Ոստիկանությունում խոշտանգման մասին ահազանգից տասն օր անց չկա որևէ ոստիկան մեղադրյալ: Տիգրան Ուլուբաբյանի ու ոստիկանների առերեսումներից հետո էլ իրավապահները չեն շտապում մեղադրանք առաջադրել ոստիկանության Լոռու մարզային պետ Խորեն Բարխոյանին և նրա 6 ենթականերին: Ինչո՞ւ. այսօր Քննչական կոմիտեից միայն փոխանցեցին՝ քննությունը շարունակվում է:
«Գործը քննվում է, չի ավարտվել», - նշեց Ուլուբաբյանը:
29-ամյա երիտասարդը ոստիկաններին է մեղադրում իրեն խոշտանգելու համար: Պնդում է, որ իր բարեկամի տան գողությունից հետո ոստիկաններն իրեն են կասկածել, կանչել զրույցի, գիշերը պահել իրենց մոտ ու վարչության պետի գլխավորությամբ դաժան ծեծել, նվաստացրել, հայհոյել:
Նրա ահազանգից հետո հարուցվել էր քրեական գործ խոշտանգման հոդվածով, կատարվել դատաբժշկական փորձաքննություն:
Տիգրանն ու նրան սատարողները երեք օր շարունակ արդար քննության պահանջով բողոքի ակցիաներ էին անցկացրել Երևանում՝ Քննչական կոմիտեի շենքի առջև: Ուլուբաբյանին ու փաստաբան Ռոման Երիցյանին անգամ ընդունել էր կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, խոստացել օբյեկտիվ քննություն:
«Եթե արդարություն կա, կպատժվեն: Ես գիտեմ, որ սուտ ցուցմունք չեմ տվել, ինչ կա, էդ եմ ներկայացրել», - ասաց արցախցի երիտասարդը:
Փաստաբան Ռոման Երիցյանը, սակայն, դեռ անցած շաբաթ սկսված առերեսումներից հետո հայտարարել էր, որ Քննչական կոմիտեն բաց է թողել խոշտանգման դեպքը բացահայտելու հնարավորությունը: Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կան տեսախցիկներ, բայց դրանց արձանագրածը չի պահպանվել, քանի որ դրանք օնլայն ռեժիմով են աշխատում:
«Կան որոշակի տվյալներ, որոնք ինձ համար այդքան էլ գովելի չեն մեր տեսանկյունից այնքանով, որքանով ուշ քրեական վարույթ նախաձեռնելու հանգամանքով պայմանավորված ու քննչական ակտիվ գործողություններ չձեռնարկելու հանգամանքով պայմանավորված արդեն իսկ բավականին ապացույցներ ոչնչացվել, անհետացել կամ առհասարակ թաքցվել են», - նշեց փաստաբանը:
Իրավապաշտպանը մտահոգիչ է համարում Քննչականի ներկայացրած տվյալները խոշտանգումների ահազանգերի մասին
Ուլուբաբյանի դեպքը միակը չէ: Անցած ամիս էլ խոշտանգման մասին ահազանգել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը:
«Վահան Մկրտչյանի վերաբերյալ գործը դեռևս հունվար ամսին է հատուցվել, հարցաքննվել ու ցուցմունք են տվել և՛ ինքը, և՛ քույրը, որովհետև նաև քույրն էր ահազանգել ու տեսել էր իրեն խոշտանգված վիճակում», - ասաց իրավապաշտպան Անի Չատինյանը:
Չատինյանն է զբաղվում այս գործով: Չնայած դեռ մեկ ամիս առաջ Քննչական կոմիտե են ուղարկել բռնությունից տուժած քաղաքացու մատնանշած ոստիկանների լուսանկարները, որևէ մեղադրյալ ոստիկան չկա: Այժմ սպասում են ոստիկանների հետ առերեսումներին, բայց դեռ պատասխան չունեն:
«Չնայած այն հանգամանքին, որ փաստաթղթերը ներկայացված են եղել, և՛ սալջարդ է ունեցել, և՛ ուղեղի ցնցում է ունեցել փաստաթղթերով արդեն իսկ արձանագրված, սրանք չգիտես ինչու, չեն հայտնաբերվել», - նշեց իրավապաշտպանը:
Թե՛ արցախցի երիտասարդի, թե՛ իրավապաշտպան Չատինյանին դիմած քաղաքացու դեպքում դատաբժիշկը հերքել է վնասվածքները:
«Ներկայացվել է միջնորդություն՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, արդեն փաստաթղթերի հիմքով, որպեսզի հասկանան՝ էդ ինչպիսի փորձաքննություն է իրականացվել, որ չեն հայտնաբերվել արդեն իսկ փաստաթղթավորված ու արձանագրված վնասվածքները», - ընդգծեց Անի Չատինյանը:
Իրավապաշտպանը մտահոգիչ է համարում Քննչականի ներկայացրած տվյալները խոշտանգումների ահազանգերի մասին: Իրավապահ այս կառույցից «Ազատությանը» փոխանցած վիճակագրության համաձայն՝ 2022-ից սկսած խոշտանգումների ահազանգերն ավելացել են: Եթե 2022 թվականին ստացել են խոշտանգման դեպքի մասին 210 ահազանգ, ապա 2023-ին՝ 261, 2024-ին՝ 330, իսկ միայն այս տարվա երեք ամիսներին՝ 57 ահազանգ:
«Միջազգային կազմակերպություններն ու կառույցները ևս արձանագրել են սրա մասին, որ Հայաստանում խրախուսվում են վատ վերաբերմունքի ենթարկող պաշտոնյաները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է իր որոշումներում սրա մասին գրել ու անդրադարձել, և Հայաստանը որևէ հետևություն չի անում, Հայաստանի Հանրապետությունը չի սիրում պատժել իր մեջ եղած խոշտանգողներին ու չի սիրում մաքրել համակարգն արատավոր երևույթից», - նշեց նա:
Չատինյանն ուշադրություն է հրավիրում Քննչականի կատարած քննության արդյունքներին՝ մի քանի հարյուր ահազանգերի դեպքում դատարան են ուղարկվել մի քանի գործեր: Օրինակ՝ 2024 թվականին ստացել են 330 ահազանգ, դրանցից, սակայն, որպես խոշտանգում առանձնացրել են 8-ը:
Անցած մեկ տարում Քննչականը չի բացահայտել նաև խոշտանգման այլ դեպքեր: Ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանն էր հայտարարել բռնության մասին, երբ ավտոբուսում այն ժամանակ իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպից հետո ձերբակալվել էր, մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել փողոցում դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանին դաժան ծեծի ենթարկած կարմիր բերետավորները: Այս երկու դեպքով էլ դեռ քննություն է ընթանում:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանական համակարգի խնդիրներին անդրադառնալիս՝ պարբերաբար ընդգծում է՝ բարեփոխումներ են ընթանում: