8 անձ, այդ թվում՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու համակիրներ են ձերբակալվել ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Կառույցը նշում է, որ նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել մարտի 30-ին կայանալիք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված երկու կուսակցությունների գրասենյակներում և մի շարք անձանց բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, այդ թվում՝ քաղաքացիների անձնագրային տվյալներ ու ձեռագիր նշումներ պարունակող ցուցակներ:
Ձերբակալվածներից 3-ը, ըստ կոմիտեի, տվել են խոստովանական ցուցմունքներ: Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ մնացած 6-ի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ սահմանափակումների կիրառմամբ, որպիսիք կապահովեն ընտրական գործընթացում և նախաքննության փուլում նրանց պատշաճ վարքագիծը:
Գյումրիի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր երկու քաղաքական ուժեր՝ «Մայր Հայաստանն» ու «Մեր քաղաքը» դաշինքն այսօր առավոտյան հայտարարեցին, որ իրենց նախընտրական շտաբներում ու տներում այսօր առավոտից խուզարկություններ էին:
Այս գործողություններն իրականացվել են նախընտրական քարոզչության նախավերջին օրը և ընտրություններից 3 օր առաջ:
Իրավապահները տնից բերման են ենթարկել և ձերբակալել «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող, ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն: Պատգամավորի որդին նաև դաշինքի նախընտրական ցուցակում է ընդգրկված:
Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, թե սա ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ ճնշումների փորձ է:
«Մայր Հայաստան» դաշինքը ևս դատապարտել է այս քայլերը՝ հայտարարելով, որ այս ամենը գնահատում են որպես քաղաքական հետապնդում:
«Մեր աշխատանքների խոչընդոտման փորձ և դատապարտում ենք փաշինյանական վարչակազմի քստմնելի վարքագիծը, որի շրջանակներում բերման են ենթարկել նույնիսկ երկու անչափահասների մորը՝ լուրջ սթրեսի ենթարկելով երեխաներին», - ասված է քաղաքական ուժի հայտարարության մեջ: