Մատչելիության հղումներ

Թրամփ. Եթե Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները ձախողվեն, շատերը ծանր գին կվճարեն


ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին և Վլադիմիր Զելենսկի, կոլաժ
ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին և Վլադիմիր Զելենսկի, կոլաժ

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ եթե Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները ձախողվեն, ապա շատերը «ծանր գին» կվճարեն դրա համար: Դոնալդ Թրամփը, որը Վլադիմիր Զելենսկիի հետ վերջին հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, թե Ուկրաինան Եվրոպայի օգնությամբ կարող է վերադարձնել Ռուսաստանի գրաված բոլոր տարածքները, հիմա՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից մի քանի օր անց, հայտարարում է, թե չի կարծում, որ Ուկրաինան կհաղթի պատերազմում:

«Ուկրաինան դեռ կարող է հաղթել։ Չեմ կարծում, որ կհաղթեն, բայց կարող են դա անել։ Ես երբեք չեմ ասել, որ նրանք կհաղթեն։ Ես ասել եմ, որ կարող են։ Ամեն ինչ կարող է պատահել», - ասել է ԱՄՆ նախագահը:

Եվրոպական մի քանի երկրներ, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Գերմանիան, հայտարարել են, թե աջակցում են Թրամփի երեկվա հայտարարությանը, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ ներկայիս շփման գիծը պետք է լինի բանակցությունների մեկնարկային կետը։

Հայտարարությունում ասվում է. - «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժով։ Պատերազմը ձգձգելու Ռուսաստանի մարտավարությունը կրկին ցույց է տալիս, որ Ուկրաինան միակ կողմն է, որը լրջորեն հանձնառու է խաղաղությանը»:

ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը երեկ հեռախոսով քննարկել են Հունգարիայում Թրամփի և Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Ըստ Reuters-ի՝ Մարկո Ռուբիոն և Սերգեյ Լավրովը կարող են հանդիպել հոկտեմբերի 23-ին:

Սակայն, ըստ CNN-ի, հանդիպումն այս շաբաթ չի կայանա՝ Ռուբիոն և Լավրովը տարբեր ակնկալիքներ ունեն պատերազմի ավարտի վերաբերյալ: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ ասել է, որ հանդիպումը չի հետաձգվել, քանզի ամսաթվի վերաբերյալ համաձայնություն չի եղել։

Մինչ Վաշինգտոնն ու Մոսկվան փորձում են պատրաստել առաջնորդների հանդիպումը, ԵՄ արտգործնախարարը հայտարարել է, թե վստահ են, որ Թրամփն անկեղծորեն ցանկանում է դադարեցնել պատերազմը, սակայն առանց Ուկրաինայի և Եվրոպայի ցանկացած բանակցություն անարդյունք կլինի: Ըստ Կայա Կալլասի՝ ԱՄՆ-ը, Եվրոպան և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել պատերազմին: Չի ցանկանում միայն Ռուսաստանը:

«Մեր նպատակն է նաև Ռուսաստանին ստիպել, որ խաղաղություն ցանկանա։ Եվ դրա համար նաև փորձում ենք համոզել մեր դաշնակիցներին ողջ աշխարհում, որ այս հանդիպումները ոչ մի արդյունք չեն կարող տալ, եթե Ուկրաինան կամ Եվրոպան դրանց չեն մասնակցում», - ասել է Կալլասը:

Լեհաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե Թրամփի հետ հանդիպման մեկնելիս Պուտինը թռչի Լեհաստանի օդային տարածքով, որևէ երաշխիք չեն կարող տալ, որ լեհական դատարանը կառավարությանը չի կարգադրի, որ ստիպեն Պուտինի ինքնաթիռին հարկադիր վայրէջք կատարել, որպեսզի նրան ձերբակալեն՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայն:

Հունգարիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրոպային «չի հետաքրքրում», թե արդյոք Բուդապեշտի հանդիպումը կարող է հանգեցնել Ուկրաինայում խաղաղության: Պետեր Սիյարտոն պնդել է, թե դատելով եվրոպացի առաջնորդների հայտարարություններից՝ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի հանդիպումը տեղի չունենա:

«Փոխանակ ուրախանալու, որ տեղի կունենա ԱՄՆ-Ռուսաստան ևս մեկ հանդիպում, որ կարող է մեկ այլ մեծ քայլ արվել դեպի խաղաղություն, եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում են աջակցել պատերազմի շարունակմանը և երկարաձգմանը», - հայտարարել է Սիյարտոն:

Financial Times-ը գրում է, որ ԵՄ առաջնորդները մտադիր են այս շաբաթ որոշում կայացնել Ուկրաինային օգնելու նպատակով ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու վերաբերյալ: Ըստ Bloomberg-ի՝ ԱՄՆ-ը դեռ հրաժարվում է միանալ ԵՄ նախաձեռնությանը՝ խուսափելով շուկան ապակայունացնելուց: Գործակալության մյուս աղբյուրն էլ ասել է, որ Վաշինգտոնը պարզապես չի կողմնորոշվում ինչ անել այս փուլում։

Ռուսական զինուժը գիշերը հարվածել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին: Խերսոնում և Խարկովում կան վիրավորներ:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, պատասխան հարվածներ է հասցրել, շարքից հանել Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանը: Ռուսական մի քանի քաղաքների օդանավակայաններ սահմանափակումներով են աշխատել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG