Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Թուրքական ընդդիմությունը թույլ է և պարզունակ»


Թուրքական ոստիկանությունը շարունակում է ուժ կիրառել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու պահանջով փողոց դուրս եկած ցուցարարների դեմ։

Վեցերորդ գիշերն անընդմեջ թուրք իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե գնդակներ էին կիրառում։ Չնայած դրան, թե՛ Ստամբուլում, թե՛ Անկարայում բողոքի ակցիաների մասնակիցների թիվը չի նվազում։

«Էրդողա՛ն, ցույցերի առաջին օրը դու ասում էիր՝ երկրորդ օրը դրանց մասնակիցների թիվը կնվազի, երրորդ օրն էլ ակցիաներն ընդհանրապես կմարեն։ Մեկ շաբաթ է անցել և ինչպես երիտասարդներն են ասում՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում», - հայտարարում էր ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելը։

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի այս հայտարարությանը թուրքական իշխանությունները պատասխանեցին նոր կոշտ քայլերով։ Անցած գիշեր ոստիկանությունը երկրով մեկ ընդդիմության ևս 55 աջակիցների ձերբակալեց՝ սոցիալական ցանցերում նախագահ Էրդողանին քննադատելու համար։

Թուրքական կառավարության անդամներն էլ երկրում ծագած ներքաղաքական ճգնաժամը քննարկեցին երկուշաբթի երեկոյան։ Մի քանի ժամ շարունակված նիստի ավարտին Թուրքիայի նախագահը մեկ անգամ ևս պնդեց՝ իշխանությունները որևէ զիջման չեն գնալու։

«Ոստիկանների ստացած վնասվածքների, ջարդուշփուր արված ցուցափեղկերի և միլիարդավոր լիրաների վնասի միակ պատասխանատուն գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է, որի հնչեցրած կոչերի հետևանքով են մարդիկ փողոց դուրս եկել», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Էրդողանն իր ելույթում նաև նշում էր, որ թեև ընդդիմադիր Ժողովրդահանրապետականին հաջողվել է մեծածավալ ակցիաներ կազմակերպել, ինքը իշխանությունը հենց այդ կուսակցությանը երբեք չի զիջի։

«Վերջին հինգ օրերի իրադարձությունները մեկ անգամ ևս եկան ապացուցելու, որ թուրքական ընդդիմությունը չափազանց թույլ է, գաճաճ ու պարզունակ։ Նրանք ոչ երկիրն են ի վիճակի կառավարել, ոչ քաղաքապետարանը, ոչ էլ նույնիսկ մի փոքրիկ ճաշարան», - հայտարարում էր Էրդողանը։

Ներքաղաքական ճգնաժամի «մեղավորը»՝ Էքրեմ Իմամօղլուն, դատարանի երեկվա որոշումից հետո տեղափոխվել է Թուրքիայում խոշորագույնը համարվող Սիլիվրիի բանտ։

Karar պարբերականի տեղեկություններով՝ Իմամօղլուն 15 քառակուսի մետր տարածքով մենախցում է պահվում։ Այստեղ առկա հարմարություններից թուրքական մամուլը հիշատակում է միայն հեռուստացույցը։ «Ճիշտ է, այդ հեռուստացույցը բացառապես պետական ալիքներ է ցուցադրում», - գրում են թուրք լրագրողները։

Այսօր առավոտյան Իմամօղլուին, ինչպես նաև նախորդ ամիս ձերբակալված երկու ընդդիմադիր թաղապետերին, բանտում այցելեց Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը։ Մոտ երկու ժամ շարունակված հանդիպման ավարտին Օզելը հայտարարեց, թե «ժողովրդավարության հետընթացը Թուրքիայում իր մոտ ամոթի զգացում է առաջացնում», ձերբակալված կուսակիցներին էլ համեմատեց «բանտարկված առյուծների» հետ։

Մի քանի ժամից թուրքական ընդդիմության աջակիցները նորից կհավաքվեն Ստամբուլի Սարաչհանե թաղամասում գտնվող քաղաքապետարանի շենքի առջև։ Ժովովրդահանրապետական կուսակցության ղեկավարների խոսքով, սակայն, սա այս ֆորմատով կազմակերպվող վերջին հանրահավաքը կլինի։

Վաղվանից ցույցերը թեև չեն դադարի, սակայն, կտեղափոխվեն քաղաքի այլ հատվածներ։ BBC-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ այս քայլին ընդդիմությունը դիմում է ոստիկանական հատուկ գործողության մտավախությունից ելնելով։ Բացի այդ ընդդիմադիրները չեն ցանկանում, որ իշխանությունները հանկարծ հայտարարեն, թե Ժողովրդահանրապետական կուսակցությունը բողոքի ակցիաներով միտումնավոր կերպով կաթվածահար է անում քաղաքապետարանի աշխատանքը։ Հակառակը, ընդդիմությունը ցանկանում է անել հնարավոր քաղաքային իշխանության բնականոն աշխատանքը ապահովելու համար՝ նույնիսկ առանց ընտրված քաղաքապետի։

Վաղն արդեն Ստամբուլի քաղաքային խորհուրդը արտահերթ նիստ կգումարի՝ ժամանակավոր քաղաքապետ ընտրելու նպատակով։ Hurriyet-ի տեղեկություններով՝ այս պաշտոնի համար Իմամօղլուի թիմակիցները դիտարկում են Սկյուտարի թաղապետ Սինեմ Դեդեթաշի և Բույուչեքմեջե շրջանի ղեկավար Հասան Ակգյունի թեկնածությունները։







XS
SM
MD
LG