Գյումրիում քարոզարշավն, ըստ դիտորդների, սկսվել ու շարունակվում է ատելության խոսքի ակտիվ տարածմամբ: Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ է ատելության խոսքի չափաբաժինն այսքան շատ:
«Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը նկատում է՝ տեղական ընտրությունների ընտրակարգը մեծամասնականից համամասնական դարձնելու հիմնական նպատակն այն էր, որ ընտրողները ոչ թե անձերի վրա կենտրոնանան, այլ՝ քաղաքական ուժերի ծրագրերի: Բայց հիմա ճիշտ հակառակն է տեղի ունենում: Ատելության խոսքը նույնիսկ նախընտրական ծրագրերում է ներառված:
«Ցավոք սրտի, ատելության խոսքը, վիրավորանքը, անձերի թիրախավորումը, թշնամանքը շատ տարածված է Գյումրու ՏԻՄ ընտրություններում և արտահայտվում է ինչպես բանավոր խոսույթում, այնպես էլ թեկնածուների ու կուսակցությունների կողմից մշակվող ու տարածվող տարբեր նյութերում, տեսահոլովակներում, ընդհուպ մինչև նախընտրական ծրագրերում կարդում ենք այնպիսի արտահայտություններ, այնպիսի տողեր, որոնք անընդունելի են, որ տեղ գտնեին նմանատիպ փաստաթղթերում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հովեյանը՝ շարունակելով․ - «Դա թեժ քաղաքական պայքարի հետևանք է, դա նաև ընդհանուր առմամբ երկրում տիրող տրամադրությունների, քաղաքական բարեվարքության աստիճանի արտացոլանքն է»։
Դիտորդական առաքելությունն արդեն բազմաթիվ դրվագներ է առանձնացրել: Դրանցից մեկն, օրինակ, նախընտրական քարոզարշավի հենց առաջին օրը վարչապետ Փաշինյանի՝ Գյումրիում արած հայտարարությունն էր. - «Առնետների նման պադվալներից դուրս են էկել փողոցերում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու։ Եվ մենք նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային պադվալները, որտեղ իրենք սպասեն և սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը»։
ՔՊ-ականներից ոմանք կուսակցության ղեկավարի խոսքից ոգևորված շարունակել էին, թե մարտի 30-ին՝ ընտրությունների օրը «առնետներին» կուղարկեն համապատասխան վայրեր:
Ընտրապայքարի մեջ մտած 9 քաղաքական մյուս ուժերից մի քանիսը ևս ատելության խոսքի պակաս չունեն: Կոմկուսի թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ևս ընդգրկվել է այս ցանկում:
«Երկիրը ղեկավարվում է անգլո-թուրքական շների կողմից, լավ իմացեք սա, բարձրաձայնում եմ ես», - մասնավորապես հայտարարել է Ղուկասյանը։
Դիտորդական առաքելությունը նաև նախընտրական ծրագրերն է ուսումնասիրել ու գտել, որ, օրինակ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ատելության խոսքը ներառել է ծրագրում, իսկ նույն կուսակցության համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն իր հարցազրույցներից մեկում ՔՊ-ի մասին հարցին ի պատասխան ասում է թե «իրենց կողքին ադրբեջանցիներն ու թուրքերն են, գյումրեցիները էդ տվյալ երկու ազգությունների հետ կապ չունեն»։
Իսկ «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածու Մհեր Խաչատրյանը սոցցանցի իր էջում նկար է հրապարակել ու գրել՝ «Հա՞յ ես, թե՞ ՔՊ-ական»:
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ընտրությունների ընթացքը վերահսկող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. «Ազատության» հարցմանն ի պատասխան կառույցից պարզաբանել են՝ Ընտրական օրենսգրքով քարոզչություն իրականացնողն ինքն է որոշում խոսքի բովանդակությունը, և օրենքով սահմանափակում նախատեսված չէ: Միևնույն ժամանակ հավելում են՝ եթե խոսքում առկա են քրեական պատասխանատվության հանգեցնող կոչեր ու հայտարարություններ, ապա իրավապահ մարմինները պետք է զբաղվեն դրանցով:
Դատախազությունն արդեն երկու դիմում ստացել է Գյումրիի ՏԻՄ ընտրությունների հետ կապված, բայց դրանք ատելության խոսքի տարածման մասին չեն: Իսկ օրենքով տուգանքից մինչև 4 տարվա ազատազրկում է նախատեսված: