ֆունկցիոնալ» որակելով։
Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտարարեց՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ պաշտոնական Երևանն այդ հարցին իր հայտարարությունում չէր անդրադարձել։
«Տեքստում չկա որևէ դրույթ միջանցքի մասին»
Արարատ Միրզոյանը նաև շեշտեց՝ համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ միջանցքի մասին։
«Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն՝ համագործակցել տարբեր ոլորտներում՝ երկկողմ պատրաստակամություն, այդ թվում՝ նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում», - ասաց Միրզոյանը՝ նշելով, որ «Երևանի մոտեցումն ապաշրջափակման հարցում փոփոխություններ չի կրել»։
«Մենք առաջարկել ենք նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից։ Կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանահատման գործընթացն՝ ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը, բայց ինչպես նախկինում, այժմ էլ, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր երթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են՝ ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները մնալու են և գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո և օրենսդրությանը համապատասխան», - հայտարարեց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Բաքուն առանց ստուգումների ճանապարհ է պահանջում արդեն չորս տարի, Հայաստանի իշխանությունն անցած տարիներին տարբեր առաջարկներ է արել Ադրբեջանին համաձայնության հասնելու ակնկալիքով՝ սկսած պահնորդական կազմակերպությանը հարցը արտապատվիրակելուց մինչև պարզեցված ընթացակարգերի կիրառում: Երևանում ընդդիմությունը հայտարարում է, թե Երևանն ինչ էլ առաջարկի, Բաքուն փոխադարձության սկզբունքը չի ընդունի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պահանջից չի հրաժարվի:
«Համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են»
Արտգործնախարարը վերահաստատեց՝ համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են, տեքստը համաձայնեցված է։
«Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրված հարաբերությունների կարգավորման և մեր շուրջ՝ Հայաստանի շուրջ, տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ», - ասաց Միրզոյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Հայաստանն առաջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի տեղի ժամանակի և մյուս մանրամասներ շուրջ։
«Ինչպես բոլոր խաղաղության պայմանագրերի, այնպես էլ մեր դեպքում, բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չեն տալու, ժողովուրդներին բարեկամներ չեն դարձնում, համաձայնեցված տեքստն էլ բացառություն չի, բայց այս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ որոնք մենք և Ադրբեջանը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող ենք օգտագործել՝ խնդիրները լուծելու համար, հարաբերությունները վերջնական կարգավորելու համար», - նշեց Միրզոյանը։
Երբ խաղաղության համաձայնագիրը վավերացվի, Երևանն ու ԵՄ-ն «դիտորդների մասով ընդունելի լուծումների կգան»
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու Բավքի պահանջին՝ Միրզոյանն այսօր հայտարարեց՝ այն պահին, երբ կստորագրվի և կվավերացվի համաձայնագիրը, Երևանը ԵՄ գործընկերների հետ կգան դիտորդների մասով ընդունելի լուծումների։
Երևանն ավելի վաղ Բաքվին առաջարկել էր խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում եվրոպացի դիտորդները դուրս գան բացառապես սահմանազատված հատվածներից։
ԵՄ 100 դիտորդներ Հայաստան էին ժամանել 2 տարի առաջ՝ 2023-ի փետրվարի 20-ին։ Եվրամիության երկրների դեսպանները հունվարի 29-ին Բրյուսելում հավանություն տվեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Բաքուն եվրոպացի դիտորդների գործունեությունը «հեռադիտակային դիվանագիտություն» է որակում։ Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԵՄ առաքելությանը դարձյալ «լրտես» է անվանել։ Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ իրենց գործունեությունը թափանցիկ է և լրտեսություն չեն իրականացնում: