Հարյուր հազարավոր մարդիկ կրկին հավաքվել են Ստամբուլում՝ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակման պահանջով։
Երկրի խոշորագույն քաղաքի Մալթեփե թաղամասում, հավաքվածների առաջ ելույթ ունենալով, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է՝ միլիոնավոր թուրքեր պահանջում են Իմամօղլուի ազատ արձակում և արտահերթ նախագահական ընտրություններ։ Օզելը վերստին պնդել է՝ ընդդիմադիր քաղաքապետի դեմ մեղադրանքներն անհիմն են և ունի քաղաքական դրդապատճառներ։
53-ամյա Իմամօղլուն ձերբակալվել է անցած շաբաթ կոռուպցիայի մեղադրանքով։ Առանձին գործով նա մեղադրվում է նաև ահաբեկչության համար։ Ստամբուլի քաղաքապետը հերքում է բոլոր մեղադրանքները։
Հաջորդ նախագահական ընտրություններում Ռեջեփ էրդողանի հավանական մրցակցի ձերբակալությունը համազգային բողոքի ցույցեր է հարուցել երկրով մեկ, տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց, հարյուրավորները, այդ թվում՝ լրագրողներ, ձերբակալվել են։
Ավելի քան երկու տասնամյակ իշխանությունը ձեռքում պահող նախագահ Էրդողանը բողոքի ցույցերը որակել է «շոու» և կոչ արել խոշորագույն ընդդիմադիր ուժին վերջ տալ «սադրանքին»՝ սպառնալով իրավական հետևանքներով։