Ուժային կառույցներում խոշտանգումները բացահայտելու, քաղաքացուն ծեծող իրավապահներին պատժելու քաղաքական կամք չկա, համոզված են հայաստանյան իրավապաշտպանները:
«Կամք, և ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական, որովհետև իրավական համակարգն է այդ բռնությունների դեմ պայքարում, իրական կամք՝ վերացնելու խոշտանգումները», - ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանը:
«Հետք» պարբերականի նախաձեռնած քննարկման մասնակից, իրավապաշտպան Արաքս Մելքոնյանը մի շարք թարմ օրինակներ ունի, երբ Քննչականն արդեն մեկ տարուց ավելի է անգամ չի բացահայտում քաղաքացուն ծեծած ոստիկաններին:
Դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանին մեկ տարի առաջ օրը ցերեկով ծեծեցին կարմիր բերետավորները: Տեսանյութը կա, պատգամավորին ոտքերով, ձեռքերով հարվածող ոստիկանները երևում են, բայց նրանցից ոչ մեկը մեղադրյալ չէ, ավելին՝ շարունակում են ծառայել համակարգում: Նույնը նաև արցախցի Տիգրան Ուլուբաբյանի ու ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի դեպքում է:
«Չի կարող լինել տեսագրություն, անձ, որը կատարել է արարք, տուժող, որը մատնանշում է, և ապացուցողական գործողություն, անձի ճանաչում կամ առերեսում չիրականացվի, ավելին, հետապնդում չգնացվի, որովհետև տեսագրությունն ամենածանրակշիռ ապացույցն է: Անձինք ինչ էլ նկարագրեն, տեսագրությունով են իդենտիֆիկացվում դեպքի ամբողջ հանգամանքները: Եվ եթե դա կա, դատախազությունը որպես հետապնդող մարմին, գնում է հետապնդման», - ասաց դատախազ Սաշիկ Ավետիսյանը:
Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Սաշիկ Ավետիսյանը թեև պնդում է, որ խոշտանգումների տեսանյութերը կարևոր են հանցագործությունը բացահայտելու համար, բայց պատգամավորի պարագայում այլ խնդիր կա:
«Աշոտ Սիմոնյանը մինչ օր, անցել է տևական ժամանակ, չի ներկայանում վարույթ իրականացնող մարմին, դեպքի հանգամանքրի շուրջ չի հայտնում իր հանգամանքները, թե ինչ իրադարձություն է տեղի ունեցել, թեկուզ և առկա է դեպքի վերաբերյալ տեսանկարահանող սարքի տեսագրությունը», - նշեց Ավետիսյանը:
Պատգամավորն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, այսօր էլ վերահաստատեց՝ քանի դեռ մեղադրյալ չկա, հարցաքննության չի գնա: Իրավապահներն էլ, փաստորեն, մեղադրյալ նշանակելուց առաջ Սիմոնյանի խոսքին են սպասում: Պատգամավորը, մինչդեռ, չի հավատում, որ այս իշխանության օրոք իր գործով արդարադատություն կլինի: Տիգրան Ուլուբաբյանն ու Սամվել Վարդանյանն էլ հո հարցաքննվել են, ո՞ւր են մեղադրյալները՝ տարակուսում են իրավապաշտպանները:
Ի՞նչ է սպասվում այն գործերին, երբ չկան տեսագրություններ, հարցնում է Արաքս Մելքոնյանը: Ինչո՞ւ պետք է քաղաքացու խոսքին չհավատան, փոխարենը ճշմարիտ համարեն ոստիկանինը:
«Չկա տեսաձայնագրություն, տարել են մարդուն ծեծում են ու չկա որևէ տեսաձայնագրություն, տուժողի ասածը բավարար չէ, բայց ոստիկանի ասածը բավարար է, որ իր նկատմամբ հանրային քրեական մեղադրանք չհարուցվի», - ընդգծեց Մելքոնյանը:
Եթե պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքում դատախազը գործը բացահայտելու համար առանցքային նշանակություն է տալիս չկայացած հարցաքննությանը, ոստիկանության Լոռու մարզային բաժնում ծեծի մասին ահազանգած արցախցի Տիգրան Ուլուբաբյանը հարցաքննվել է, առերեսվել երկու ոստիկանների հետ ու խնդրել, որ թույլ տան իրեն ստորացրած ու խոշտանգած մյուս վեցին էլ մատնացույց անել, բայց մերժել են:
Խոշտանգումների դեմ պայքարի իմիտացիա է, պնդում է իրավապաշտպան Մելքոնյանը, ում հետ համաձայն չէ Քննչական կոմիտեի ներկայացուցիչը: Շիրազ Գրիգորյանի յոթ հոգանոց թիմն է զբաղվում խոշտանգումների ու պաշտոնյաների կողմից բռնության դեպքերի քննությամբ:
«Բոլոր քրեական վարույթներն իրականացնում են համակողմանի քննություն, ապացուցողական վարույթային գործողությունները կատարվում են ժամանակին», - ասաց ՔԿ խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը:
Գործերի դանդաղ քննությունը օբյեկտիվ պատճառներ ունի, ասում է Շիրազ Գրիգորյանն ու բացատրում, թե ինչու են տարեկան կտրվածքով մի քանի հարյուր ահազանգերից դատարան ուղարկվում միայն մի քանիսը:
«Շատ դեպքերում մենք ունենում ենք առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ առերևույթ հանցանքից տուժած անձանց կողմից և շատ դեպքերում չենք ունենում բավարար ապացույցներ, որի պայմաններում քննիչը կարող է հանգել, որ մեծապես հավանական է հիշյալ հանցանքի համար անձի դատապարտումը: Եվ քննիչը տևական ժամանակ փորձում է տարբեր միջոցներով ապացույցներ ձեռքբերել և ոչ միշտ է, որ հաջողվում է», - նշեց նա:
Ու մինչ իրավապահ կառույցների ներկայացուցիչները հավաստիացնում են, թե բարեփոխումներ են ընթանում, ու արդյունքները չեն ուշանա, իրավապաշտպանները հակադարձում են՝ խոշտանգումներն ավելանում են, բացահայտումները՝ ոչ: Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականին իրավապահները ստացել են խոշտանգման մասին 210 ահազանգ, 2023-ին՝ 261, 2024-ին՝ 330, իսկ միայն այս տարվա երեք ամիսներին՝ արդեն 57 ահազանգ։ Սակայն մի քանի հարյուր ահազանգերի դեպքում դատարան են ուղարկվել մի քանի գործեր։ Օրինակ՝ 2024-ին ստացած 330 ահազանգերից որպես խոշտանգում առանձնացրել են 8-ը։