Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանային այսօր Մայր Աթոռ են կանչել՝ կարգապահական հանձնախմբի նիստի։
«Հակականոնական այդ կեցվածքի համար, բնականաբար, դա էր կարգապահականում քննության ենթակա հարցը: Թալինի եկեղեցու պատարագին էլ վեհափառի անունը չհիշատակվեց, դրա մասին է խոսքը», - ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատուն հաստատում է՝ քննարկում նախատեսված է, միաժամանակ հերքում է այն, ինչ իշխանական մամուլն էր գրել, թե վեհափառը երեկ Արարատյան թեմի քահանաների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ Տեր Թադեն պիտի կարգալույծ հռչակվի։ Հերյուրանք է՝ ըստ Տեր Եսայի քահանայի։ Տեր Թադեի վարքը քննարկվում է, որոշում դեռ չկա և այսօր էլ չի լինի։
Քահանան դեռ սեպտեմբերին «այլևս չեմ կարող լռել» ճիչով միացել էր այժմ կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանային, ապա մասնակցել կարգալույծի ծեսին, ապա Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցելիս չէր հնչեցրել վեհափառի անունը, այդ պատարագին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում։
Մտադի՞ր է մասնակցել կարգապահականի նիստին՝ Տեր Թադեն հրաժարվեց որևէ մեկնաբանությունից։
Վարչապետի հռչակած՝ վեհարանի ազատագրական պայքարում Տեր Թադեն, եթե կարգալույծ արվի, կլինի երրորդ քահանան, որ կարգից զրկվում է այդ պայքարին աջակցելուց հետո։ Թալինի քահանան, ի տարբերություն Տեր Արամի, այսինքն՝ Ստեփան Ասատրյանի, կամ Տեր Տարոնի, այսինքն՝ Վարդան Հունանյանի, այս ընթացքում եկեղեցական բարքերի քննադատությամբ աչքի չի ընկել, հարցազրույցներ չի տվել։ Նախկին քահանա Տեր Տարոնի տեղեկությամբ՝ Տեր Թադեն կարգապահականի նիստին մասնակցելու միտք ուներ։
Թե Վարդան Հունանյանը, թե Ստեփան Ասատրյանը քահանայական կարգից զրկվելուց հետո շարունակում են խորան բարձրանալ։ Նախկին Տեր Տարոնը որևէ եկեղեցում հովվություն չէր անում, նրա համար հիմա հարթակ է Հովհաննավանքը, որը կարգից զրկված Ստեփան Ասատրյանի տիրապետության տակ է։ Արագածոտնի թեմի քահանաններին նա արգելում է վանք մտնել։ Անցած կիրակի այստեղ ծես էր անում կարգալույծ հռչակված Տեր Տարոնը։
Երկու քահանաներն էլ կարգալույծության որոշումը չեն ընդունում և այն հիմնավորում են բառացի Նիկոլ Փաշինյանի բառերով՝ «կարգալույծը կարգալույծ անել չի կարող»։ Վեհափառի անունն էլ պատարագի ընթացքում չհնչեցնելը բխեցնում են այդ ձևակերպումից։
«Եթե վեհափառ չունենք այսօր, ո՞նց կարելի է վեհափառի անուն տալ», - ասաց Վարդան Հունանյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հռչակած հոգևոր նորոգման շրջանակներում ամեն կիրակի պատարագների է գնում, պատարագիչ գործող, թե կարգալույծ քահանաները իրենց աղոթքների պարտադիր տեքստից չեզոքացնում են Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը։ Այդպես էր նաև Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ «Եվ ևս առավել» խոսքերից հետո պիտի հնչեր Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը։ Այստեղ սակայն կարճ լռություն է, կողքից մի ձայն՝ «Էդ մի ասա»։
Այս դեպքում պատարագում էր գործող քահանա Տեր Հովհաննեսը, ավելին՝ Խաչիկի եկեղեցում էր Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։ Նրա ներկայությամբ, գուցե նաև մասնակցությամբ է աղոթքներից կրճատվել վեհափառի անունը։
Արդյոք նրանց կարգալույծության հարցն էլ է՞ քննարկվելու, Մայր Աթոռը շատ զգույշ է արձագանքում. «Թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության, այդ թվում՝ Ս. Պատարագի արարողության։ Ինչ վերաբերում է անունների հիշատակությանը, ապա պատարագիչ քահանայի կողմից բացատրություններ ստանալուց հետո Աբրահամ սրբազանը կկատարի անհրաժեշտ տնօրինումները և կներկայացնի հարկ եղած լուսաբանումները»։
«Ազատությունն» ավելի վաղ տեղեկություն ուներ, որ Մայր Աթոռում մի խումբ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ եկեղեցու շուրջ ծավալվող այս իրադարձությունները փորձում են հանգուցալուծել վեհափառին գահից իջեցնելու գործընթացով։ Այս մասին հարցրել էինք նաև Աբրահամ Սրբազանին ու ստացել պատասխան, որ ավելի շատ հարցեր է առաջացնում։
«Ես չգիտեմ՝ այդ քննարկումը կա, թե չկա, Վայոց Ձորում չեն ասում տենց բաներ», - ասել էր նա: