Մատչելիության հղումներ

Տիգրան Ուլուբաբյանն արդեն 5-րդ օրն է՝ հացադուլի մեջ է կալանավայրում


Արցախցի Տիգրան Ուլուբաբյանն արդեն 5-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Վանաձորի կալանավայրում։ Նա, որ դեռ մի քանի ամիս առաջ իրավապահներին էր մեղադրում խոշտանգումների մեջ, արդեն մեկ ամիս կալանավորված է իր բարեկամների տան վրա կատարված ավազակային հարձակմանն օժանդակելու մեղադրանքով։

Փաստաբան Էրիկ Բեգլարյանը նրան այցելելուց հետո «Ազատությանն» ասաց՝ Տիգրանը մտադիր է շարունակել հացադուլը. - «Ջրադուլ չի արել, չի հայտարարել ջրադուլի մասին, բայց հացադուլի մեջ է, հայտնեց ինձ՝ «ինձ երբեք մեղավոր չեն ճանաչի, ես մինչև վերջ հացադուլս կպահեմ, մինչև ինչ-որ բան չփոխվի իմ գործով, ես մեղավորություն ընդհանրապես չունեմ»:

Իրավապահները հավաստիացրել են, թե գործը շուտով կհասնի դատարան, բայց փաստաբան Էրիկ Բեգլարյանի խոսքով՝ նախաքննությունը կարող է ավարտվել՝ ապացույցների բացակայությամբ. - «Ոչ մի կերպ ուղղակի ապացույց չկա»:

Միակ ապացույցը մի կնոջ ցուցմունք է, որը նախ ջարդել է ամուսնու ծնոտը, հետո հայտնվել ոստիկանությունում։ Հենց այնտեղ էլ հիշել է՝ ինչպես էր ամուսինը Տիգրանին գովաբանում, իբրև թե նա չէր մատնել ավազակներին, ասում է փաստաբանը։

«Այսպիսի բառակապակցությամբ, որ «հալալ ա Տիգրանին, որ մեր անունները չի տվել», իբր թե այդ տղամարդն իր կնոջն է ասել: Թե ինչում է այդ ժամանակ, իր կողմից կատարված հանցագործությունից հետո դրա մասին հայտնում, մեզ հայտնի չէ: Մինչ այդ մարդուն խփելը կարող էր հանգիստ գալ ու ոստիկանությունում հայտնել այդ մասին, թե ինչու է հիմա բացահայտում, մեր համար գաղտնիք է», - ասաց Բեգլարյանը:

Ուշագրավ է, որ հետախուզման մեջ գտնվող 4-րդ մեղադրյալը հենց այն տղամարդն է, որի ծնոտը ջարդել էին։ Նա, ըստ փաստաբանի, անհասկանալի ձևով անհետացել է հիվանդանոցից, իսկ Քննչական կոմիտեից հրաժարվում են մանրամասներ հայտնել: Արդյոք նա իսկապես անհետացե՞լ է, թե՞ իրավապահներն են թաքցնում նրան, ինչպես կասկածում է կալանավորված Տիգրան Ուլուբաբյանը։

«Որպեսզի չգա ու լրացուցիչ ցուցմունք չտա և չհերքի իր կնոջ տված ցուցմունքը: Կոնկրետ իմ պաշտպանյալն ասել է, որ դիտավորյալ է թաքցրած Գնելին», - ասաց փաստաբանը:

Ավազակային հարձակումից տուժած ընտանիքը՝ Տիգրանի արցախցի բարեկամները, հրաժարվում են հավատալ, որ Տիգրանը կարող էր նման բան անել։ Այս ամենը տեղի է ունեցել դեռ գարնանը, երբ դիմակավորված անձինք մտել էին բնակարան, ատրճանակներով սպառնացել կնոջն ու երեխային, վերցրել զարդերն ու անհետացել։

Հենց այդ ժամանակ էր, որ Տիգրան Ուլուբաբյանը բարձրաձայնում էր, թե Լոռու մարզի ոստիկաններն իրեն խոշտանգել են՝ ստիպել խոստովանական ցուցմունք տալ։ Դրանից հետո հարուցվեց քրեական գործ, եղան բողոքի ակցիաներ ու ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու պահանջներ։ Ամիսներ անց, երբ խոշտանգումների գործում այդպես էլ մեղադրյալներ չեղան, նա հայտնվել է բանտում՝ ավազակային հարձակմանն օժանդակելու մեղադրանքով։




XS
SM
MD
LG