Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջնագծի սառեցման անհրաժեշտության մասին՝ հրադադարի ապահովման համար։
«Թեման բազմիցս բարձրացվել է՝ տարբեր նրբերանգներով, ռուս-ամերիկյան շփումների ժամանակ, և ռուսական կողմը ամեն անգամ պատասխանել է, այդ պատասխանը լավ հայտնի է. Ռուսաստանի հետևողական դիրքորոշումը անփոփոխ է», - ասել է Պեսկովը։
Թրամփը մասնավորապես հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը պետք է սառեցնեն ներկայիս առաջնագիծը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
Նման առաջարկ էր հնչեցրել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ։
Հանդիպումից հետո մի շարք արևմտյան լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները գրեցին, որ հանդիպման ժամանակ Թրամփը փորձել է համոզել Զելենսկիին համաձայնվել Դոնեցկի մարզից ուկրաինական զորքերի դուրսբերմանը՝ հրադադարի և Զապորոժիեի, Խերսոնի մարզերի ռազմաճակատներից ռուսական բանակի մասնակի դուրսբերման դիմաց։ Զելենսկին, ըստ լրատվամիջոցների, բացառել է նման զիջման հնարավորությունը:
Մոսկվան իր հերթին պնդում է, որ Կիևը պետք է դուրս բերի իր զորքն այն տարածքներից, որոնք Ռուսաստանը փորձում է բռնակցել ։