Ոստիկանական բարիկադներ են Ստամբուլի քաղաքապետարանի մոտ, արգելափակված է Թաքսիմ հրապարակը, բոլոր այն փողոցները, որ տանում են այդտեղ, մետրոյի մի քանի կայարաններ են փակ, անվտանգության ուժեր են ամենուր, որտեղ հնարավոր է նորից բողոքի կայծեր բռնկվեն։ Եվ չնայած այս ամենին՝ ակցիաները շարունակվում են։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը հետևած բողոքի ալիքը Թուրքիայի իշխանությունը փորձում է ճնշել նոր ձերբակալություններով։ 37 հոգի բերման է ենթարկվել սոցցանցային գրառումների համար, դրանք Թուրքիայի ներքին գործերի նախարարը սադրիչ է որակել:
Կրքերն այսօր թեժացել են նաև խորհրդարանում։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորների միջև լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։
Երեկ Թուրքիայի մի շարք քաղաքներում՝ Ստամբուլից բացի՝ Անկարա, Իզմիր, Տրապիզոն, հզոր բողոքի հավաքներ սկսվեցին, երբ ձերբակալվեց նախագահ Էրդողանի հավանական հիմնական մրցակիցը 2028-ի ընտրություններում՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, նրա հետ ևս 87 հոգի՝ քաղաքապետարանի աշխատակիցներ, լրագրողներ, բիզնեսմեններ։ Քրեական գործն առնչվում է ստվերային եկամուտներին, փողերի լվացմանը, ահաբեկչական կապերին։ Ձերբակալվածների թվում է նաև «Իմամօղլու քընսթրաքշն» շինարարական կազմակերպության համասեփականատերը։
Թուրքական ոստիկանությունը միլիոնավոր լիրաների կադրեր է տարածում, ասում են՝ ձերբակալված քաղաքապետի համախոհների դարակներից են գտել։ 40 միլիոն թուրքական լիրա։ Չեղարկվել էր նաև քաղաքապետի դիպլոմը, ըստ իրավապահների՝ այն խախտումներով է ձեռք բերվել, այդպիսով Իմամօղլուն նախագահական ընտրությունում առաջադրվելու իրավունքից զրկվում է։ Այնինչ ընդդիմադիր խոշորագույն՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության հավանական թեկնածուն էր․ այս փաստն էր հազարավորների փողոց հանել երեկ մինչև ուշ գիշեր․
«Երբեք չենք ընդունի այն, ինչ տեղի ունեցավ մեր քաղաքապետի հետ։ Սա լրիվ դավադրություն է։ Այս օպերացիան իրականացրին, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախնական ընտրությունները կանխեն։ Սա անարդար ու անօրինական է ․․․ »։
Այս կիրակի Օզգյուր Օզելի գլխավորած Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պիտի նախնական ընտրության՝ փրայմըրիզի միջոցով որոշեր նախագահական ընտրությունների իր թեկնածուին։ Ավելի վաղ էր հայտնի, որ ընդդիմության թեկնածուն Իմամօղլուն է լինելու։
Օզելն այս ամենը իշխանության կազմակերպած կանխարգելիչ հեղաշրջում է որակել՝ Թուրքիայի հաջորդ նախագահի դեմ․ - «Այսօր Թայիփ Էրդողանը փորձում է կոտրել Էքրեմ Իմամօղլուի բազուկը, բայց նա այդ բազուկն անգամ ծալել չի կարողացել»։
Էրդողանի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, որ վճռականորեն հակազդելու են Թուրքիայի առաջնորդի հեղինակությունը վնասող ընդդիմադիրների ջանքերին։ Նա հորդորել է հետևել քրեական գործի ընթացքին, ոչ թե փողոց դուրս գալ։ Ընդդիմադիր գործչի համակիրները, սակայն, նահանջից չեն խոսում․
«Սա մեծ անարդարություն է, նրանք հապշտապ ձերբակալեցին քաղաքապետին, նրան մենք մեր ձայներով ենք ընտրել։ Այս ամենը ժողովրդավարական գործընթաց չէ, գողանում են մեր ձայնը ․․․ »։
«Երեկ տեսաք՝ բոլորը փողոցներում ու հրապարակներում էին։ Հրապարակներն ու քվեատուփերը ցույց կտան, թե ինչ դուրս կգա այս ամենից։ Կհաղթի նա, ով արդար է ․․․ »։
Այսօր օրվա երկրորդ կեսին բողոքի ակցիաներին զուգահեռ տարածվեց ձերբակալված ընդդիմադիր գործչի X-ի գրառումը։ Էքրեմ Իմամօղլուն նախ դատական համակարգին է դիմել` կոչ անելով ընդվզել ու պայքարել, չծառայել իշխող ուժին, իսկ իշխանականներին հորդորել է չլռել, արտահայտվել․ - «Այս ամենն այժմ բոլորիս է վերաբերում, սկսած ձեր ընտանիքներից։ Այնպես չէ, որ՝ «եթե օձն ինձ չի կծում, թող հազար տարի էլ ապրի» ․․․ Ձեզնից յորաքանչյուրը պիտի բարձրաձայնի՝ «եթե նույնիսկ օձն ինձ չի կծում, չի կարող ապրել մեր երկրում»։
«Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը շատ վատ նշան է», - այսօր հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ընդգծել՝ դա չի կարող ազդեցություն չթողնել Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների վրա։ «Նման առաջատար ընդդիմադիր գործչի ձերբակալությունը ծանր բեռ է թե՛ թուրքական ժողովրդավարության, թե՛ Եվրոպայի և Թուրքիայի հարաբերությունների համար», - ընդգծել է Շոլցը։
Կրեմլից ասել են՝ Թուրքիայի ներքին գործն է, չեն մեկնաբանում։
Թուրքիան եռում է, և ամենայն հավանականությամբ մինչև կիրակի էլ իրավիճակը չի հանդարտվի, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետականի առաջնորդ Օզգյուր Օզելը մարտի 23-ը հռչակել է արտահերթ ընտրությունների սկիզբ, մարդկանց հավաքի կանչել, որում թեկնածու պիտի հռչակեն ձերբակալված Իմամօղլուին։