Մատչելիության հղումներ

Գյումրիում ձերբակալված ութ ընդդիմադիրներն ազատ են արձակվել


Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյան, արխիվ
Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյան, արխիվ

Մեկօրյա ձերբակալությունից հետո դատարանն ազատ արձակեց Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն: Որդին նաև «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու է:

Դատարանը, միաժամանակ, բավարարեց Հակակոռուպցիոնի միջնորդությունը. արգելեց երեկոյան 8-ից առավոտյան 8-ը լքել բնակարանը, նաև շփվել այս գործով անցնող մյուս անձանց հետ: Ընտրություններից երկու օր առաջ տեղի ունեցածը փաստաբան Արսեն Բաբայանը որակում է մեղադրյալների քաղաքական իրավունքների սահմանափակում:

«Իրենց պահանջները վարչական հսկողության ներքո սրանք են. ընդհանրապես չշփվի որևէ անձի հետ, ժամը 8-ից մինչև առավոտյան 9-ը, եթե չեմ սխալվում, մնա տանը: Այսինքն՝ սրանով երբ որ վարչական հսկողություն են իրականացնում և իշխանությունը ցանկանում է, որ այս անձինք չգնան, օրինակ, նախընտրական շտաբներ, չշփվեն թեկնածումների հետ, այսինքն, ի՞նչ, ընդհանրապես առնչություն չունենան այս նախընտրական գործընթացի հետ», - ասաց Բաբայանը:

Վարչական հսկողությունը մեղադրյալի տեղաշարժի և գործողությունների ազատության սահմանափակումն է: Ստացվում է, որ պապ ու թոռ Գրիգորյանները կարող են մասնակցել քվեարկությանը, բայց չեն կարող գտնվել, օրինակ, նախընտրական շտաբում, երբ այդտեղ կլինեն քրեական գործով անցնող մյուս թիմակիցները: Ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանը Երևանում էր, սպասում էր դատարանի որոշմանը:

«Եթե բոլորիս կալանավորեն, ավագանիներից բոլորին կալանավորեն, Գյումրիում ում բռնեն, կալանավորեն, արդյունքում կարող է էլ ընդդիմադիր մարդ չմնա, մի քանի հազար մարդ մնա, էնքանով ընտրվեն», - ասաց Մարտուն Գրիգորյանը:

Երեկվա ձերբակալություններից հետո իրավապահները 8 հոգու մեղադրանք են առաջադրել: Դրանք առաջադրվեցին մեծությամբ երկրորդ քաղաքում կիրակի սպասվող ընտրությունից 3 օր առաջ ընդդիմադիր «Մայր Հայաստան» ու «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական շտաբներում ու տներում խուզարկություններից հետո: Մեղադրյալներից երեքը «Մայր Հայաստանից» են: Նրանք ևս ազատության մեջ են:

Դաշինքի համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմությանը թիրախավորում են բարձր շանսեր ունենալու պատճառով. - «Ֆիքսում են, որ մարդիկ իրենց տներից դուրս են գալիս, միանում են մեզ, իմ կարծիքով, հենց էդ էլ պատճառ հանդիսացավ, որ էսպես կիսալղոզված պատկեր ստանան ու ցույց տան, թե իբր ինչ-որ բան էն չի»:

Հակակոռուպցիոն կոմիտեն ընդդիմադիրներին մեղադրում է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հոդվածներով:

«Մենք էս պահին Կամո Գրիգորյանի վերաբերյալ միայն ձերբակալման որոշում ունենք, որի մեջ որևէ փաստական տվյալ չկա: Այսինքն՝ նշված է միայն հոդված՝ ինչ է այդ հոդվածը, ու ասում են՝ խախտվել է այս հոդվածը», - ասաց փաստաբան Արսեն Բաբայանը:

Քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր՝ Կամո Գրիգորյանի փաստաբանն այսօր ասաց, որ Հակակոռուպցիոնի հայտարարած շինանյութի՝ խճաքարերի դրվագն իր պաշտպանյալի ընտանիքին են վերագրում: Ըստ Արսեն Բաբայանի, տարածված տեսանյութում Մարտուն Գրիգորյանն իսկապես խոսել է քաղաքում իրականացված աշխատանքներից, բայց ոչ թե քարոզարշավի, այլ դրանից առաջ ընկած շրջանի մասին:

«Ենթադրում ենք, որ հենց դա է, որովհետև անկախ դիտորդների հաղորդումից հետո, էն հոդվածով, որ իրենք ասել են, և էն նկարագրությամբ, հիմա ձերբակալման որոշման մեջ առանց փաստական տվյալների, բայց տեսնում ենք նույն հոդվածը, գործողությունները մոտավորապես համընկնում են», - նշեց փաստաբանը:

Ըստ Հակակոռուպցիոնի հրապարակված ձայնագրության՝ փողը, վառելափայտը, շեբինն ու նույնիսկ խոստացված տարազն են ընտրակաշառք համարել, բայց իրավապահ կառույցը չի նշում, թե կոնկրետ ում ինչ դրվագով են մեղադրում: Անկախ դիտորդն էր դիմել դատախազություն, ընդգծել, թե խճապատումը բարեգործություն է ու քրեորեն պատժելի արարք:

Մինչ իշխանությունը դատապարտում է Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարած ընտրակաշառքի ու ընտրական գործընթացը խախտելու դեպքերը, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյաննը հակադարձում է՝ ինչո՞ւ նույն հետապնդումը չեն հարուցում իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանի նկատմամբ, որի էջը ևս ասֆալտապատման, խճապատման մասին տեսանյութերով է լի:

«Բառացիորեն նույն բանն արել է իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը, բառացի էդտեղ քննարկում չկա, ուղղակի մեկ տարբերություն՝ շեբինապատել փողոցներից մի քանիսը Գյումրիի, Սարիկ Մինասյանը դա արել է համայնքային բյուջեի հաշվին, իսկ Մարտուն Գրիգորյանն արել է անձնական միջոցների հաշվին», - ասաց Մամիջանյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն, իր հերթին, նշում է, որ ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ՝ հանցավոր արարքները կատարելու վերաբերյալ և աջակցել նախաքննական մարմնին: Բայց հաղորդագրություններում անուններ չեն նշում:



XS
SM
MD
LG