Միացյալ Նահանգների գնահատմամբ՝ անցած շաբաթավերջին Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում վնասվել է մինչև 20 ռուսական ռազմական ինքնաթիռ, որոնցից շուրջ 10-ը լիովին ոչնչացվել են։ Այս մասին Reuters-ին հայտնել են երկու ամերիկյան պաշտոնյաներ՝ անանունության պայմանով։
Չնայած այդ թիվը գրեթե երկու անգամ փոքր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացրածից, պաշտոնյաները նշել են, որ հարձակումը եղել է «շատ նշանակալի»։ Նրանցից մեկն ընդգծել է, որ այդ գործողությունը կարող է դրդել Մոսկվային որդեգրել շատ կոշտ դիրք ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցություններում։
Զելենսկին հայտարարել էր, որ հարվածել են 41 ինքնաթիռի, որոնցից կեսն «այնքան է վնասվել, որ վերականգնման ենթակա չէ»։
Ուկրաինան հայտարարել է, որ հարձակման ընթացքում թիրախավորվել են Ռուսաստանի չորս օդանավակայաններ՝ կիրառելով 117 անօդաչու թռչող սարքեր, որոնք գործարկվել են թիրախներին մոտ տեղակայված կոնտեյներներից։
Պուտինը երեկ նաև ԱՄՆ նախագահի հետ էր հեռախոսազրույց ունեցել: Նա Դոնալդ Թրամփին ասել էր, որ պատասխանելու է «ուկրաինական կողմի վերջին հարձակումներին»: