Մատչելիության հղումներ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ գոյաբանական սպառնալիքի առջև


Թուրքիա - Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը ելույթ է ունենում բազմահազարանոց հանրահավաքում, Անկարա, 15-ը սեպտեմբերի, 2025թ.
Թուրքիա - Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը ելույթ է ունենում բազմահազարանոց հանրահավաքում, Անկարա, 15-ը սեպտեմբերի, 2025թ.

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը գոյաբանական խնդրի է բախվել՝ ձերբակալությունների և դատական գործերի ալիքի ֆոնին։

Անկարայի դատարանը հետաձգել է այսօրվա նիստը, որի ընթացքում ակնկալվում էր կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի վերաբերյալ վճիռը, որով կարող էր չեղյալ համարվել նրա ընտրությունը ընդդիմադիր ուժի ղեկավարի պաշտոնում:

Ըստ Թուրքիայի գլխավոր դատախազության՝ կուսակցության 2023 թվականի համագումարն անցել է կեղծիքներով, Օզելն իբր ընտրվել է կաշառված պատվիրակների օգնությամբ:

Ժողովրդա-հանրապետականի ղեկավարությունը հերքում է մեղադրանքները և պնդում, որ կուսակցության ներքին քվեարկության հարցը ոչ թե դատարանի, այլ երկրի Ընտրական խորհրդի տիրույթում է։

Եթե ի վերջո դատարանը որոշի չեղյալ հայտարարել ընդդիմադիր ուժի համագումարի արդյունքներն ու Օզելի ընտրությունը, սա, ըստ փորձագետների, կլինի Թուրքիայում ընդդիմության վախճանի և Էրդողանի միահեծան կառավարման սկիզբը:

Մինչ այդ, երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժն արդեն ամիսներ շարունակ իշխանության թիրախում է և պնդում է, որ իր նկատմամբ ճնշումները թելադրվում են իշխանությունների կողմից։

Երկու տարի առաջ ժողովրդա-հանրապետականների երկարամյա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրություններում պարտվելուց հետո որոշեց թողնել կուսակցապետի պաշտոնը։ Նրան փոխարինեց Օզելը, որի առաջնորդությամբ քաղաքական ուժն անցյալ տարվա ՏԻՄ ընտրություններում անսպասելի հաջողությունների հասավ՝ նվաճելով երկրի քաղաքների ղեկավարների պաշտոնների մեծ մասը։ Այս նշանակալի հաղթանակներին կարճ ժամանակ անց հաջորդեցին քրեական հետանդումներ։ Կոռուպցիայի, ահաբեկչության մեղադրանքներով ձերբակալվեցին տասնյակ ընդդիմադիր քաղաքապետեր՝ այդ թվում Ստամբուլի քաղաքապետ և Էրդողանի հիմնական մրցակից Էքրեմ Իմամօղլուն։ Վերջինս կես տարի է բանտում է առանց պաշտոնական մեղադրանքների։

Թուրք վերլուծաբան Գյոնուլ Թոլը Turkey Recap փոդքասթի հետ զրույցում նշում է, որ հենց երկրով մեկ աննախադեպ բողոքի ալիք հարուցած Իմամօղլուի ձերբակալությունն էլ դարձավ «շրջադարձային կետ», համոզմունք հայտնելով, որ Էրդողանը ռուսական ոճի ավտոկրատիա է կառուցում, որտեղ քվեատուփն այլևս որևէ նշանակություն չի ունենա։

Reuters-ի հաշվարկներով` վերջին մեկ տարվա ընթացքում Ստամբուլում և երկրի մյուս քաղաքներում ձերբակալվել է 500 պաշտոնյա՝ այդ թվում 17 քաղաքապետ՝ հիմնականում Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից։ Նրանց առաջադրված կաշառակերության կամ ահաբեկչության մեղադրանքները ծայրից ծայր շինծու են, հայտարարում է քաղաքական ուժի առաջնորդ Օզելը:

«Սա քաղաքական գործ է, մեղադրանքը՝ զրպարտություն։ Մեր ընկերներն անմեղ են։ Այն, ինչ կատարվում է, պետական հեղաշրջում է: Հեղաշրջում ընդդեմ ապագա նախագահի, ընդդեմ ապագա կառավարության։ Մենք կդիմադրենք, կդիմադրենք, կդիմադրենք», - ասել է թուրք ընդդիմադիր առաջնորդը:

Թուրքիայի իշխանությունները՝ նախագահի գլխավորությամբ, կտրականապես հերքում են այս մեղադրանքները։ Կենտրոնամետ ընդդիմադիր ուժը ըստ հարցումների գրեթե նույն վարկանիշն ունի, ինչ իսլամական արմատներով պահպանողական իշխող ուժը։ Մինչդեռ ըստ Ռեջեփ Էրդողանի ընդդիմությունը ջրախեղդ է լինում և այդ խճճված իրավիճակում փորձում է «տեղի համար պայքարել»։

«Իրենք են իրենց ջրախեղդ անում, պայքար, քաոս, ճգնաժամ», -
Էրդողանի այս հայտարարությունը հնչում էր ընդդիմության բազմահազարանոց բողոքի ցույցի ֆոնին։

Մարտից՝ Թուրքիայի խոշորագույն քաղաքի ընդդիմադիր ղեկավարի ձերբակալությունից ի վեր երկրում բազմահազարանոց հանրահավաքները չեն դադարում անգամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի կիրառման պայմաններում:

Թուրքիայի ներքաղաքական լարվածությունն իր դրսևորումներ է ստացել ընդհուպ տնտեսության մեջ։ Հատկապես Իմամօղլուի ձերբակալությունից անմիջապես հետո թուրքական շուկաներում կտրուկ անկում արձանագրվեց, Էրդողանի առանցքային մրցակցի բանտարկության ֆոնին լիրան սկսեց է՛լ ավելի գահավիժել դոլարի նկատամբ։

Այսօր Թուրքիայի բաժնետոմսերը, պարտատոմսերը և լիրան մոտ մեկ շաբաթ շարունակվող անկումային տրամադրությունների ֆոնին որոշակի դրական տեղաշարժեր արձանագրեցին, երբ հայտնի դարձավ, որ դատարանը հետաձգել է առաջատար ընդդիմադիր ուժի առաջնորդին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG