Գյումրիի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր երկու քաղաքական ուժերի՝ «Մայր Հայաստան» ու «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական շտաբներում ու տներում այսօր առավոտից խուզարկություններ էին, որոնց արդյունքում արդեն կան ձերբակալվածներ: Այս գործողություններն իրականացվում են նախընտրական քարոզչության նախավերջին օրը և ընտրություններից 3 օր առաջ:
Ըստ «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածուի՝ միայն իրենց շարքերից 12 հոգու են ձերբակալել: Օրվա երկրորդ կեսին իրավապահները տնից բերման ենթարկեցին և ձերբակալեցին «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող, ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն: Պատգամավորի որդին նաև դաշինքի նախընտրական ցուցակում է ընդգրկված:
«Երեկոյան ես արդեն իրենց խոշոր հանդիպումից հետո զգուշացրել եմ, որ բոլորդ պատրաստ եղեք, սկսվելու է: Առաջին անգամը չէ, մենք գիտենք՝ երբ, որ դոզայի տակ, մեր տված որ ճնշման տակ ինչ կարող է լինել: Մեզ համար սա նորմալ է», - ասաց Մարտուն Գրիգոյանը՝ հավելելով, որ իրավապահները խուզարկություն արել են երկու շտաբում, գնացել են նաև իրենց թեկնածուների ու աջակիցների տներ:
«Հետաքրքիրն այն է, որ այս մի քաղաքի ընտրությունների համար ամբողջ երկիրը խառնել իրար ու ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ այս կարգի ճնշումներ փորձել անել, դա իրենց համար լավ բանի չի տանելու», - շեշտեց նա:
Առավոտյան նաև ձերբակալել էին «Մայր Հայաստանի» ակտիվիստներից Էմմա Գրիգորյանին: Դաշինքի համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն ասաց՝ կնոջը բերման են ենթարկել երկու անչափահաս երեխաների ներկայությամբ:
«Հարցադրումներս, թե ինչի համար եք եկել, ինչ եք ման գալիս, որևէ բացատրություն չեմ ստացել, ընթացքում իմացա, որ նաև մեր համակիրների տներն են գնացել, մասնավորապես կանանց, աղջիկների: Էմմա Գրիգորյանին են փորձել ձերբակալել իր երկու անչափահաս երեխաների աչքի առաջ՝ սթրեսի ենթարկելով այդ երեխաներին: Դատապարտում ու կոչ եմ անում արագ դադարեցնել նման վարքագիծը», - ասաց Կարեն Սիմոնյանը:
Վարույթներ ընտրակաշառքի և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ
Խուզարկություններին զուգահեռ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, թե վարույթներ է նախաձեռնել Գյումրիում ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ, նաև հեռախոսային գաղտնալսումներ հրապարակեց: Ըստ հրապարակված ձայնագրության՝ փողը, վառելափայտը, շեբինն ու նույնիսկ խոստացված տարազն են ընտրակաշառք համարվել, բայց թե որ քաղաքական ուժերին են կասկածում, անուններ չեն նշել:
Ընդդիմադիրները շատ արագ հիշեցրին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Սարիկ Մինասյանի էջը լի է ասֆալտապատման, խճապատման մասին խոստումներով, հարցնելով՝ ինչո՞ւ իրավապահները իշխանական թեկնածուին էլ չեն հիշել:
«Եթե այդպես լինի, ուրեմն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում այսօր հազարավոր ձերբակալություններ պետք է տեղի ունենան, որովհետև ամբողջ քաղաքն է խոսում իրենց շիբինային քաղաքականությունից և լամպոչկա փոխելու քաղաքականությունից», - ասաց Կարեն Սիմոնյանը:
Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավից առաջ էր տեսանյութ հրապարակել, որում նշել էր, որ Արցախ թաղամասի փողոցներն է հարթեցրել, խճապատել բնակիչների խնդրանքով: Այս հիմքով էր «Անկախ դիտորդը» դիմել դատախազություն, թե խճապատումը բարեգործություն է ու քրեորեն պատժելի արարք: Քարոզարաշավի մեկնարկից հետո Գրիգորյանը նման տեսանյութեր չի հրապարակել:
Իշխանությունը դատապարտեց ընտրակաշառքը
Ընդդիմադիրների ձերբակալությունների ու շտաբների խուզարկությունների ֆոնին իշխանականները հրատապ ասուլիս հրավիրեցին ու նախքան մեղադրանքների առաջադրումը դատապարտեցին ընտրակաշառքը:
Հիշեցնենք, որ իրենց թեկնածուի էջում էլ խճապատման ու հարթեցման բազմաթիվ տեսանյութեր կան, ու ինչպես Մարտուն Գրիգորյանի դեպքում, դրանք հրապարակվել են նախքան մարտի 15-ը՝ մինչև քարոզարշավի մեկնարկը: ՔՊ-ականներն արդարացան, թե կուսակցությունը ոչ թե քարոզարշավի շրջանակներում է խճապատում ու հարթեցում անում, այլ դա անուղղակի համայնքապետարանի գործառույթն է:
«Քաղաքապետարանի գործողությունները կարգավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով, այսինքն՝ այն հիմնական լիազորությունները, որը համայնքապետի...», - ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որն այս օրերին արձակուրդ է վերցրել ու ակտիվորեն մասնակցում է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի քարոզարշավին:
ՔՊ-ի ներկայացուցիչները նաև փորձեցին արդարացնել ճանապարհաշինության դեպարատամենտի՝ Գյումրիի Շիրակացի փողոցի հիմնանորոգման մրցույթի անցկացման հայտարարությունը այս նախընտրական ժամանակահատվածում: Համայնքապետի պաշտոնակատար ու թեկնածու Սարիկ Մինասյանն անձամբ էր կիսել այդ հայտարարությունն իր էջում, ավելին՝ տարածքային կառավարման նախարարն էլ ասել էր, թե փողոցը նորոգում են Մինասյանի դիմումից հետո, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նույն հարցով ընդդիմադիրներն էին դիմել կառավարությանը ու մնացել անպատասխան:
Ի դեպ, «Ականատես» դիտորդական առաքելությունն արդեն հայտարարել է, որ ՔՊ-ականների հրատապ ասուլիսը, երբ իրավապահ մարմինները դեռևս չեն հրապարակել որևէ տեղեկություն իրականացված գործողությունների և ենթադրյալ հանցագործությունների փաստերի վերաբերյալ, անթույլատրելի է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես իրավապահների ուղղորդում և միջամտություն։ Հակակոռուպցիոնը դեռևս չի հայտնել՝ քանի հոգու է ձերբակալել այսօրվա խուզարկություններից հետո, ու արդյոք մեղադրանք արդեն ներկայացվել է նրանց: