Մատչելիության հղումներ

Թրամփը դժգոհ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, Վաշինգտոն, 5-ը հունիսի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, Վաշինգտոն, 5-ը հունիսի, 2025թ.

ԱՄՆ նախագահը դժգոհ է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, սակայն հույս է հայտնել, որ, ի վերջո, կհաջողվի կարգավորել հակամարտությունը:

Դոնալդ Թրամփն ասել է, թե չի կարծում, որ Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում ուկրաինական կարգավորման գործընթացին: «Ոչ, ես չեմ կարծում, որ նրանք որևէ խաղ են խաղում», - ասել է նա՝ ի պատասխան լրագրողի հարցին։

Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ Ռուսաստանի նախագահի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցի ժամանակ փորձել է համոզել նրան, որ հրաժարվի ուկրաինական օդանավակայաններին հարվածելու գաղափարից այն բանից հետո, երբ ռուսական ռազմական օդանավակայանների վրա ուկրաինական հարձակումից հետո ավելի քան 40 ինքնաթիռ վնասվեց կամ ոչնչացվեց:

«Ես նրան ասացի՝ պետք չէ, հարկավոր է կանգ առնել», - հինգշաբթի օրը Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ Պուտինը, այդուհանդերձ, զգուշացրել է՝ պատասխան հարվածներ, անկասկած, կլինեն:

Թրամփը հասկանում է Պուտինի քայլերի տրամաբանությունը

Դոնալդ Թրամփը միաժամանակ նշել է, թե հասկանում է Ռուսաստանի նախագահի գործողությունների տրամաբանությունը Ուկրաինայի հարցում։ «Նրան [Ռուսաստանին] հարվածել են։ Նա հարվածում է։ Այնպես որ, ես դա հասկանում եմ։ Բայց նրան ուժեղ են հարվածել», - ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը չի բացառել, որ շատ կոշտ կլինի և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի նկատմամբ, եթե հասկանա, որ հակամարտությունը չի կարգավորվում: «Երբ ես հասկանամ, որ սա չի ավարտվելու ... մենք շատ կոշտ կլինենք։ Եվ դա կարող է ազդել երկու երկրների վրա, եթե անկեղծ լինեմ», - ասել է նա՝ խուսափելով հարցից, թե արդյոք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի:

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ Թրամփն ասել է, որ երբեմն անհրաժեշտ է կողմերին մի փոքր ժամանակ տալ՝ գիտակցելու համար, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ուժով։

Մերց. Հակամարտությունը ռազմական լուծում չունի

Գերմանիայի կանցլերն, իր հերթին, հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել: «Նպատակը հստակ է. մենք ուզում ենք, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի», - ասել նա։

Մերցը կարծում է, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ուժեղացվի, այդ թվում՝ նոր սահմանափակումների միջոցով։ «Ես անձամբ կխոսեմ որոշ սենատորների հետ, որոնք ցանկանում են պատժամիջոցների մեծ փաթեթ ընդունել հիմա», - ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը դեռ չի որոշել՝ կաջակցի՞ դրան, թե՞ ոչ:

Ռուսաստանը դեմ է խաղաղության բոլոր առաջարկներին. Զելենսկի

Այս ֆոնին Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ աշխարհում չկան խաղաղության նախաձեռնություններ, որոնք Ռուսաստանը չմերժի:

«Նրանց դուր են գալիս միայն ավերակներն ու սպանությունները։ Նրանք պետք է պատասխան տան դրա համար», - ասել է Վլադիմիր Զելենսկին:

Ըստ նրա՝ իրավիճակը կարող է փոխվել միայն դիվանագիտության, պատժամիջոցների, զենքի և տեխնոլոգիաների ուժով, և Ուկրաինան հույսը դնում է իր դաշնակիցների ուժեղ քայլերի վրա։

«Հենց սա է այժմ պակասում ... Սա պետք է ապահովվի։ Եվ հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ են նոր և բավարար պատժամիջոցներ, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների կողմից», - ընդգծել է Զելենսկին:

The Atlantic. Վաշինգտոնը քննարկում է Կիևին աջակցությունը դադարեցնելու հարցը

ԱՄՆ վարչակազմի աղբյուրը The Atlantic-ին ասել է՝ ամերիկացի առաջնորդը նեղ շրջապատում դժգոհել է, որ ռուսական ռազմական օդանավակայաններին ուկրաինական հարվածները կարող են սրել հակամարտությունը, և Սպիտակ տունը հիմա քննարկում է Կիևին աջակցությունը դադարեցնելու հնարավորությունը:

Ըստ պարբերականի աղբյուրի՝ այդ հարձակումը վերստին արթնացրել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ վաղեմի դժգոհությունը, և Սպիտակ տանը նոր բանավեճ է ծագել այն մասին, թե արդյոք ԱՄՆ-նը պետք է դուրս գա Ուկրաինայից։

Այս ֆոնին Ռուսաստանը գիշերը թևավոր հրթիռներով և անօդաչուներով նոր հարվածներ է հասցրել Կիևին և ուկրաինական այլ բնակավայրերի: Կիևում ինտենսիվ հարձակումը տևել է ժամեր, հարվածել են բարձրահարկ բնակելի շենքերի, սպանվել է չորս մարդ, վիրավորվել՝ առնվազն 20-ը։ Տերնոպոլում ռուսական հարվածներից վիրավորվել է հինգ մարդ, ևս հինգը՝ Լուցկում:

Ուկրաինական կողմը ևս անօդաչուներով հարձակումներ է իրականացրել Սարատովի, Էնգելսի, Մոսկվայի և այլ ուղղություններով: Միայն Մոսկվա թռչող վեց անօդաչու է ոչնչացվել, տեղեկացրել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG