Ռուսաստանը գիշերային օդային հարված է հասցրել Կիևին:
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ մայրաքաղաքի վրա հարձակման հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: Հարվածները, նրա խոսքով, իրականացվել են բալիստիկ հրթիռներով:
Կիևի մերձակայքում բնակելի շենք է հրդեհվել, ինչի հետևանքով տարեց կին է վիրավորվել:
Ռուսական անօդաչուները հարվածել են նաև Զապորոժիե քաղաքին, մի քանի բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել, հայտնել է մարզի նահանգապետ Իվան Ֆյոդորովը:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Դնեպրից արևմուտք գտնվող արդյունաբերական քաղաքի վրա: Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Ավելի վաղ ուկրաինական կողմը հարվածել էր Ռուսաստանի Բրյանսկի մարզի հարավում գտնվող քիմիական գործարանին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները հարձակման ժամանակ օգտագործել են ֆրանս-բրիտանական Storm Shadow հրթիռները:
Ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի՝ քիմիական գործարանը ռուսական ռազմարդյունաբերական համալիրի կարևոր բաղադրիչ է:
Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի փոխանցմամբ՝ ոչ ոք չի տուժել, ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Տելեգրամում հայտնել է, որ հոկտեմբերի 21-ի օրվա երկրորդ կեսին իր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Բրյանսկի շրջանում ոչնչացրել են 57 ուկրաինական անօդաչու թռչող սարք: