Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր կուսակցությունը ձերբակալված Իմամօղլուին առաջադրել է Թուրքիայի նախագահի թեկնածու


Հանրահավաք Ստամբուլում՝ ի աջակցություն քաղաքապետի, մարտ, 2025թ․
Հանրահավաք Ստամբուլում՝ ի աջակցություն քաղաքապետի, մարտ, 2025թ․

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը պահանջում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից՝ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել և մրցել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ։

Կիրակի օրը Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները հաջորդ նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու են ընտրել Իմամօղլուին:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը երեկ հանրահավքի ժամանակ հայտարարել է, որ փրայմըրիզում Ստամբուլի պաշտոնանկ արված քաղաքապետի օգտին քվեարկել է մոտ15 միլիոն մարդ։

Իմամօղլուն էլ այս կապակցությամբ X-ի իր էջում, մասնավորապես, գրել է․ - «Ցանկանում եմ Սիլիվրիի բանտից ձեզ հետ կիսվել ինձ շատ ուրախացնող նորությունով՝ տասնյակ միլիոնավոր մարդիկ, ովքեր տառապում են իշխանության ճնշումներից, քայքայված տնտեսությունից, անկարողությունից ու ապօրինություններից քվեարկել են և Էրդողանին ասել են՝ «բավական է»։

Ընդդիմադիր քաղաքապետը ձերբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիոն ու ահաբեկիչների հետ համագործակցելու մեղադրանքներով։ Ձերբակալությունը տեղի ունեցավ կիրակի նախատեսված փրյմըրիզից առաջ, որտեղ նա պետք է առաջադրվեր որպես նախագահի թեկնածու՝ 2028-ին կայանալիք ընտրություններում։ Մարտի 23-ին թուրքական դատարանը որոշեց կալանավորել Իմամօղլուին, Ներքին գործերի նախարարությունն էլ ժամանակավորապես պաշտոնից հեռացրեց նրան:

Իմամօղլուն հերքում է մեղադրանքները՝ դրանք անվանելով «զրպարտություններ»:

Իմամօղլուի՝ ճաղերի հետևում հայտնվելուց հետո երկրի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են մեկնարկել, ցույցերի ավելի քան 300 մասնակից է ձերբակալվել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG