Մատչելիության հղումներ

Գյումրիում քարոզարշավի վերջին օրն է


Գյումրիում քարոզարշավի վերջին օրն է, իսկ նախօրեին ընդդիմադիրների շտաբներում ու տներում խուզարկություններն ու ձերբակալություններն էլ ավելի լարեցին իրավիճակը: Ձերբակալվածների թվում էին նաև «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու, ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին:

Գրիգորյանը, որ երեկ մասնակցում էր քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճին, հարց տվեց իշխող ՔՊ-ի համայնքապետի թեկնածուին. - «Մտածում էիք, որ տղայիս ու հորս ձերբակալելու արդյունքում դուք ձեզ զգալու եք որպես հպարտ գյումրեցի՞, արժանապատիվ գյումրեցի՞ ու դուք համարում եք, որ սա լա՞վ պայքար էր, ճի՞շտ պայքար էր»:

Բանավեճից հետո Մարտուն Գրիգորյանը իր տեսակետը ներկայացրեց, թե ինչու «իր քաղաքական թիմն ու հարազատները հայտնվեցին իշխանությունների թիրախում»:

«Իշխանություններն ընդդիմադիր թեկնածուներից մեկին ուռճացնում են, արհեստական տոկոսներ են տալիս այդ թեկնածուին, որպեսզի վաղը, մյուս օրը չուզենալով էդ թեկնածուին քաղաքապետ տեսնել, չգնա Մարտուն Գրիգորյանի օգտին քվեարկի: Էլի պնդում եմ՝ Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում էին քաղաքը տանեին, թույլ չենք տալու», - նշեց Գրիգորյանը:

Այսօր Կոմկուսի թեկնածու, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանելով Մարտուն Գրիգորյանին, իր հերթին նրան մեղադրեց մանևրելու մեջ, թե մինչև վերջ չի ասում՝ ում թեկնածուն է, հետո էլ առաջարկ արեց. - «Ընդդիմադիր բոլոր էդ թեկնածուները, ովքեր իրենց ընդդիմադիր են դասում, ընդդիմադիր դաշտում են տեսնում, ես ասում եմ՝ եթե ինձանից շատ որևէ մեկդ ձայն հավաքեցիք, ես միանում եմ ձեզ առանց պաշտոն ուզելու, առանց փոխքաղաքապետի, առանց ինչ-որ բաժնի պետի և իմ ավագանիները պաշտպանելու են ձեզ: Եթե ես ձեզանից շատ ձայն ունեցա, որ էդքան մաքուր եք, հլը կտեսնեմ, դուք ինձ կմիանաք, թե՝ ոչ»:

Մարտուն Գրիգորյանը պնդում է՝ ոչ թե Վարդան Ղուկասյանին է մեղադրել, այլ իշխանություններին: Ինչ վերաբերում է Ղուկասյանի՝ միավորվելու առաջարկին, ապա Գրիգորյանը հստակ պատասխան չտվեց, ասաց՝ ընդդիմադիրներով միավորվելու ձևը կգտնեն:

Նախկին քաղաքապետ Ղուկասյանը վերջին շրջանում իր համակրանքն է հայտնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քննադատում՝ երրորդին՝ Սերժ Սարգսյանին, որի առաջնորդած «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ է Մարտուն Գրիգորյանը:

Ու մինչ ընդդիմադիրները հստակություն չունեն ընտրություններից հետո միավորվել-չմիավորվելու հարցում, իշխող ուժից վստահեցնում են, թե Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա չեն կազմի:

Խորհրդարանում հարցին անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը. - «Ոչ, միանշանակ, մենք ձեր նշած անձնավորության մասին գնահատականները, կարծում եմ, շատ մանրամասն ձևակերպել ենք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացությունը պատրաստվում է հաղթել Գյումրու առաջիկա ընտրություններում»:



XS
SM
MD
LG