Մատչելիության հղումներ

Արշակ սրբազանն իրեն վերագրվող ինտիմ տեսանյութի գործով ցուցմունք է տվել


Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանն իրեն վերագրվող ինտիմ տեսանյութի գործով ցուցմունք է տվել:

«Պաշտպանության կողմը, Արշակ սրբազանը պնդում է, որ այդ տեսագրության բովանդակությունը առնչություն չունի Արշակ Սրբազանի հետ», - ասում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Արշակ սրբազանը Քննչական կոմիտեում հերքել է, որ տարածված տեսանյութն իրական է, իր հետ կապ ունի: Նրա փաստաբան Արսեն Բաբայանն ասում է՝ սրբազանի կյանքի գաղտնիության իրավունքը չի խախտվել, քանի որ ինտիմ տեսանյութը կեղծ է: Կարծում են արհեստական բանականության միջոցո՞վ է ստեղծվել, ո՞րն է իրենց վարկածը:

«Սրանք կեղծ տեսագրություններ են, հիմա կեղծ են դրանք տեխնիկական իմաստով, թե բովանդակային իմաստով, ավելի պարզ ասեմ՝ դրանք համակարգչային ծրագրի միջոցով են կեղծել, թե դերասանների միջոցով են կեղծել, էական չէ մեծ հաշվով», - ասում է փաստաբանը։

Աղմկահարույց տեսանյութերը տարածվեցին հոկտեմբերի վերջին։ Արշակ սրբազանը նույն օրն էր արձագանքել, չէր բացառել գաղտնի նկարահանումը, բովանդակությունը հերյուրանք էր որակել: «Ամեն դեպքում գաղտնի նկարահանման էլեմենտը չի բացառվում, որովհետև, ինչ-որ պատկերներ կան, որ հնարավոր է մարդուն ինդենտիֆիկացնելու համար այդ տեսանյութերը օգտագործած լինեն։ Բայց, իհարկե, բովանդակությունն ամբողովին հերյուրանք է», - հայտարարել էր Արշակ սրբազանը։

Նրա փաստաբանը պարզաբանում է, թե գաղտնի նկարահանում ասելով՝ սրբազանն այդ տեսանյութը նկատի չուներ, այլ որ առհասարակ որևէ տեղ որևէ մեկին կարող են նկարահանել:

Փաստաբանի խոսքով.- «Արշակ սրբազանը չի բացառում, որ երբևէ իրեն կարող են նկարահանել, բայց Արշակ սրբազանը բացառում է, որ այդ տեսագրությունն իր հետ կապ ունի, ընդ որում ասեմ, ինքը չի էլ դիտել այդ տեսագրությունները, որովհետև պատշաճ էլ չի, որ դիտի, բնականաբար, որոշ բաներ լսել է։ Այն, ինչ լսել է, նման բան եթե չի եղել, հետևաբար չի էլ կարող լինել դրա գաղտնի տեսանկարահանումը»։

Ինտիմ տեսանյութի տարածումից ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը մի անանուն գրառում էր արել՝ ակնարկել հոգևորականի ու նրա քեռակնոջ ինտիմ կապի մասին: Հետո այս տեսանյութը տարածվեց նորահայտ տելեգրամյան ալիքով: Քրեական վարույթն էլ նախաձեռնել են քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա: Արշակ սրբազանին տուժող չեն ճանաչել, քանի որ նա արդեն իսկ իրեն տուժող չի համարում ու հերքում է այդ տեսանյութի իրական լինելը:

Մայր Աթոռի դիվանապետին առնչվող էլի քրեական գործեր են նախաձեռնել՝ սպանություն, առևանգում ու փողերի լվացում հոդվածներով, որ օրինակ, ինչ-որ մեկը կասկածներ է հայտնել, թե Գարեգին Առաջինին, որ մահացել է 1999 թվականին, Արշակ սրբազանն է թունավորել: Ինչի՞ հիման վրա են այսպիսի վարույթներ հարուցել: Ովքե՞ր են սպանությունների, փողերի լվացման, առևանգումների հաղորդումների հեղինակները:

«Մենք, ըստ էության, գործ ունենք երկու աղբյուրի հետ. մեկը կա՛մ պիտի այդ մարդիկ, կա՛մ այլ մարդիկ դա գրավոր եղանակով դարձնեն հաղորդում հանցագործության մասին, ուղարկեն Քննչականին, կա՛մ Քննչականը ինքը պետք է հետևի որոշակի մարդկանց ուղիղ եթերներին և դրանով վարույթներ նախաձեռնի։ Հիմա, բնականաբար, որևէ տվյալ չկա, որ Արշակ սրբազանը նման բան արած լինի, չեն կարող մեղադրանք ներկայացնեն։ Վարույթի շրջանակում կանչում են, ասում են՝ գիտեք, Դուք վկայի կարգավիճակ ունեք, բայց, քանի որ մենք տվյալ ունենք, որ Դուք հնարավոր է այսպիսի բան անեք, Դուք հարցաքննվում եք կասկածի շուրջ և հետևաբար որպես մեղադրյալ և օգտվում եք մեղադրայլի բոլոր իրավունքներից»։

Արսեն Բաբայանն ասում է՝ Արշակ սրբազանը հրաժարվել է այս հորինված պատմություններով հարուցված գործերով ցուցմունքներ տալ: Ըստ փաստաբանի՝ Մայր Աթոռի դիվանապետին առնչվող այս քրեական վարույթներն ու հետապնդումը եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի շարունակությունն են:

Վարչապետ Փաշինյանը չի ընդունում, որ ինքը եկեղեցու դեմ արշավ է սկսել, համարում է, որ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ փորձում է Մայր Աթոռը ազատել ուխտադրուժ հոգևորականներից:

«Հայաստանում հիմա ես պիտի ուրախությամբ և գոհունակությամբ արձանագրեմ, որ հոգևոր նորոգման գործընթաց է տեղի ունենում», - հայտարարել է վարչապետը։

Արշակ սրբազանը բոլոր գործերով վկայի կարգավիճակ ունի: Ովքե՞ր են սպանության, փողերի լվացման ու առևանգումների մասին կասկածներ ու հաղորդումներ ներկայացրել, կա՞ն այլ վկաներ, կասկածյալներ կամ տուժողներ: Արդյոք փորձաքննության ենթարկել են ինտիմ բնույթի տեսանյութերը: Քննչական կոմիտեի լրատվականից փոխանցեցին, թե հոգևորականներին վերաբերող քրեական գործերի մասին չեն խոսում, մեկնաբանություններ չունեն:

XS
SM
MD
LG